HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Որքան էլ ՏՄՊՊՀ-ն պնդի՝ պատգամավորին պատկանող կրպակները արգելված գովազդ են իրականացնում

Ամիսներ առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Հետք»-ին հավաստել էր, որ «Պրեսս ստենդ» ընկերության կրպակների ապակիների ներսում ցուցադրված   ծխախոտները ոչ թե գովազդ է, այլ վաճառքի համար են ներկայացված։  «Գովազդի մասին» օրենքն արգելում է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցների ձևով։

Ընթերցողներին հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Պրես ստենդ» ընկերության կրպակների լուսամուտների ներսում տեղադրված են «Գրանդ տոբակո» ընկերության ծխախոտի տուփերը:

Աբովյան փողոցում գործող կրպակի վրա փակցված է «Ցուցադրված տուփերը դատարկ են» բովանդակությամբ գրառում: Ընկերության կողմից փակցված այս ցուցանակը փաստում է, որ տուփերը դատարկ են, դրանցում ծխախոտ չկա: Կրպակի ապակիների ներսում փակցված ծխախոտի տուփերի դատարկ լինելը հաստատեց նաև կրպակի վաճառողուհին: Երբ նրանից ճշտեցինք՝ արդյոք կարող ենք լուսամուտի ներսում տեղադրված ծխախոտներից գնել, նա պարզաբանեց, որ դրանք դատարկ են, վաճառքի են միայն կրպակի ներսում ցուցադրվածները:


Կարդացեք նաև՝

Քաղաքապետարանը պատգամավորի ընկերությանը թույլատրել է օրենքով արգելված գովազդ իրականացնել


Հիշեցնենք, որ «Քաղաքապետարանը պատգամավորի ընկերությանը թույլատրել է օրենքով արգելված գովազդ իրականացնել» հրապարակումից հետո տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել էր ուսումնասիրել ընկերության կրպակներին փակցված ծխախոտների գովազդման օրինականությունը: 

Ուսումնասիրության ավարտից հետո տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Հետք»-ին հայտնել էր, որ հանձնաժողովը «Պրես ստենդ» ընկերությունից պահանջել է ներկայացնել դիրքորոշում և տեղեկատվություն՝ իր կրպակներում ծխախոտի տուփերի ցուցադրման վերաբերյալ: Ընկերությունը հանձնաժողովին պարզաբանել է, որ տուփերը տեղադրված են բացառապես իրացման նպատակով, և որ կրպակներից իրականացվում է ինչպես 1 տուփով, այնպես էլ մեծ՝ 10 հատանոց տուփերով  (բլոկ) վաճառք, և ապրանքի տեղադրումը բացի վաճառքից, այլ նպատակ չի կարող հետապնդել: 

Հանձնաժողովը ևս «Պրես ստենդ»-ին պատկանող կրպակներում իրականացրել է դիտանցումներ, պարզել՝ ծխախոտի բոլոր տուփերի վրա փակցված են գնապիտակներ, ինչը հանձնաժողովի համար փաստարկ է, որ դրանք ցուցադրված են վաճառքի նպատակով:

Որքան էլ ընկերությունը ամիսներ առաջ շուկան հսկող մարմնին պնդել է, որ ցուցադրված ծխախոտի տուփերը վաճառքի են, ամիսներ անց արդեն անձամբ է խոստովանում, որ դրանք դատարկ են:

«Ցուցադրված տուփերը դատարկ են» բովանդակությամբ  ցուցանակի  փակցնելը նաև կարելի է պայմանավորել այն հանգամանքով, որ հաճախ կոտրում են կրպակի ապակիները և գողանում ցուցադրված ծխախոտի տուփերը՝ մտածելով, որ դրանք իրական են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter