Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Բնակարանային հիպոթեք զինծառայողներին, կանխավճարը՝ պետությունից. ՊՆ-ի նախագիծը



Պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Մատչելի բնակարան զինծառայողներին» օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ սպայական կազմի զինծառայողները կարող են բնակարան կամ  բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեքային վարկ վերցնել, իսկ կանխավճարը տրամադրելու է պետությունը:

Նախաձեռնությունը հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում: Ըստ նախագծի՝ զինծառայողները կարող են բնակարաններ կամ բնակելի տներ ձեռք բերել կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել 20 տարի ժամկետով հիպոտեքային արտոնյալ վարկավորման ծրագրից: Նշվում է, որ տարեկան առավելագույն  տոկոսադրույքը լինելու է 9%, ինչպես նաև  պետության կողմից տրամադրվելու է բնակարանի արժեքի 10% կանխավճար: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի կարող են շահառու դառնալ պաշտպանության նախարարության 400  զինծառայող, ոստիկանության 37 զինծառայող, ազգային անվտանգության ծառայության  25 զինծառայող, քրեակատարողական ծառայության 5 զինծառայող:

«Ծրագրից չի կարող օգտվել այն զինծառայողը, ով նախկինում օգտվել է պետական ֆինանսական աջակցության այլ ծրագրից կամ բնակարան ձեռք բերելու համար ստացել է անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ սեփականության իրավունքով ստացել է բնակարան»,- ասված է նախագծում:

Հիպոթեքային այս ծրագրի շահառու քաղաքացին կարող է լինել ընդամենը մեկ անգամ:

«Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող բնակելի տան արժեքի վարկավորման առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը: Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցություն կցուցաբերվի միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի և (կամ) նրա ընտանիքի անդամի (անդամների) անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում անհատական բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում»,- նշվում է նախագծում:

Վարկերը տրամադրվելու են ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի մինչև 90%-ի չափով, որը ենթադրում է կանխավճարի 10% մեծություն: Կանխավճարը ֆինանսավորվելու է պետության կողմից: Հիփոթեքային վարկի մարման առավելագույն ժամկետը 20 տարի է, վարկառուի համաձայնությամբ վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով:

Վարկի տարեկան տոկոսադրույքն առավելագույնը 9% է կազմելու, որից առավելագույնը 4 տոկոսային կետը սուբսիդավորելու է պետությունը: Տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն: Վարկառուի (զինծառայողի) համար հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի առավելագույնը 5%:    

Ծրագրում ընդգրկված զինծառայողի՝ օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինծառայողը դադարում է ծրագրի շահառու հանդիսանալուց և նրա համար դադարում են հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանները:

Նախագծում նշված է նաև բնակարանի առավելագույն մակերեսն ու արժեքը, ըստ որի՝ առավելագույնը 55 քմ մակերես ունեցող բնակարանի առավելագույն արժեքը կարող է լինել 16,5 միլիոն դրամը, 75 քմ մակերես ունեցող բնակարանի արժեքը՝ 22,5 միլիոն դրամը և 95 քմ մակերեսով բնակարանի առավելագույն աժեքը՝ 28,5 միլիոն դրամը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ առաջնահերթությամբ են ընտրվելու ծրագրի շահառուները, ապա նախագծում նշվում են մի շարք բնութագրիչներ,  օրինակ՝ ազգաին հերոսի կոչմանն արժանացած զինծառայողին տրամադրվում է 10 միավոր, մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակրին՝ 8 միավոր, 2-րդ աստիճանի շքանշանակրին՝ 6 միավոր, մարտական գործողությունների մասնակից զինծառայողներին՝ 5 միավոր, զորամիավորման հրամանատարաին՝ 8 միավոր, զորամիավորման հրամանատարի տեղակալին՝ 7 միավոր, բրիգադի, գնդի հրամանատարին՝ 6 միավոր, դիվիզիոնի հրամանատրին՝ 5 միավոր, գումարտակի հրամանատարին՝ 4 միավոր, վաշտի հրամանատարին՝ 3 միավոր, դասակի հրամանատարին՝ 2 միավոր, առնվազն 5 օրացույցային տարի ժամկետով հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողներին` 5 միավոր, ռազմական ակադեմիա ավարտած զինծառայողներին՝ 3 միավոր և այլն:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Աշխեն22:39 - 20 ապրիլի, 2018
Կներեք եթե դժվար չի կասեք ում պիտի դիմենք այս հարցով բանկերինթե Պն նախարարության@?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ