Կիրակի, 23 սեպտեմբերի

Հրազդանում գիշերային ակումբներն արտոնյալ պայմաններում են գործում


Վերջին 25 տարիներին տնտեսական հետընթաց գրանցող Հրազդան քաղաքում երբեմնի արդյունաբերական հսկաները փոխարինվել են գիշերային ակումբներով: Բնակիչների ասելով՝ սա միակ բիզնեսն է, որ կայուն առաջընթաց ունի Հրազդանում' քաղաքում, ըստ նրանց, գործում է 16 գիշերային ակումբ: Հրազդանցիների անհանգստությունը ոչ միայն ակումբների գոյությամբ պայմանավորված բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտն է, այլեւ՝ ակումբների մեծ թիվը (խոսքը հեստապարային կամ, ինչպես անվանում են՝ ստրիպտիզ ակումբների մասին է- Ս.Պ.):

 Զարմանալի է, որ 28% աղքատության ցուցանիշ ունեցող քաղաքում, որտեղ կյանքն օր-օրի հետընթաց է գրանցում (պաշտոնական վիճակագրությամբ՝ 59 500 բնակչություն ունեցող Հրազդանում 21 200-ը գործազուրկ է), հիմնական զբաղվածությունը արտագնա աշխատանքն է, գիշերային ակումբներն այդքան պահանջված են:

Ակումբների իրական թիվ նշելը դժվար է. «Հետք»-ի ֆոտոխցիկը, բավականին դժվարությամբ, 9 գիշերային ակումբ արձանագրեց Հրազդանում: Դրանք հայտնաբերելը դժվար էր, որովհետեւ մեծ մասը քողարկված էին այլ օբյեկտների կողքին, հաշվառված չեն որեւէ ռեգիստրում, անգամ' Հրազդանի համայնքապետարանում: Ի դեպ, դրանցից երկուսը գտնվում են նույն փողոցում, որտեղ Հրազդանի համայնքապետարանը եւ Կոտայքի մարզպետարանն են:

Քանի որ ստրիպտիզ ակումբները գործում են գիշերվա ժամերին, ժամը 24:00-ից հետո աշխատելու համար նրանց թույլտվություն պետք է տրամադրի տեղական ինքնակառավարման մարմինը: Տարեսկզբից մինչ օրս Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը ժամը 24:00-ից հետո աշխատելու 14 թույլտվություն է տրամադրել: Համայնքապետի թույլտվության որոշումները վերաբերում են հանրային սննդի օբյեկտներին, բույքմեյքերական գրասենյակներին, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն ծավալողներին, գազալցակայաններին, բենզալցակայաններին: Գիշերային ակումբները համարվում են զվարճանքի օբյեկտներ, համայնքի ղեկավարը նման ոչ մի օբյեկտի գիշերային ժամերին գործելու թույլտվություն չի տրամադրել:

Հրազդան համայնքի ավագանին 2018թ. տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը հաստատելիս տարեկան 100 000 դրամ տուրք է սահմանել «համայնքի վարչական տարածքում առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին եւ բաղնիքներին (սաունաներին)' ժամը 24-00-ից հետո աշխատելու թույլտվության համար:

Հետեւաբար, կարող ենք ասել, որ բոլոր գիշերային ակումբները Հրազդանում գործում են արտոնյալ վիճակում, համայնքի ղեկավարը նրանցից չի գանձում ոչ միայն գիշերային ժամերին աշխատելու համար նախատեսված 100 000 դրամը, այլեւ՝ արտաքին գովազդ տեղադրելու տուրքը: Ինչպես տեսնում եք լուսանկարներում, զվարճանքի օբյեկտները նաեւ արտաքին գովազդ ունեն, որի համար ավագանին յուրաքանչյուր ամիս, արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1 քմ-ի տեղական տուրքը սահմանել է 1500 դրամ:

«Գովազդի մասին» ՀՀ օրենք. «Արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների եւ այլ տեխնիկական միջոցների ձեւով»:

Ի դեպ, մեր հրապարակումից հետո միայն, 27 մարտի 2018թ.-ին, Հրազդանի համայնքապետ Արամ Դանիելյանը իր գազալցակայանին' «Դանիել-Ա» ՍՊԸ-ին, ժամը 24 00-ից հետո աշխատելու թույլտվություն տրամադրեց: Մինչ այդ, այն նույնպես տարիներ շարունակ համայնքային բյուջե չի վճարել 100 000 դրամ տուրքը:

Բնակելի շենքերի եւ նրանց հարակից տարածքներում գիշերային ակումբների գործելու դեմ բողոքում են բոլորը: Այդ պատճառով այս թեման 2016թ. քննարկվեց վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունում եւ որոշվեց օրենսդրական փոփոխություններ պատրաստել: Տնտեսական զարգացման եւ ներդրումների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություններին, քաղաքաշինության կոմիտեին հանձնարարական տրվեց համագործակցել համայնքների ղեկավարների հետ ու լուծել բնակիչների բողոքը գիշերային ակումբների գործունեության վերաբերյալ։ Հրազդանցիների ասելով՝ Հրազդանում նույնպես որոշ գիշերային ակումբներ գործում էին բնակելի շենքերում, հետո տեղափոխվեցին:

Կառավարությունը գիշերային ակումբների գործունեությունը կարգավորող օրենսդրական փաթեթ է պատրաստել՝ փոփոխություններ կատարելով մի շարք օրենքներում, որը 22.12.2017թ. ուղարկվել է Ազգային ժողով, սակայն նախագիծը դեռեւս չի ընդգրկվել ԱԺ օրակարգում: 29.01.2018թ. արձանագրության համաձայն՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել է:

Նախագծով սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ են համարվել' կարաոկեն, դիսկոտեկը, հեստապարային ակումբը, բաղնիքը, շոգեբաղնիքը, սաունան: Կառավարությունը օրենսդրական փոփոխությունից ակնկալում է հետեւյալ արդյունքը։

Նախագծով արգելված է սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի եւ (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաեւ  կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:

Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, սաունա եւ շոգեբաղնիք) գործունեության թույլտվությունը տրամադրելու է համայնքի ղեկավարը:

Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու է համայնքի ավագանին:

Կառավարությունն ակնկալում է նաեւ, որ նախագծերի ընդունումը դրական կանդրադառնա համայնքների բյուջեների եկամուտների վրա, քանի որ այսուհետ համայնքներին կվերպահվի ոչ միայն գիշերային ժամերին, այլեւ ընդհանրապես սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործելու թույլտվությունը: Եթե, իհարկե, համայնքներում չշարունակեն թաքցնել նրանց գոյությունը, ինչպես արվում է Հրազդանում:

լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։