Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած ինքնաթիռը գալիս է Կապան. հայտնի է, թե ինչ տեսք է ունենալու այն



Կապանի օդանավակայանի համար նախատեսված չեխական «L-410» ինքնաթիռի նկարները, որում վերջինս ներկման փուլում է, օդանավակայանի ֆեյսբուքյան էջում հայտնվեցին մարտի 16-ին, սակայն ավիացիայով հետաքրքրվողների ու նաեւ լայն զանգվածների համար մեծ հաշվով անհասկանալի մնաց, թե կոնկրետ ինչ օդանավի մասին է խոսքը:

Դեռ հունվարին մի քանի մանրամասն էինք ներկայացրել Կապանի ապագա ինքնաթիռի մասին: Ինչպես հայտնի է, այն 5,5 մլն եվրոյով ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սակայն վերջինիս ղեկավարությանն ուղարկված մեր հարցերը մնացել էին անպատասխան: Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե կոնկրետ որ ընկերությունից է գնվել այն, խնդրել էինք հայտնել, թե արդյոք նախկինում շահագործվել է, ՀՀ-ում ով է լինելու շահագործողը՝ ստեղծվելու՞ է նոր ավիաընկերություն, թե՞ հանձնվելու է արդեն գոյություն ունեցողներից մեկին (բանն այն է, որ օպերատորը պետք է ունենա օդանավ շահագործողի վկայական, ինչի համար ահրաժեշտ է բավարարել մի շարք պահանջներ): 

19 հոգու համար նախատեսված օդանավը, ինչպես եւ ենթադրել էինք, ձեռք է բերվել դրա արտադրող «Aircraft Industries» չեխական ընկերությունից: Այս փաստն իր կայքում հաստատել է նաեւ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը (ՍՄԶՆՀ), որը Կապանի օդանավակայանի վերագործարկման ծրագրի ներդրողներից է:  

Հիշեցնենք, որ Կապանից օդանավը ժամանելու է «Զվարթնոց» օդանավակայան, թռիչքի տեւողությունը՝ 40 րոպե: ՍՄԶՆՀ-ի փոխանցմամբ՝ հետագայում հնարավոր է թռիչքներ իրականացվեն նաեւ այլ ուղղություններով (Հայաստանի ներսում):

Քանի որ օդանավակայանի վերագործարկման ծրագրի ու նոր համալիրի կառուցման մանրամասներին նախկինում անդրադարձել ենք, այս անգամ շեշտը կդնենք միայն ինքնաթիռի վրա:

Թե ինչու է հենց տուրբոպտուտակային ինքնաթիռ ընտրվել, Սյունիքի մարզպետարանը մինչ այս «Հետքին» հայտնել էր. «Շահագործողական տվյալներից ելնելով՝ այս պահին ավելի նպատակահարմար է տուրբոպտուտակային շարժիչներով օդանավերի շահագործումը, ինչը չի բացառում այլ օդանավերի սպասարկումը օդանավակայանում»: Իր հերթին ՍՄԶՆՀ-ն իր կայքում սա հետեւյալ կերպ է պատճառաբանել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեակտիվ ինքնաթիռը մեծ շրջան պետք է կատարի վայրէջքի համար, որով մտնելու է ե՛ւ ազատագրված տարածքներ, ե՛ւ մասամբ հարեւան պետության տարածք՝ վերականգնված օդանավակայանում ռեակտիվ ավիացիա չի օգտագործվելու: Դրա փոխարեն օգտագործվելու են տուրբոպտուտակային շարժիչով ժամանակակից ինքնաթիռներ, որոնք վայրէջքի համար խնդիր չունեն մեծ մանեւրումներ կատարելու»:   

Հարեւան պետությունը տվյալ դեպքում Իրանն է, համենայն դեպս, հենց այդպես պիտի ընկալել, քանի որ Ադրբեջանի հետ ներկա սահմանը շատ հեռու է: Մյուս կողմից՝ հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Կապանում վայրէջք կատարող ռեակտիվ «Յակ-40» օդանավերը, ճիշտ է, հատում-անցնում էին նաեւ «եղբայրական» Ադրբեջանի օդային տարածքը (խոսքն 1990-ականներին ազատագրված տարածքների մասին է), ինչը, բնականաբար, խնդիր չէր այն ժամանակների համար, այդուհանդերձ, Իրանի տարածք չէին մտնում: Ավելին՝ հենց հայ-ադրբեջանական սահմանի վրա էր գտնվում Կապանի օդանավակայանի օդային երթեւեկության կարգավարների (դիսպետչերների) կետը, որի վրայով անցնում էր վայրէջքի գլիսադան:   

Վերադառնալով Կապանի «L-410»-ին՝ հստակ կարող ենք ասել, որ խոսքը «L-410UVP-E20» մոդիֆիկացիայի մասին է, որի տեխնիկական պարամետրերին անդրադարձել ենք: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը տեղական «Սոսի» հեռուստաընկերությանը հայտնել էր, որ օդանավն արտադրվել է 2016 թ., սակայն եթե հավատալու լինենք «L-410»-ի ոչ պաշտոնական  ֆեյսբուքյան էջին, որը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում այս օդանավերի վերաբերյալ, այն արտադրվել է 2015 թ. ու հետաքրքիր ճանապարհ է անցել: Ըստ այդմ՝ Կապանի օդանավը լինելու է արտադրությունից ի վեր OK-JPP չեխական գրանցում ունեցած ինքնաթիռը (առաջ անցնելով՝ նշենք, որ ՀՀ-ում դրան տրվելու է հայկական գրանցում՝ EK-.....): Բնականաբար, առաջին հայացքից դա ոչ մի բան չի ասում, այնինչ իրականում սա շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած ինքնաթիռ է:

Միանգամից ասենք, որ մեզ հետ զրույցում չեխ ավիասիրահարները հաստատել են, որ նկարում պատկերվածն իսկապես OK-JPP-ն է: Ավելին՝ նրանց տեղեկացմամբ՝ նույն գույներով եւս երկու այսպիսի օդանավ (RA-67059 եւ RA-67060) դեռ 2017-ի հոկտեմբերին ուղարկվել են մեկ այլ պատվիրատուի՝ Ռուսաստանի «СиЛА» ավիաընկերությանը: OK-JPP-ի ու արդեն Ռուսաստանում գտնվող օդանավերի նկարները հուշում են, որ մեր չեխ զրուցակիցները չեն սխալվում: Այսինքն՝ նայելով ռուսական օդանավերին՝ կարող ենք հասկանալ, թե ինչ նոր տեսք է ունենալու Կապանի ինքնաթիռը:

Կապանի ինքնաթիռն այսպիսի գույներ կունենա

OK-JPP-ն (գործարանային համարը՝ 3017) թողարկվել է 2015-ին, օդանավերի չեխական ռեգիստրում գրանցվել է այդ տարվա սեպտեմբերին: Արդեն 2015-ի հոկտեմբերին ինքնաթիռը Չեխիայից մեկնել է Չինաստան՝ մասնակցելու «CIGAC 2015» միջազգային ցուցադրությանը: Մասնակցության նպատակը «L-410» օդանավերը չինական շուկային ու հասարակությանը ներկայացնելն էր:

Չինաստանում ցուցադրական թռիչքներ կատարելուց ու դրական արձագանք ստանալուց հետո OK-JPP-ն, հաղթահարելով Չուկոտկայի, Ալյասկայի ու Կանադայի օդային տարածքները, հասել է Լաս Վեգաս, որտեղ մասնակցել է «NBAA 2015» ցուցադրությանը: Ըստ արտադրող ընկերության պաշտոնական կայքի՝ ինքնաթիռը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան հանրության եւ, մասնավորապես, ռեգիոնալ ավիաընկերությունների շրջանում:

ԱՄՆ-ից օդանավը կրկին մեկնել է Կանադա, որտեղ որոշ տեխնիկական աշխատանքներ են կատարվել դրա վրա, ապա Գրենլանդիայի ու Իսլանդիայի վրայով վերադարձել է Եվրոպա՝ Չեխիայի Կունովիցե քաղաք, որտեղ գտնվում է «Aircraft Industries»-ի գործարանը: Հոկտեմբերի 8-ից մինչեւ նոյեմբերի 28-ն իր ճանապարհորդության ընթացքում օդանավն անցել է 40.000 կմ, օդում եղել շուրջ 110 ժամ, կատարել 21 միջանկյալ վայրէջք: Արտադրող ընկերությունը նշում է, որ ինքնաթիռը ճանապարհն անցել է առանց տեխնիկական խնդիրների, եղել տարբեր ջերմաստիճանային պայմաններում ու տարբեր բարձրությունների վրա:

Շուրջերկրյա ճանապարհորդությունը

Հիշեցնենք, որ ներկայում «L-410»-ը շահագործվում է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում թե՛ որպես քաղաքացիական, թե՛ որպես ռազմական օդանավ: Այն աշխատում է -50°C-ից մինչեւ +50°C ջերմաստիճանի պայմաններում: 

«L-410»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք նաեւ, որ օդանավը նախատեսված է «Atlantis European Airways» հայկական ընկերության համար: Այսինքն՝ վերջինս պիտի լինի դրա շահագործողը: Հիշեցնենք, որ այս պահին ՔԱԳՎ պետի նախկին տեղակալ Արամ Մարությանին պատկանող ընկերության 2 հատ «Airbus A320» ինքնաթիռներից մեկը (EK-32002) շահագործվում է Հունաստանում, իսկ մյուսը (EK-32008) կանգնած է: «Atlantis»-ը, հիշեցնենք, ի սկզբանե առավել հայտնի էր «Austrian Airlines» եւ «Czech Airlines» ընկերությունների հետ համագործակցությամբ, որոնցից առաջինի հետ մինչ օրս «codeshare» թռիչքներ է կազմակերպում դեպի Վիեննա:

Գլխավոր լուսանկարում՝ OK-JPP-ն՝ Դանիայի երկնքում (28.11.2015)


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ