HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գևորգ Գորգիսյանն առաջարկում է օրենքով ամրագրել, որ նպաստառուի հաշվառման հասցեն պարտադիր չլինի

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։ Պատգամավորն առաջարկում է փոփոխություններ կատարել նախագծում, որպեսզի քաղաքացիները «տեխնիկական խնդիրների պատճառով նպաստի իրավունքից չզրկվեն։

«Ցանկացած նպաստ ստանալու համար պետք է քաղաքացու հաշվառման հասցեն լինի. առաջարկում ենք դա հանել, քանի որ կարող են լինել քաղաքացիներ, որոնք չունեն հաշվառման հասցե։ Եթե քաղաքացին ունի նպաստ ստանալու իրավունք, այս տեխնիկական հանգամանքից ելնելով՝ չզրկենք այդ իրավունքից։

Հաջորդ դրույթը վերաբերվում է մայրության նպաստին. Կառավարության որոշմամբ սահմանվում է, որ նպաստ ստանալու համար պետք է հիմք հանդիսանան պոլիկլինիկայից ստացված փաստաթղթերը, սակայն եթե քաղաքացին չի անցել այդ բուժզննումը կամ գտնվել է երկրից դուրս, զրկվում է մայրության նպաստից։ Մեզ համար կարևոր է երեխայի ծնունդը, ոչ թե բժշկի թուղթը»,- ասաց Գորգիսյանը՝ նկատելով, որ երեխայի ծնունդն արդեն իսկ բավարար հանգամանք պետք է լինի, որպեսզի երեխայի մայրը մայրության նպաստ ստանա։

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն արձագանքեց՝ պետության խնդիրը ոչ միայն երեխայի ծնունդն է, այլև առողջ երեխայի ծնունդը։ Գորգիսյանը հակադարձեց՝ բժշկի գնալու հանգամանքով չի կարելի պայմանավորել մայրության նպաստի տրամադրումը:

«Առողջապահության նախարարությունն իր ողջ կառուցվածքով պետք է նպաստի, որ քաղաքացին գնա ու ստանա անհրաժեշտ բուժօգնությունը, որ այդ ամենը լինի մատչելի, բայց սոցիալական տեսանկյունից չենք կարող դրանով պայմանավորել նպաստի տրամադրումը կամ ոչ»,- ասաց նա։

Պատգամավորի մյուս առաջարկը վերաբերում էր խնամքի նպաստին: Գորգիսյանի խոսքով՝ քաղաքացին խնամքի նպաստից զրկվում է, եթե վեց ամսով բացակայում է Հայաստանից։ Պատգամավորն առաջարկեց ուժը կորցրած ճանաչել այդ դրույթը։ Գևորգ Գորգիսյանի համոզմամբ՝ այն խտրական մոտեցում է քաղաքացու՝ ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ։

Նախագծի հարակից զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձավ նպաստառուների՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պարտադիր պահանջին: «ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հաշվառված լինի, ընդ որում՝ ոչ միայն քաղաքացի. անձ, որը բնակվում է Հայաստանում, դա նաև իրավունքների իրացման երաշխիք է, քանի որ քաղաքացին ունի պարտականություն՝ հայտարարելու բնակության բայրը, քանի որ եթե անձը բնակության վայր չունի, ծանուցումը պատշաճ հնարավոր չէ։ Իրավունքները և պարտականությունները պետք է հավասարակշռված լինեն»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է որոշ ժամանակով Հայաստանից հեռանալու հետևանքով նպաստի իրավունքից զրկվելուն, Արտեմ Ասատրյանն ասաց, որ նպաստն ապահովում է տվյալ պահին, տվյալ ժամանակահատվածում տվյալ երկրում ապրող քաղաքացու իրավունքի իրացումը, և «միայն Հայաստանում չէ, որ այդպես է»։

«Հիմա դուք, որ բերում եք օրինակը, որ քաղաքացին ծննդաբերել է այլ երկրում, որից հետո եկել է Հայաստան, այդ դեպքում այս ծրագիրն այլևս չկա, բայց կա երեխայի ծննդյան միանվագ նպաստ։ Բացի այդ, մենք դեռ 1992-93 թվականներին ԱՊՀ երկրների հետ համաձայնագիր ենք կնքել, ըստ որի՝ փոխադարձաբար ճշտում ենք, թե քաղաքացիները, անկախ նրանից՝ որ երկրի քաղաքացի են, նպաստ ստացե՞լ են, թե ոչ, որովհետև համաձայնագիրը նշում է, որ պետք է մեկ վայրից ստանա այդ նպաստը»,- ասաց նախարարը։

Հանձնաժողովը որոշեց նախագծի քննարկումը հետաձգել երկու ամսով՝ համատեղ աշխատելու և վերջնական եզրակացության հանգելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter