HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Խուսափեք սթրեսից` մի՛ դիտեք ԱԼՄ կամ Անհատի նոր պաշտամունք

Հայկական հեռուստաալիքների գորշ եւ միապաղաղ ֆոնի վրա, երբ բոլորը ցուցադրում են միեւնույն կուշտ դեմքերն ու խոսում միեւնույն իրադարձությունների մասին, ԱԼՄ-ն երբեմն իրոք «այլընտրանք»է թվում, աննախադեպ «այլընտրանք»: Պարզապես ԱԼՄ դիտելու համար ամուր նյարդեր են պետք...Եթե, իհարկե, սիրահարված չես Տիգրան Կարապետիչին ու ամեն երեկո հեռուստաէկրանի առաջ չես սպասում նրա կրակոտ պարին կամ կրակոտ զրույցներին: Թեեւ, դժվար է ասել, որ Տիգրան Կարապետիչը զրուցում է:
Ավելի շուտ, եթերում նա կռվում է: Նշանակություն չունի ով է զրուցակիցը' Տիգրան Կարապետիչը միշտ հյուրին հակադրվելու բան է գտնում' սեփական «առավելությունը» ցուցադրելու մղումով: Բանավեճ ծավալելու նրա փորձերը միշտ ձախողվում են, որովհետեւ ինքն էլ չի զգում թե ինչպես, մեկեն հարձակվում է հյուրի վրա' նրան անակնկալի բերելով: Եթե հյուրը մի քիչ համառ է եւ փորձում է սեփական տեսակետը պնդել, Կարապետիչը սկսում է գոռալ: Ճիշտ այդպես եղավ հոկտեմբերի 30-ին «Հարցի արժեքը» հաղորդման ժամանակ, որի հյուրը Արշակ Սադոյանն էր: Կոփված եւ բանավեճի հարուստ փորձ ունեցող գործիչը Կարապետիչի առաջ տեղի էր տվել, զարմանքից կարկամել: 15 րոպե շարունակ Տ. Կարապետիչը ստիպում էր Սադոյանին ասել, թե ինչու Արտաշես Գեղամյանը չի մասնակցել ՀԺԿ համագումարին: Իսկ երբ իմացավ, որ Սադոյանը դրանով չի էլ հետաքրքրվել, զայրույթից պայթեց: էլ չէր էլ լսում Սադոյանի հիմնավորումները, գոռում էր, հա գոռում: Սադոյանն էլ էր գոռում, հեուստատաղավարում աղմուկ-աղաղակ էր: Մեզ մի պահ թվաց, թե Սադոյանը ինֆարկտ կստանա, բայց չէ, դիմացավ:

«Հարցի արժեքը» հաղորդումը ցլամարտ է հիշեցնում, որի ելքը, ի տարբերություն իսպանական ցլամարտերի, միշտ նույնն է. հաղթում է Տիգրան Կարապետյանը: Ամեն անգամ Կարապետյանի հյուրերին նայելիս մտածում եմ' ինչու են այս մարդիկ ընդունում նրա հրավերը, երբ հաղորդման ընթացքում այդպես էլ չեն կարողանում խոսել, հերթ չի հասնում: Բայց սա' լավագույն դեպքում: Շատ հաճախ Կարապետիչը վիրավորում է նրանց, ամեն ինչ անում ցույց տալու համար, թե նրանք հասարակության համար ոչ մի պիտանի, արժեքավոր բան չեն արել, ի տարբերություն իրեն, որ արդեն 34.000 երեխա է եթերում երգացրել:

Եվ իրեն կամ իր կուսացությունը գովազդելու հույսով ԱԼՄ եկած գործիչը հեռանում է հեղինակազրկված: Որովհետեւ ԱԼՄ-ի հեռուստադիտողները միայն մի ճշմարտություն գիտեն, մեկ Աստված' Տիգրան Կարապետիչ: Հայաստանի մարզերում Կարապետիչի անունով շատերն են երդվում: Անհատի նոր պաշտամունք է ձեւավորվում: Բայց դրա համար մարդկանց չես կարող մեղադրել: Այս ծանր ու դժվար օրերին նրանց միայն ԱԼՄ-ն է հիշում, ու մարդիկ երախտապարտ են լինում: Մյուս հեռուստաընկերությունները այս կամ այն մարզի անունը հիշատակում են, եթե վարչապետը կամ Նախագահն է այցելում: Իսկ նրանք այցելում են ընտրությունից ընտրություն:

Քաղաքական գործիչները, հավանաբար, նշանակություն չեն տալիս ԱԼՄ-ի այս գրոհին դեպի Հայաստանի մարզեր: Դա նշանակում է, որ նրանք չգիտեն, թե ինչ է հեռուստատեսության ուժը: Կարապետյանի բոլոր հաղորդումները իրականում «նախընտրական քարոզչություն են», եւ նա արդեն ձեւավորված ընտրազանգված ունի: Նոյեմբերի 14-ին «Նոր ձայներ» հաղորդաշարի ժամանակ Աշտարակից եկած մի պատմաբան «միամտաբար» իշխանություններին կոչ էր անում այդ «անմեղ» հաղորդմանը քաղաքական աստառ չտալ, որովհետեւ «Տիգրան Կարապետյանը պարզապես օգնում է բացահայտել մեր շնորհալի երեխաներին»: Բայց նրանք, ովքեր մտադիր են մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, լավ կլիներ սթափվեին: Որովհետեւ չի բացառվում, որ 2007-ին խորհրդարանական մեծամասնություն դառնա Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter