HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Օրինականության ծառատունկ», շնորհակալական խոսքեր ԼՀ-ի վանաձորյան անդամներին․ «Իմ քայլը» շարժվեց դեպի Դիլիջան

«Իմ քայլը» շարժման անդամներն այսօր Վանաձորից  քայլում են դեպի Դիլիջան։ Շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն հայտնեց վանաձորյան համակիրներին աջակցության համար։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր քայլարշավի հինգերորդ օրն է, մենք գտնվում ենք Վանաձորում, ի տարբերություն երեկվա՝ այսօր Վանաձորում գեղատեսիլ, գարնանային եղանակ է, մենք էլ հրաշալի տրամադրություն ունենք։ Երեկվա ծանր քայլարշավից հետո ջերմ ընդունելություն ստացանք Վանաձորում»,- ասաց Փաշինյանը։

Շարժման անդամները ծառատունկ իրականացրին հանրապետության երրորդ քաղաքում։

«Այսօր օրինականության ծառատունկ ենք իրականացնելու, և շատ խորհդանշական է, որ դա անում ենք Վանաձորում։ Առաջին տպավորություններս Վանաձորից շատ ծանր են՝ ամենուրեք աղբի ենք հանդիպում․ դա պատահական չէ մի քաղաքում, ուր ավագանին մի տարուց ավելի ապօրինաբար է գործել, ուստի այսօր տնկում ենք օրինականության ծառը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են իրենց, ինչի համար շնորհակալություն հայտնեց։

«Երեկ երեկոյան մեզ են այցելել «Լուսավոր Հայաստան»-ի մի քանի անդամներ, ինչը մեզ համար շատ հաճելի էր, շնորհակալ ենք նրանց՝ իրենց զորակցության համար»,- ասաց նա։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն ասաց՝ երկրում լուրջ բարեփոխումներ կարող են լինել, եթե քաղաքացիներն ակտիվ լինեն։

«Նույնիսկ համակարգչի դիմաց լինելով՝ կարող եք օգնել՝ տարածելով լուրը ապրիլի 13-ի հանրահավաքի մասին, մեզ այդ կերպ մեծ աջակցություն ցույց կտաք»,- ասաց Հարությունյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում թռուցիկներ կլինեն նաև ՔՊ-ի ֆեյսբուքյան էջում և ցանկացողները կարող են միանալ դրանք տարածելու աշխատանքին։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ իրենց ոգին ու տրամադրությունը բարձր է, և իրենք քայլերթով գալիս են Ազատության հրապարակ՝ կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետությունը։

Վանաձորյան քայլերթին միացել էր նաև Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր մի քաղաքացու մասին, որին առաջին անգամ էր տեսնում, սակայն վերջինս հոգացել էր խմբի բոլոր կարիքները։

Եղանակային վատ պայմանների՝ մասնավորապես ձյան պատճառով, խումբը գիշերը ապաստանել էր կիսակառույց շինությունում։

«Հույս ունենք տարածքի սեփականատերը ներողամիտ կգտնվի մեր «ներխուժման» նկատմամբ, հույս ունենք, որևէ ՀՀԿ-ականի տարածք չէ, էստեղ կասկածներ են հնչում, որ սա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանինը լինի, խայտառակ իրավիճակում կհայտնվենք՝ մեզ կմեղադրեն ՀՀԿ-ակաների հետ գաղտնի կապեր ունենալու մեջ»,- ժպտալով ասաց Փաշինյանը։

Խումբը, դուրս գալով Վանաձորից, քայլում է դեպի Դիլիջան։

Եվ չնայած «Ելք» դաշինքի երկու կուսակցությունների՝ ՔՊ-ի և ԼՀ-ի ղեկավարները տարբեր կերպ են պատկերացնում պայքարի իրենց տարբերակը, ու միմյանց հասցեին քննադատություններ են հնչեցրել, սակայն ԼՀ-ի Վանաձորի գրասենյակի անդամները նախօրեին այցելել են «Իմ քայլը» շարժման անդամներին, ինչի համար Փաշինյանը շնորհակալություն է հայտնել։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ապրիլի 3-ին «Առավոտ» օրաթերթում ծավալուն հոդվածով է հանդես եկել, որտեղ ներկայացրել է փաստարկներ, թե ինչու չի ընդունում Փաշինյանի պայքարի մեթոդը։ Պատգամավորը կարծում է, որ պայքարը պետք է իրավական հարթության մեջ տանել և չգնալ «նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով, չտրվել կարճաժամկետ փառքի և արկածախնդրության», պատգամավորի կարծիքով` պետք է ստանձնել իշխանությունների լիազորությունները սահմանափակելու գործառույթ։

Փաշինյանն էլ իր հերթին հակադարձել է՝ այն ճանապարհը, որ գծագրված է Մարուքյանի հոդվածում, տրորված է ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից։

«ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացուցիչ ունենք՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, սակայն ՀՀԿ-ն էնպիսի փոփոխություններ է սղցնում, որ չենք էլ հասցնում հետևել, թե գիշերներն ինչ են փոխում և ինչպես»,- ասել է Փաշինյանը՝ լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ քայլերթը սկսվել է  Գյումրիի Վարդանանց փողոցից մարտի 31-ին: Ապրիլի 13-ին՝ 18:30-ին, շարժման անդամները կլինեն Ազատության հրապարակում։

Փաշինյանը լուսանկար է տեղադրել նաև Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ։

«Իմ քայլը» շարժման նախորդ օրվա երթի մասին՝ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter