HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Անհրաժեշտ է այնքան մարդ, որ կարողանանք շրջափակել ԱԺ շենքը»

Սերժ Սարգսյանի՝ հնարավոր վարչապետության դեմ պայքարղ «Իմ քայլը» նախաձեռնությունը, դիմելով քաղաքացիներին, կոչ է անում հանգանակություն կատարել: «Իմ քայլը» շարժման ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է, որ իրենց շարժմանը ֆինանսապես աջակցել ցանկացող քաղաքացիները կարող են բանկային քարտից փոխանցումներ կատարել: Ըստ ՔՊ-ի հայտարարության՝ յուրաքանչյուր երեք օրը մեկ հաշվետվություն է ներկայացվելու դրամական փոխացումների մասին:

Ավելի ուշ Փաշինյանը հրապարակել է փոխանցումներից մի հաշվետվություն, որտեղ հիմնականում ՔՊ անդամների անուններն են հրապարակված, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը փոխանցել է 700 ԱՄՆ դոլար, ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանը՝ 100 դոլար, Տիգրան Ավինյանը ևս 100 դոլար, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, Երևանի ավագանու անդամներ Զարուհի Բաթոյանն ու Էդուարդ Աղաջանյանը՝ 50 հազարական դրամներ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ անդամ Դանիել Իոաննիսյանի ընտանիքը փոխանցել է 10 հազար դրամ, կան նաև անանուն նվիրատուներ, օրինակ մի քաղաքացի ՌԴ-ից 10 հազար ռուսական ռուբլի է  փոխանցել՝ առանց անունը հայտնելու:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև կատարված գնումների հաշվետվություն, որում առկա են ինչպես սնունդ, այնպես էլ անհրաժեշտ այլ ապրանքներ, ինչպես՝ սելֆիի ձող, լապտեր, վրան և այլն:

Էջում տեղադրվել են նաև քաղաքացիներից նվեր ստացած թխվածքաբլիթների լուսանկարներ:

Խումբը գիշերը մնացել է Լոռու մարզում՝ Վանաձոր քաղաքի մոտակայքում:

«Մենք մեր քայլը անում ենք և հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացիներն էլ իրենց քայլը կանեն, և դա կբերի փոփոխությունների, մենք հույս ունենք Ազատության հրապարակում տեսնել հարյուր հազարավոր քաղաքացիների: Հստակ պատկերացնում ենք, թե ինչպես ենք այդ քաղաքացիների կամարտահայտությունը վերածելու կոնկրետ քաղաքական արդյունքի: Ըստ էության չենք թաքցնում, որ բարեհաջող ավարտի համար անհրաժեշտ է այնքան մարդ, որ կարողանանք քաղաքացիներով շրջափակել ԱԺ շենքը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռարձակումներով ասում է նաև իրենց նոր միացած համակիրների մասին, օրինակ՝ ՔՊ անդամ Ռոմանոս Պետրոսյանի և վերջինիս անչափահաս որդու, ինչպես նաև Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի բնակչուհի Տաթևիկի մասին: Վերջինս եթերում հայտարարեց, որ իր նման երիտասարդները նկատելի փոփոխություններ են ուզում՝ չմտածելով, որ ամեն ինչ սկսվում է նման քայլերից: Ուստի Տաթևիկը կոչ արեց միանալ շարժմանը:

Փաշինյանը նաև նվիրատվությունների և ծախսերի հաշվետվություններին է անդրադառանում, ասում է, որ դեռ մարտ ամսվա վերջից իրենք սկսել են փոխանցումներ կատարել: Արդեն ծախսել են 887 հազար 110 հազար դրամ, սակայն ամբողջը քայլարշավի ժամանակ չէ, որ ծախսվել է, գումար են փոխանցել «Իմ քայլը» երգի ձայնագրման համար, ֆեյսբուքյան գովազդների և այլնի համար:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» շարժման անդամները, մարտի 31-ից քայլերթը սկսելով Գյումրիի Վարդանանց հրապարակից` ապրիլի 13-ին` 18.30-ին, լինելու են Երևանի Ազատության հրապարակում:


«Իմ քայլը» շարժման մասին կարող եք կարդալ նաև այս հրապարակումներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter