HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Բոլոր փաստաթղթերը՝ նոր կենսաչափական անձնագրում

2019 թվականից Հայաստանում կներդրվեն նոր որակի կենսաչափական անձնագրեր, որոնց էլեկտրոնային կրիչները՝ չիպերը, իրենց մեջ կպահեն տվյալների մի քանի շտեմարաններ: Հայաստանի կառավարությունը մշակել է տեխնիկական առաջադրանք, որով պետք է առաջնորդվի առաջիկա մեկ ամսում կայանալիք մրցույթի հաղթող ընկերությունը: Այս մասին «Հետք»-ին հայտնեց Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Հիշեցնենք, որ նոր որակի կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր Հայաստանի պատվերով պետք է արտադրվեին դեռ 2016 թվականին, այնուհետեւ այդ ժամկետը հետաձգվեց մինչեւ 2017 թվական, եւ այդ մասին խոսվում էր պաշտոնական մակարդակում:

2016 թվականի ամռանը Հայաստանում սպառվել էր կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի խմբաքանակը: Արտադրողը լեհական «PWPW S.A.»-ն էր, որը շահել էր Հայաստանին կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտ մատակարարելու մրցույթը: Լեհերը հույս ունեին, որ համագործակցությունը կշարունակվի, եւ պաշտոնական կայքէջում հաղորդագրություն էին տարածել այն մասին, որ պատվիրակներ կժամանեն Հայաստան համագործակցությունը շարունակելու նպատակով: Մինչ այդ «PWPW S.A.»-ն արդեն կատարել էր պայմանագրով նախատեսված 300 հազար հատ անձնագրի մատակարարումը: Սակայն հայկական կողմը պայմանագիրը չերկարաձգեց: Պատճառը, ըստ ոստիկանության պարզաբանման, գործող անձնագրերի որակից ավելի բարձր որակի անձնագրեր ունենալու ցանկությունն էր: Ու քանի որ նոր տեխնիկական պայմանները չէին համապատասխանում 2011թ. հայտարարված մրցույթի արդյունքում լեհական ընկերության հետ կնքած պայմանագրի դրույթներին, Հայաստանում հայտարարվեց նոր մրցույթի անհրաժեշտության մասին:

PWPW-ն վեցի մեջ է

«Հետք»-ը ԱՎՎ պետ Մնացական Բիչախչյանից տեղեկացավ, որ նախաորակավորման փուլում հայտ է ներկայացրել 11 կազմակերպություն։ Այդ ցանկում հայկական որեւէ ընկերություն չկա, Հայաստանում նման ծառայություն մատուցող ընկերություն գոյություն չունի:

Մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 11 ընկերություններից 6-ը, որոնց թվում նաեւ՝ լեհական  «PWPW S.A.»-ն: Մյուս հինգ ընկերություններն են՝ «Veridos GmbH» (Գերմանիա), «Muehlbauer Services GmbH» (Գերմանիա), «Gemalto SA» եւ «Gemalto OY» ընկերությունների կոնսորցիում (Ֆրանսիա եւ Ֆինլանդիա), «Cetis OJSC» (Սլովենիա) եւ «Idemia» (Oberthur Technologies SA) (Ֆրանսիա):

Ի դեպ, նախաորակավորման փուլի մասնակիցների թվում են եղել ընկերություններ նաեւ Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ավստրիայից:

Այժմ փաստաթղթերի պատրաստման ավարտական փուլն է։ Նախաորակավորում անցած 6 ընկերությունների միջեւ մրցույթը տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Հաղթող ընկերությունը ոչ միայն անձնագրերն է տպագրելու, այլեւ պետք է իրականացնի ծրագրային ապահովում։

Մնացական Բիչախչյանն ասաց, որ տեխնիկական առաջադրանքում նախատեսված են նորամուծություններ։ Նախ՝ կենսաչափական անձնագրի լուսանկարով էջը պետք է լինի պոլիկարբոնատ, ինչը որեւէ ներգործության արդյունքում չի պատռվում, չի վնասվում։

«Ուսումնասիրել ենք միջազգային փորձը։ Փաստաթղթերի պաշտպանվածության մակարդակը տարեցտարի փոփոխություններ է կրում։ Տեխառաջադրանքների մեջ ներառել ենք բոլոր պարամետրերը։ ՄԱԿ-ի գրասենյակը մեզ տրամադրել է միջազգային փորձագետ, ով խորհրդատվություն է իրականացրել։ Նույնականացման քարտերի չիպերը կունենան մի քանի պահոցներ, որպեսզի հետագայում, էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը զուգահեռ, յուրաքանչյուր պահոցում տվյալների մի որեւէ շտեմարան ընդգրկվի։ Մասնավորապես, մի շերտում կարող են լինել վարորդական իրավունքի տվյալները, կամ աշխատանքային, կամ առողջական պատմությունը եւ այլն։ Բոլոր փաստաթղթերը կլինեն մեկում»,- ասաց ԱՎՎ պետը։

Նախատեսվում է, որ առաջիկայում բոլոր անձնագրային բաժինները կունենան սքաներներ, փաստաթղթերը կսքանավորվեն եւ կպահպանվեն բազայում։ Օրինակ, այլեւս զինապարտներից չեն պահանջի ներկայացնել զինգրքույկ կամ դրա պատճենը: Նաեւ հնարավոր կլինի ցանկացած քաղաքում դիմել անձնագրային բաժին եւ կորստյան կամ փոխարինման հիմքով ստանալ զինգրքույկ կամ այլ փաստաթուղթ՝ անգամ եթե գրանցված ես մեկ այլ մարզում կամ քաղաքում: Անձնագրային բաժնում հնարավորություն կունենան ներբեռնել փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը, տվյալները վերցնել եւ չծանրաբեռնել քաղաքացուն։

Կրոնական կազմակերպությունները չեն անտեսվի

2017 թվականին փոփոխություն էր կատարվել «Քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում, եւ հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2019թ. հունվար: Սրանով վերացվեց արտասահմանյան ուղեւորություններից առաջ 25 հազար դրամ պետտուրք վճարելու եւ կենսաչափական անձնագիր ստանալու պարտադիր պայմանը, որը պետք է գործեր 2014 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխությունն արվել էր մի շարք պատճառներով, որոնցից ամենաէականը, թերեւս, կրոնական կազմակերպությունների պահանջն էր կամ ավելի ճիշտ՝ հրաժարումը կենսաչափական անձնագրից` ելնելով դավանաբանական հարցերից:

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննել էր «Նույնականացման քարտերի մասին» օրենքի եւ «Բնակչության ռեգիստրի մասին» օրենքի որոշ հոդվածների անհամապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը: Կրոնական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ դատարաններում հրաժարվել էին կենսաչափական անձնագիր կան նույնականացման քարտ ստանալ, իսկ օրենքը նման դեպքերի համար ոչինչ չի սահմանում:

Հարցը հետաձգվեց մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը: Ընդամենը ինն ամսից կառավարությունը նորից կանգնելու է նույն խնդրի առաջ: Մնացական Բիչախչյանն ասաց, որ քննարկվում են մի քանի տարբերակներ՝ նաեւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների շահերը հաշվի առնելով:

Մեկնաբանություններ (1)

Մհեր
Կասե՞ք, թե հիմա հին ոճի անձնագիր տրվումա, թե ոչ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter