HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառտնտեսության տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքն ու պաշտոնատար անձանց դրդել կեղծիքների

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ կաշառքի դիմաց ապօրինի ծառահատումների իրական ծավալները թաքցնելու փաստերով քննվող բազմադրվագ քրեական գործով բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների նոր դեպքեր: Մասնավորապես, իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վասիլ Չիլինգարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով և պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իր ղեկավարած անտառտնտեսությունում ստուգումներ իրականացնող պաշտոնատար անձանց դրդել է պաշտոնեական կեղծիք կատարելուն, այն է՝ ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալներն ու պատճառված վնասի իրական չափը նվազեցնելուն, որով էական վնաս է պատճառել նշված պետական կազմակերպությանը և պետությանը:

Այսպես, 2016 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 11-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում ստուգումներ իրականացնող խմբում ընդգրկվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանը, ով փաստացի ղեկավարել է ստուգող խմբի աշխատանքները: Ստուգումների արդյունքում հիշյալ անտառտնտեսության 7 անտառպետության 35 պահաբաժիններում հայտնաբերվել են բազմաթիվ ապօրինի հատված ծառեր:

Սակայն անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանը, ապօրինի ծառահատումների և բնությանը պատճառված վնասի իրական ծավալները թաքցնելու, ինչպես նաև անտառտնտեսության գործունեության ղեկավարման վիճակը բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու նպատակով օգտագործել է ստուգող խմբի ղեկավար Վ. Աբրահամյանի հետ ունեցած կապերը և վերջինիս միջոցով ստուգող խմբի անդամներին դրդել պաշտոնեական կեղծիքներ կատարելուն: Այդ նպատակով Վ. Չիլինգարյանը հանդիպել է Վ. Աբրահամյանի և ստուգող խմբի գործունեությունը վերահսկող` ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Վ. Ասատրյանի հետ ու նրանց հետ քննարկել ապօրինի ծառահատումների ծավալները նվազեցնելու հանգամանքները:

Արդյունքում, Վ. Աբրահամյանը Վ. Ասատրյանի գիտությամբ ու թողտվությամբ և Վ. Չիլինգարյանի դրդմամբ ստուգող խմբի հետ կազմել է իրականությանը չհամապատասխանող ստուգման ակտ, որում մտցրել է ապօրինի հատված ծառերի քանակի ու դրա հետևանքով բնությանը պատճառված վնասի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Այսպիսով, Վ. Չիլինգարյանը չի կատարել անտառխախտման դեպքերը հայտնաբերելու, անտառխախտման արձանագրություն կազմելու, հայտնաբերված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ անհապաղ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու իր պարտականությունը: Ավելին, իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ պարունակող ստուգման ակտի հիման վրա թաքցրել է անտառտնտեսությունում ապօրինի ծառահատումների իրական ծավալը, որի հետևանքով բնությանը պատճառվել է էական վնաս:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վասիլ Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված Վարդան Ասատրյանի և Վասիլ Աբրահամյանի նկատմամբ, ինչպես արդեն տեղեկացվել է, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Վ. Չիլինգարյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հաշվի առնելով, որ ապօրինի ծառահատումների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը քննության տեսանկյունից բարդ և բազմադրվագ է, դրա շրջանակներում դեռևս շարունակվում են իրականացվել քննչական և այլ դատավարական գործողություններ` միաժամանակ մի քանի անտառտնտեսությունների գործունեությանն առնչվող պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված բազմաթիվ չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ներկա փուլում հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր առմամբ 22 անձ, այդ թվում` ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, այդ թվում` տնօրեններ, անտառապետեր ու անտառապահներ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել են շուրջ 200 անձինք, այդ թվում` վկաներ, կասկածյալներ, մեղադրյալներ, կատարվել առերեսումներ և այլ մեծածավալ քննչական-դատավարական գործողություններ: Նշանակվել են տարբեր փորձաքննություններ և մասնագիտական ստուգումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter