HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ճվճվ Արոյի» կրտսեր որդու գործով տուժողին հարցաքննելու համար «արտահերթ» ու «գաղտնի» նիստ է անցկացվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի վերաբերյալ խուլիգանության հոդվածով հարուցված քրեական գործով  «արտահերթ» դատական նիստ է նշանակել ու անցկացրել այնպիսի կարևորագույն դատավարական գործողություն, ինչպիսին տուժողի հարցաքննությունն է:

Խոսքը, հիշեցնենք, 2014-ին տեղի ունեցած խուլիգանության գործի մասին է, որով անցնում են Սերժ Վարդանյանն ու վերջինիս ընկեր Ռոբերտ Հայրապետյանը:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում` գործով տուժող Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով: Գործի շրջանակներում նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն այս պահին Վարդանյանը գտնվում է կալանքի տակ, քանի որ 2017-ին խուլիգանության և կողոպուտի վերաբերյալ հարուցված մեկ այլ քրեական գործի շրջանակներում ևս ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ այս անգամ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ տուժող Շանթ Մագարյանը, ըստ դատարանում հրապարակված տեղեկությունների, բնակվում էր Իրանի Իսլամական հանրապետությունում, և դատարանը մարտի 21-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում քննարկեց անգամ նրան հեռակապի միջոցով հարցաքննելու հնարավորությունը:

Բացի այդ, մարտի 21-ին տեղի ունեցած նիստի ընթացքում Գագիկ Պողոսյանը հրապարակավ հայտնեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 5-ին, այսինքն` այսօր, սակայն նիստին ներկա լրագրողների համար անսպասելիորեն պարզվեց, որ Մագարյանը եկել է Հայաստան, մարտի 29-ին դատական նիստ է նշանակվել, որի շրջանակներում նա հարցաքննվել է:

Տուժող Շանթ Մագարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն հոր միջոցով տեղեկացրել են, որ պետք է դատարան գնա` ինչ- որ փաստաթուղթ ստորագրելու, սակայն  դրա փոխարեն հարցաքննել են:

Այսպիսով` կարելի է արձանագրել, որ խախտվել է դատական նիստերի հրապարակայնության սկզբունքը: Հատկանշական է, որ Շանթ Մագարյանն այսուհետ Հայաստանում է գտնվելու, իսկ այս գործը դատարանում է գտնվում շուրջ երեքուկես տարի. դատավորը, կարելի է ասել, շտապողականություն չի ցուցաբերել գործը ողջամիտ ժամկետում քննելու համար: Թե ինչն է եղել շտապողականություն չցուցաբերելու և տուժողին ոչ թե հերթական, այլ արտահերթ նիստի ընթացքում հարցաքննելու պատճառը, երբ վերջինս այսուհետ Հայաստանում է լինելու, հայտնի չէ:

Հատկանշական է, որ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում մարտի 29-ին անցկացված «արտահերթ» նիստի օրվա և ժամի  վերաբերյալ տեղեկություններ չեն տեղադրվել, և, ըստ Դատալեքսում առկա տեղեկատվության մարտի 21-ի նիստին հաջորդում է այսօրվա՝ ապրիլի 5-ի նիստը:

Այսօր ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին, որպեսզի նիստը հետաձգվի և իրենց հնարավորություն տրվի Շանթ Մագարյանի հարցաքննության արձանագրությանը ծանոթանալու և գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն պատրաստվելու համար: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի խնդրանքը և հետաձգեց դատական նիստը:

Նիստի ավարտից հետո Շանթ Մագարյանը լրագրողների հետ զրույցում իր հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնեց և դժգոհեց գործի քննության ընթացքից:

Տուժողի խոսքով՝ ինքը և երկու անձ մեքենայով գնալիս են եղել, երբ Սերժ Վարդանյանն ու վերջինիս ընկերը մեքենայով կտրել են իրենց ճանապարհն ու կոպիտ խոսել իրենց հետ:

«Մոտեցանք մեքենային, քաշքշուկ սկսվեց, հետո նրանք իրավապահներին նկատեցին, ցանկացան փախուստի դիմել, որի հետևանքով ինձ 30 մետր գետնին քարշ տալով տարան»,-պատմեց տուժողը:

Վերջինս նշեց, որ իր ստացած վնասվածնքներն ապացուցվում են դրանց վերաբերյալ առկա լուսանկարներով և բժշկական փաստաթղթերով: Մագարյանի խոսքով՝ միջադեպին  4 ոստիկան է ականատես եղել, իսկ տարածքի տեսախցիկները ֆիքսել են կատարվածը:

«Ոստիկաններն իրար մեջ հեռախոսով խոսում էին, ասում էին` էլի «էսինչի» տղան է, այդ րոպեին արդեն գիտեին` ով է Սերժը»,- պատմեց տուժողը:

Վերջինիս խոսքով՝ երբ ինքը դիմել է իրավապահներին, չի մտածել, որ գործը տարիներով կձգձգվի:

«Առաջին մի քանի ամիսը չէին կարողանում Սերժին բռնել, քանի որ կապեր ուներ: Նախաքննական մարմինը շատ լավ գիտեր, թե ով էր Սերժը. ինձ նույն բանը մի քանի անգամ գրել էին տալիս, ես էլ ասում էի ի՞նչ իմաստ ունի նույն բանի մասին այդքան խոսել, եթե ամեն ինչ պարզ է»,-ասաց Մագարյանը ու կարծիք հայտնեց, որ տուժողը չպետք է այսքան խնդիրների մեջ հայտնվի քրեական գործի քննության ընթացքում:

Մագարյանը նշեց, որ ինքը երբևէ  նպատակն չի ունեցել այնպես անել, որ ամբաստանյալները հայտնվեն ճաղերի ետևում:

«Ես պարզապես ցանկանում էի, որ իրենք պատիժ ստանան ու չշարունակեն նման կերպ վարվել մարդկանց հետ»,-ասաց Շանթ Մագարյանը:

Վերջինս նշեց նաև, որ դատական նիստի ընթացքում ամբաստանյալները փորձել են կատարվածի մեղքը բարդել իր վրա, իսկ երբ ցույց է տվել միջադեպի հետևանքով ստացած իր վնասվածների լուսանկարները, պաշտպաններից մեկը հայտարարել է, որ լուսանկարը գուցե «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով է սարքած:

Բացի այդ, ըստ տուժողի՝ դատարանում ամբաստանյալների կողմնակիցներն իրեն նաև ծաղրել են ու «տեռորիստ» անվանել:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 12-ին:

Լուսանկարում` տուժող Շանթ Մագարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter