HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հիվանդին պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել․ Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է

Հայաստանը «Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Գործով վճիռը կայացել է 2017 թվականի նոյեմբերի 16-ին և որպես փոխհատուցում Հայաստանը պարտավոր է պարտված կողմին վճարել  12000 եվրոյին համարժեք դրամ։ Փոխհատուցման այս գումարը կրկին կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։ Գործադիրը այսօրվա նիստին նման որոշում կայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել փետրվարի 16-ին և կառավարությունը պարտավոր է հատուցման գումարը վճարել մինչ մայիսի 16-ը։

Ինչ է պարզել ՄԻԵԴ-ը

Դեպքը տեղի է ունեցել  2007 թվականին։ Այդ տարվա սեպտեմբերի 7-ին դիմումատուի դուստրը, ով այդ ժամանակ հղիության վաղ փուլում էր, կորցրել է գիտակցությունը և սկսել ցնցվել։ Շտապօգնությունը ժամանել է կանչից 40-45 րոպե անց։

Դիմումատուի փոխանցմամբ՝ այդ պահին բժշկին ասել է, որ իր դուստրը հղի է: Բժիշկը ախտորոշել է ցնցումային համախտանիշ, երկու ներարկում է արվել, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Չնայած հիվանդը ներարկումներից հետո գիտակցության չի եկել, բժիշկը նախընտրել է հիվանդանոց տանող ճանապարհին չնստել նրա կողքին և փոխարենը նստել է վարորդի խցիկում: Աղջկան հիվանդանոց տանելուց մեկ շաբաթ անց նա հիվանդանցում մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով:

Նույն օրը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը նրա մահվան առնչությամբ հետաքննություն է սկսել և նշանակել է դիահերձում։ Հետաքննության ընթացքում քննիչը ցուցմունք է վերցրել բժշկական օգնություն ցուցաբերած բուժանձնակազմից և  նշանակել դատաբժշկական փորձաքննություն։ Փորձաքննության արդյունքում եզրակացություն է տրվել, որ հիվանդին ցուցաբերվել է ճիշտ բժշկական օգնություն և այն համապատասխանել է ախտորոշմանը:

Քննիչը որոշել է մերժել քրեական վարույթի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Մահացած աղջկա ծնողը դիմում է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն՝ պնդելով, որ իր դուստրը մահացել է բժշկի անփութության պատճառով, և որ  շտապօգնության մեքենան ժամանել է ուշացումով, դրանում բացակայել են առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումները, շտապօգնության բրիգադն ընդհանուր առմամբ չի գործել պատշաճ ջանասիրությամբ:

Վարչական շրջանի դատախազությունը որոշել է լրացուցիչ քննություն կատարել, լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն   նշանակել։

Փորձագետների հանձնաժողովը կրկին եզրակացություն է տվել, որ շտապօգնության բրիգադի կողմից և հիվանդանոցում ցուցաբերված բժշկական օգնությունը եղել է պատշաճ և բավարար, առանց բացթողումների, ինչը հիմնավորված է բժշկական փաստաթղթերի տվյալներով և գործի նյութերում եղած ապացույցներով:

Արդյունքում՝ քննիչը կրկին որոշել է մերժել քրեական վարույթի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Սակայն նույն օրը քննիչը դիմել է Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենին՝ շտապօգնության բրիգադի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոց կիրառելու պահանջով, քանի որ շտապօգնության մեքենան ժամանել է զգալի ուշացմամբ, և պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել:

Դիմումատուն քննիչի որոշման առնչությամբ բողոք է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան՝ պահանջելով բժշկի և բուժքրոջ դեմ քրեական վարույթ հարուցել։ Սակայն դատարանը մերժել է դիմումատուի բողոքը՝ գտնելով, որ մահվան առնչությամբ իրականացված քննությունը եղել է պատշաճ և բավարար:

Դիմումատուն բողոքներ է ներկայացրել նաև Վերաքննիչ քրեական դատարան, Վճռաբեկ դատարան, որոնք ևս մերժել են դիմումատուի բողոքը։  Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության՝ պատճառաբանելով, որ այն չի ներկայացվել Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի կողմից:

Գործը հասել է ՄԻԵԴ, որտեղ դատարանը եզրակացրել է, որ դիմումատուի դստեր մահվան առնչությամբ, որպես այդպիսին, որևէ քրեական վարույթ չի հարուցվել և հարցաքննված անձանց, այդ թվում՝ շտապօգնության բժշկին և բուժքրոջը պարզապես խնդրել են իրադարձությունների վերաբերյալ բացատրություն տալ։ Դատարանը նաև նկատել է, չնայած  շտապօգնության բժշկի և բուժքրոջ կողմից տրված՝ իրադարձությունների վերաբերյալ բացատրությունները հակասել են միմյանց, քննիչը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել նրանց սկզբնական ցուցմունքների միջև անհամապատասխանությունները պարզաբանելու համար:

ՄԻԵԴ-ը հայտնել է, որ քննություն իրականացնող մարմինը հետաքննության ժամանակ չի ապահովել դիմումատուի անմիջական մասնակցությունը, քանի որ չի հարուցվել քրեական վարույթ, դիմումատուն վարույթում չի ունեցել տուժողի պաշտոնական կարգավիճակ, որը նրան թույլ կտար օգտվելու այդ կարգավիճակին հատուկ իրավունքներից:

Դատարանը նաև նշել է, որ ո՛չ դիահերձմամբ և ո՛չ էլ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությամբ վերջնականապես չի պարզվել դիմումատուի դստեր մահվան պատճառը: Այդպիսի հանգամանքներում իշխանությունները չեն գործել բավարար ջանասիրությամբ և խնամքով, որպեսզի պարզեն դիմումատուի դստեր մահվան պատճառը:

Ի վերջո, դատարանը նշել է, որ հետաքննությամբ պարզվել է, որ շտապօգնության բրիգադը դիմումատուի դստերը պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերել, դիմումատուն հնարավորություն չի ունեցել պետության դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու՝ իր դստեր մահվան հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման պահանջով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter