HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ուրալյան ավիաուղիները» չվերթներ է չեղարկել. ուղեւորները դժգոհ են

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում բազավորվող «Ուրալյան ավիաուղիներ» ("Уральские авиалинии") ընկերությունն այս պահին միակն է, որ իրականացնում է Կրասնոդար-Երեւան-Կրասնոդար եւ Դոնի Ռոստով-Երեւան-Դոնի Ռոստով չվերթներ: Այլ կերպ ասած՝ այս օդային գծերի մոնոպոլիստն է: Բացի նշված քաղաքներից՝ ավիաընկերությունը Երեւանը կապում է նաեւ Սանկտ Պետերբուրգի, Սոչիի, Սամարայի, Եկատերինբուրգի հետ: Ավելին՝ միայն Սոչիի ուղղության վրա «Ուրալյան ավիաուղիները» մրցակից ունի:  

Կրասնոդարի թռիչքներն իրականացվում են ամեն օր, իսկ Ռոստովինը՝ շաբաթական 5 օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի): Ընդ որում՝ մինչեւ մարտի վերջ Ռոստովի չվերթները շաբաթական 3 անգամ էին՝ չորեքշաբթի, շաբաթ ու կիրակի օրերին: Ապրիլի 2-ին «Ուրալյան ավիաուղիներն» իր 5 չվերթներից չի կատարել 2-ը՝ Կրասնոդարից ու Ռոստովից: Բնականաբար, քանի որ օդանավերը չեն ժամանել, չեն իրականացվել նաեւ Երեւանից հետադարձ թռիչքները:

«Հետքի» ընթերցողներից մեկը, ով ցանկացել է գաղտնի մնալ, հայտնել է, որ չվերթների չեղարկումը մեծ դժգոհություն է առաջացրել ուղեւորների շրջանում, ում փաստի առաջ են կանգնեցրել: Մասնավորապես, Երեւան-Ռոստով թռիչքի ուղեւորներին ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ կարող են մեկնել ամսի 4-ի՝ այսօրվա չվերթով: Առաջ անցնելով՝ նշենք, որ օդանավը քիչ առաջ արդեն մեկնել է Երեւանից: Այդուհանդերձ, ըստ մեր աղբյուրի, ռուսական փոխադրողը որեւէ կերպ չի փոխհատուցել իր ուղեւորների կրած վնասները: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ մեկնել պատրաստվողների մեջ եղել է նաեւ երեխաների հետ Գյումրուց ժամանած մի կին, ով ասել է, որ 15.000 դրամ է ծախսել Երեւան հասնելու համար, սակայն չվերթի չեղարկման պատճառով երկու օր այստեղ մնալու տեղ չունի, ինչին ի պատասխան ավիաընկերությունից նրան ասել են, թե ինչ ուզում ես արա:   

«Հետքի» հետ զրույցում «Ուրալյան ավիաուղիների» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիպարիտ Հովհաննիսյանը հայտնեց, թե լիազորված չէ պատասխանել մեր հարցերին, մասնավորապես՝ ինչու՞ չեն կայացել չվերթները, ինչու՞ փոխհատուցում չի տրվել վնաս կրած քաղաքացիներին: Նա հորդորեց այդ հարցերն ուղղել անմիջապես ռուսական մայր ընկերությանը: Վեջինիս պաշտոնական կայքում որեւէ տեղեկություն չկա չեղարկումների ու պատճառների մասին:

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ երեկ երեկոյան իրենք նույնպես բողոք են ստացել քաղաքացուց Ռոստովի չվերթի չեղարկման վերաբերյալ: ՔԱԳՎ-ի գործառույթն, ըստ խոնակի, նման դեպքերում այն է, որ բողոք ստանալու պարագայում համապատասխան հարցում են ուղարկում ավիաընկերության ներկայացուցչությանը, որը 15-օրյա ժամկետում պիտի պատասխանի: Պատասխաններն այդուհետ ուղարկվում են քաղաքացուն: Այսքանը, իսկ թե ինչ կանի քաղաքացին, նրա որոշելիքն է: Տվյալ պարագայում, կարելի է ասել, միակ միջոցը դատարան դիմելն է, քանի որ յուրաքանչյուր ավիաընկերություն ունի իր քաղաքականությունը, փոխհատուցման կարգն ու պայմանները: Այսինքն՝ խնդիրը պիտի հարթվի քաղաքացիաիրավական հարթությունում:           

«Հետքը» թեմային կրկին կանդրադառնա «Ուրալյան ավիաուղիներից» մեր հարցերի պատասխանները ստանալուց հետո, իսկ մինչ այդ մնում է արձանագրել, որ մեծ հաշվով նման իրավիճակներից խուսափելու լավագույն տարբերակը մրցակցություն ստեղծելն է առաջին հերթին հայկական փոխադրողների կողմից (հայկական ընկերությունների կարողությունները հաշվի առնելով՝ սա առայժմ զուտ բարի ցանկություն է), որի պարագայում ոչ միայն այս, այլեւ մյուս ռուսական օպերատորները սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով չվերթներ չեղարկելուց առաջ ու հետո ծանրութեթեւ կանեն իրենց գրպանին հասցված ֆինանսական վնասները: Մյուս կողմից՝ նման վարքագծի դեմ ակտիվ քայլեր պիտի ձեռնարկեն հենց տուժած ուղեւորները՝ համապատասխան կարգով պահանջելով իրենց հասանելիք փոխհատուցումը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter