Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Ախթալա ԼՀԿ»-ի տնօրեն Լյովա Վարդանյանը հանքի փլուզման համար մեղադրում է հորատող Աղբալ Առաքելյանին



«Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի տնօրեն Լյովա Վարդանյանը Շամլուղի ստորգետնյա հանքում փլուզման հետևանքով անդամալույծ դարձած հորատող Աղբալ Առաքելյանին մեղադրում է հանքի փլուզման համար

Շամլուղի ստորգետնյա հանքը 2006թ.-ի սեպտեմբերի 4-ից գրանցված է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում (վկայական ԱՎՈ-1/1-0422.1):

2017թ.-ին հանքային ապառների փլվածքներից հանքում տուժել են 3 հորատողներ: Հոկտեմբերի 23-ին 140 հանքի 1-ին տեղամասում փլվածքի տակ մահացել է  Ախթալայի 38-ամյա բնակիչ, հանքափոր Վրեժ Սահակյանը: Ապրիլի 17-ին հանքի 6-րդ տեղամասում փլվածքի տակ մնալուց հետո 1-ին խմբի հաշմանդամ է դարձել հորատող Աղբալ Առաքելյանը: Նոյեմբերի 28-ին հանքի Եվգենիա 8-րդ հորիզոնականի ստորգետնյա հանքախորշում քարաթափման տակ մնալուց հետ ոտքի ծանր կոտրվածքներ է ստացել հորատող բանվոր Գագիկ Վարդևանյանը: Հորատողների փլվածքի տակ մնալու համար ԼՀԿ-ի ստորգետնյա հանքի անվտանգության պատասխանատուները վարչական և քրեական որևէ պատասխանատվության չեն ենթարկվել: Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործերն էլ փակվել են ԼՀԿ-ի դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննություն անցկացնող մշտական հանձնաժողովի ակտերի հիման վրա:

ԼՀԿ-ի դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննություն անցկացնող մշտական հանձնաժողովը հանքի 6-րդ տեղամասում 2017թ.-ի ապրիլի 17-ին տեղի ունեցած փլվածքի պատճառը իր թիվ 11 ակտում համարել է ոչ թե հանքում անվտանգության նորմերի բացակայությունը, այլ հորատող Աղբալ Առաքելյանի անուշադրությունը: Դեպքի հրահանգների  նկարագրությունում հանձնաժողովը չափազանց մեղմ է արձանագրել դեպքը: Նշել է, որ ստորգետնյա հանքի 6-րդ հորիզոնում 2017թ.-ի ապրիլի 17-ի առավոտյան ժամը 9-ին կախված քարերի վնասազերծման ժամանակ քարը ընկել է Աղբալ Առաքելյանի մեջքին և ոտնաթաթին, որի հետևանքով կոտրվել է նրա աջ կողմի կողը, իսկ ոտնաթաթը հոդախախտվել է: Իրականում Աղբալը հանքի առաստաղից կախված հսկա ապառին երկաթյա լոմով հարվածելուց հետո հայտնվել է ապառի և վերջինիս հարող հանքային հսկա փլվածքի տակ:

Ակտում ներկայացված չէ տուժողի ախտորոշման բժշկական ճիշտ եզրակացությունը:

Դեպքի օրը՝ ապրիլի 17-ին, Ալավերդու բժշկական կենտրոնում 1-ին բուժօգնություն ստանալուց հետո Աղբալ Առաքելյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքի ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար Կ. Մոմջյանի և բուժող բժիշկ Ա. Ստամբոլցյանի էպիկրիզի՝ Աղբալը ապրիլի 17-19-ը գտնվել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ապա տեղափոխվել է նեյրովիրաբուժական բաժանմունք:

Ախտորոշման մասին բժշկական եզրակացությամբ նա ստացել է ոչ թե աջ կողմի մեկ ողի կոտրվածք և ոտնաթաթի հոդախախտ, ինչպես գրված է ԼՀԿ-ի մշտական հանձնաժողովի ակտում, այլ Աղբալի մոտ բժշկական եզրակացությամբ՝ արձանագրված է փակ զուգակցված վերտեբրո-թորակալ վնասվածք, L4 ողի մարմնի կոմպրեսիոն բազմաբեկոր բարդացած կոտրվածք՝ ոսկրաբեկորի տեղաշաժով դեպի ողնաշարային խողովակ: Ձախ ոտնաթաթի կոտրվածք-հոդախախտ լիսֆրանկիան հոդում: Մետատարզալ 2,3,4 ոսկրերի դիստալ մետաէպիֆիզար հատվածների կոտրվածքներ տեղաշաժով, խորանարդաձև, սեպաձև միջային և դրսային ոսկրերի բեկորային կոտրվածքներ տեղաշաժով:



Աղբալ Առաքելյանը

2017թ.-ին մայիսի 14-ին Աղբալը վերականգնողական բուժման նպատակով ընդունվել է «ԱՐԹՄԵԴ» նեյրոռեաբիլիտացիոն բաժանմունք: Այստեղ էլ արձանագրել են, թե փլուզումից վնասվել է Աղբալի ողնաշարի գոտկային հատվածը, կրծքավանդակը, ոտքերը: Հիվանդը կարիք ունի շարունակական բուժման: Աղբալը այս պահին չի կարողանում քայլել: Ախտորոշման բժշկական այս եզրակացության մասին ԼՀԿ-ի դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննություն անցկացնող մշտական հանձնաժողովի թիվ 11 ակտում որևէ խոսք չկա:  Ակտի տակ ստորագրել են ԼՀԿ-ի անվտանգության ծառայության պետ, հանձնաժողովի նախագահ Վարդան Առաքելյանը, հանձնաժողովի անդամներ, հաշվապահ Վարդան Մանասյանը, ԼՀԿ-ի աշխատակից Մ.Մարգարյանը և ընկերության գլխավոր տնօրեն Լյովա Վարդանյանը:

«Այդ ստորագրողներից ոչ մեկը հանքարդյունաբերության մասնագետներ չեն, անգամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Շամլուղի ստորգետնյա հանքում: Ինքը՝ Լյովա Վարդանյանը տրանսպորտի մասնագետ է»,- հայտնեց Շամլուղի հանքափորներից մեկը:

Դեպքի առթիվ 2017թ.-ի մայիսի 17-ի Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի 2017թ.-ի հունիսի 2-ի որոշումով՝ քրեական գործով նշանակվել է անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման դատատեխնիկական փորձաքննություն: Փորձաքննությունը կատարվել է դեպքից 2 ամիս հետո՝ 2017թ.-ի հունիսի 12-17-ը։

«Դեպքի վայրի փորձագիտական հետազոտություն կատարելու ժամանակ տեղի է ունեցել դեպքի վայրի փոփոխություն, պայթեցման  միջոցով հանքուղին առաջ էր գնացել և տեղի ունեցած դեպքի կոնկրետ վայրը չի պահպանվել»,- իր եզրակացության մեջ հայտնել է փորձագետ Ա. Բադեյանը:

Վերջինս իր հետազոտությունները կատարել է քրեական գործի նյութերով: Փորձագետի տեղեկացմամբ՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ 0189 վկայականով՝ ԼՀԿ-ի արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական վիճակի և անվտանգ շահագործման պատասխանատուն ԼՀԿ-ի հանքի պետ Սամվել Հանիսյանն է: Դեպքի պահին Ս. Հանիսյանի վկայականի լիազորությունները ուժը կորցրած է եղել: Փորձագետը արձանագրել է, որ քրգործում բացակայում է հանքի 6-րդ տեղամասի «Ռիսկերի հերթափոխային գնահատման» քարտի էջի պատճեն, որտեղ պետք է արձանագրվեր փորվածքի ստուգման ժամանակ հայտնաբերված թերությունները: Բացակայել է նաև 6-րդ տեղամասի ղեկավարի կողմից տրվող ստորերկրյա հանքում աշխատանքերի կատարման գրավոր կարգադրագիրը, տեղամասի 1-ին մակարդակի վերահսկման մատյանը, որից պարզ կդառնար ստուգվող օբյեկտի համապատասխանությունը անվտանգության նորմերին:

Սա նշանակում է քննիչ Ա. Ուլուխանյանը նախաքննության ընթացքում ոչինչ չի ձեռնարկել փլուզման իրական պատճառները բացահայտելու համար: Փորձագետ Ա.Բադեյանը նաև արձանագրել է, որ ստորգետնյա հանքի 6-րդ տեղամասում բացակայում են հեռախոսակապն ու վթարային ազդանշանման համակարգը, չկա նաև էլեկտրական ցանցից սնվող լամպերով լուսավորություն: Հիշեցնենք, որ կառավարության «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման» N 1083-Ն որոշման 26 կետով՝ արգելվում է բավարար լուսավորություն չունեցող, վթարային ազդանշանները չգործող, կախված ապարներով ստորգետնյա հանքավայրերի շահագործումը: Այսուհանդերձ,փորձագետ Ա. Բադեյանը, թեև իր եզրակացության մեջ նշում է, որ հանքի 6-րդ տեղամասում աշխատանքներ կատարելիս բավարար լուսավորություն չի եղել, չեն աշխատել վթարների ազդանշանային համակարգերը,  նշել է դեպքը բացահայտող կարևոր փաստաթղթերի բացակայությունը, սակայն եզրահանգել է, որ դեպքի անմիջական պատճառը եղել է Աղբալ Առաքելյանի առաստաղից կախված ապառի վնասազերծման ժամանակ հանդես բերած անուշադրությունը:

Աղբալի ասելով, ուշ է իմացել ԼՀԿ-ի դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական  քննություն անցկացնող մշտական հանձնաժողովի կողմից դեպքի համար իրեն անուշադրության մեջ մեղադրելու մասին: Այս կապակցությամբ  նա 2017թ.-ի հունիսի 26-ի գրավոր դիմումով «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լյովա Վարդանյանին խնդրել է իրեն տրամադրել ԼՀԿ-ի  դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի 18.04.2017թ.-ի ակտի բնօրինակը և դեպքի մասին հանձնաժողովի եզրակացությունը:

«Մեր ընկերությունում սույն թվականի ապրիլի 17-ին որևէ վթար տեղի չի ունեցել, իսկ Ձեր մարմնական վնասվածքի պատճառը ոչ թե հանքում, իբր տեղի ունեցած վթարն է, ինչպես նշել եք դիմումում, այլ Ձեր կողմից անվտանգության նորմերի չպահպանման արդյունքը: Ինչևէ, հիմք ընդունելով ՀՀ ԱԽՕ-ը, մեր ընկերության կողմից կազմված արտադրական դժբախտ դեպքի մասին ակտը կարող ենք տրամադրել միայն Ձեզ, որպես տուժող, կամ Ձեր ներկայացուցիչին»,- հուլիսի 4-ի իր գրությամբ Աղբալին պատասխանել է Լյովա Վարդանյանը:  

Աղբալը 2017թ.-ի հուլիսի 31-ին Լյովա Վարդանյանին ուղղված իր 2-րդ դիմումով  խնդրել է վերափոխել դժբախտ դեպքի հրահանգների նկարագրությունը և իր «անուշադրությունը»:

«Հակառակ դեպքում խախտված իրավունքերիս համար կդիմեմ այլ միջոցների»,- հայտնել է նա: Այս դիմումի պատասխանը նա առ այսօր չի ստացել:

«Ոնց կարող է իմ անուշադրության հետևանքով եղած լինի քարաթափումը: Հենց սկզբից իմ կռիվը այն է եղել, որ իմ անուշադրության հետ կապված գնահատականը փոխվի: Մենք շատ ենք ուզեցել դա, իրենք մեզ խոստացել են, որ ամեն ինչ կանեն մեզ համար: Ես կյանքիցս ձեռք եմ քաշել, որ գնամ ժայռի տակ կանգնեմ: Հանքի ներսում բացարձակ լուսավորություն չկա»,- հակադարձում է Աղբալը:

Դեպքից 4 ամիս անց 2017թ.-ի օգոստոսի 21-ին ավագ քննիչ Ա. Ուլուխանյանը Աղբալ Առաքելյանին գրավոր հայտնել է. «Թումանյանի քննչական բաժնում Ձեր մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ 2017թ.-ի մայիս 17-ին քր.օրենսգրքի 55101417 քրեական գործով վարույթը ենթակա է կարճման»:

Գոհար Խաչիկյանը

Ավագ քննիչի որոշման համար հիմք է հանդիսացել ԼՀԿ-ի դժբախտ դեպքերի հաշվառման և ծառողական քննություն անցկացնող մշտական հանձնաժողովի թիվ 11 ակտը: Դեպքից անցել է մեկ տարի: Աղբալը չի կարողանում քայլել: Նա տեղաշարժվում է կնոջ՝  Գոհարի, աղջկա՝ Օվսաննայի և սայլակի օգնությամբ: 

«Թևերն ընկած մի կերպ հասցնում ենք բազմոցի մոտ»,- ասում է Գոհարը:

«Բժիշկը չի ասում, թե ես 100 տոկոսով քայլելու եմ: Բժիշկն ասում է ես իմ գործը 100 տոկոսով արել եմ: Կամ կքայլես, կամ չես քայլի»,- ասում է Աղբալը:  

Մարտի 31-ին բժշկական վերջին զննությունից հետո Աղբալին  բուժող բժիշկը նրան չի հուսադրել՝ գոնե առաջիկա երկու տարիներին քայլելու համար: Աղբալ Առաքելյանը երեք անչափահաս երեխաների հայր է:

«Ես Շամլուղի ստորգետնյա  հանքում աշխատել եմ հանուն իմ երեք երեխաների: Աղջիկս սովորում է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում: Երեխայիս ուսանող պահելու համար եմ մտել հանք: Այսօր ես չեմ կարողանում վճարել աղջկաս ուսման վարձը»,- ասաց նա:

Աղբալի կինը Գոհար Խաչիկյանն էլ պատմեց. «Երբ մենք Աղբալի հետ վերադարձանք հիվանդանոցից, Լյովա Վարդանյանը ինձ հայտնեց, որ ամեն ինչ նորմալ կլինի, մենք կթոշակավորենք Աղբալին: Աղբալը հիմա թոշակավորվված է՝ 230 հազար դրամ թոշակ են նշանակել: Ես իրավաբաններից տեղեկացա, որ Աղբալին պետք է թոշակավորեին քաղաքացիական օրենսգրքի 1078 հոդվածի պահանջներով: Այսինքն ըստ օրենքի՝ պետք է թոշակ նշանակեին մեր անչափահաս երեք երեխաներին, վճարեին դեղորայքի գումար, վճարեին Աղբալի հետագա բուժման և հիվանդանոցի սննդի գումարները: Լյովա Վարդանյանը մեր այդ պահանջը մերժեց, ասաց այդ հոդվածի պահանջները չի կարող կատարել»:

Գոհարը Աղբալի 230 հազար թոշակով չի կարողանում վճարել Աղբալի շարունակական բուժման վճարները, հոգալ  3 երեխաների սնունդը և վճարել ուսանող աղջկա ուսման և վարձակալած բնակարանի վարձերը:

«Ես այս տարվա սեպտեմբերին Լ. Վարդանյանից խնդրեցի աղջկաս ուսման վարձի վճարման հարցում մեզ օգնել: Ասաց հարց չկա, կօգնի: Առաջին կիսամյակի վարձը իրենք փոխանցեցին: Երկրորդ կիսամյակի համար այս տարվա փետրվար ամսին դիմում եմ գրել,  ինձ առ այսօր չեն պաատասխանել»,- պատմեց Գոհարը:

Աղբալն էլ այս տարվա փետրվարի 23-ին դիմումով ԼՀԿ-ի գլխավոր տնօրենին հայտնել է, թե երկար ժամանակ ունենում է սուր ցավեր.

«Չունեմ ֆինանսական հնարավորություն, որպեսզի գնա բուժզննման: Դիմումում եմ Ձեզ ակնկալելով  ֆինանսական աջակցություն»:

Լյովա Վարդանյանը չի արձագանքել նաև Աղբալի այս դիմումին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ