Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությունը հարկային արտոնություն ստացավ



Կառավարությունը այսօրվա նիստին ԱԺ պատգամվոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերությանը հարկային արտոնություն տվեց։

Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությունը Հայաստան կներմուծի թեթև արդյունաբերության մեջ օգտագործվող սարքավորումներ՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով։

Նման որոշման նախագիծ գործադիր ներկայացրել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Հարցը զեկուցելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը Կարայանից հետաքրքվեց՝ արդյոք ուշադիր են այն հումքի ներկրմանը, որը կարող է տեղական արտադրողին խանգարել։ Նախարարից դրական պատասխան ստանալուց հետո Կարապետյանը նշեց․ «Հատուկ դրան ուշադրություն դարձրեք։ Մենք լոյալ դաշտը անում ենք որպեսզի բիզնեսը զարգանա, բայց մենք նաև մեր սեփական արտադրողին պաշտպանելու խնդիր ունենք»։

Ընկերությունը կներմուծի 13 անուն, 706 միլիոն դրամ արժեքով սարքավորումներ և խոստացել է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել ևս 80 աշխատատեղ՝ 70 000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքից 683 միլիոն 800 հազար դրամը իրացվելու է Հայաստանի տարածքում, մյուս մասը՝ 833 միլիոն դրամի արտադրանքը, արտահանվելու է Ռուսաստանի Դաշնություն, իսկ 2 միլիոն 500 հազար դրամի արտադրանքը՝ Իտալիա։

Ընկերությունը սարքավորումները ներմուծելու է Թուրքիայից և Ուզբեկստանից։ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը առաջարկել է քննարկել արտոնության կիրառման նպատակահարմարությունը՝ Հայաստանի հետ առևտրի պայմանների պարզեցման համաձայանագրեր չունեցող երկրներից ներմուծվող ապրանքների համար:

Այս դիտարկումը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը չի ընդունել։ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը առաջարկել է սահմանափակում սահմանել այն երկրների նկատմամբ, որոնց հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, ինչպես օրինակ Թուրքիա, Ադրբեջան և այլն։ Նախարարությունը այս առաջարկության վերաբերյալ կարևորել է նաև արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, որի կարծիքը սակայն որոշման նախագծի եզրակացությունում բացակայում է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին էլ կառավարությունը Շիրակի մարզում գտնվող, «Արթիկի թիվ 7 ավագ դպրոց»-ին պատկանող, շենքն ու շինությունը անհատույց օգտագործման իրավունքով հանձնեց Աստղիկ Ալեքսանյանին փոխկապակցված «Չեխ-Արմ-Ինվեստ» ընկերությանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Պատ22:18 - 5 ապրիլի, 2018
70000 mean salary x 80 = total 5`600'000 2x1'000'000 for Mdm. Boss 5x 500'000 = 2'500'000 for direction members Remaining = 2'100'000 / 77= 27'273 drm /month Not really a salary only a tip ... Better we get to know the real salaries amounts payed than averages. ..
2. gg01:11 - 28 ապրիլի, 2018
Չի կարելի արտոնություն տալ 70 000 դրամ ողորմելի աշխատավարձ տվող ընկերությունը, համարեք որ նա աշխատատեղ չի բացում։ Այսինքն աշխատողներին գռփելու է, ոչ էլ ապահովագրություն կարող է տալ։ Զավեշտ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ