Շաբաթ, 21 ապրիլի

Ռուսական օպերատորն ասում է, որ ուղեւորներին առաջարկել է կա՛մ չվերթը փոխել, կա՛մ գումարը վերցնել



Երեկ գրել էինք, որ ապրիլի 2-ին «Ուրալյան ավիաուղիների» երկու չվերթների՝ Կրասնոդար-Երեւան-Կրասնոդարի եւ Ռոստով-Երեւան-Ռոստովի չեղարկումը մեծ դժգոհություն էր առաջացրել «Զվարթնոցում» դրանց սպասող ուղեւորների շրջանում: «Հետքի» հետ զրույցում ուղեւորներից մեկը հայտնել էր, որ ռուսական օպերատորը որեւէ կերպ չի փոխհատուցել իրենց կրած վնասները:

Մեր հարցերին «Ուրալյան ավիաուղիների» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լիպարիտ Հովհաննիսյանը չէր պատասխանել՝ հորդորելով դրանք հղել հենց ռուսական կողմին:

«Ուրալյան ավիաուղիների» հանրային կապերի բաժնի ղեկավար Վերա Գասնիկովան «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել է, որ նշված չվերթները չեղարկվել են ավիաընկերության չվացուցակի օպտիմալացման շրջանակներում: Հիշեցնենք, որ, ըստ պլանի, ինչպես կարող ենք տեսնել «Զվարթնոց» օդանավակայանի կայքում, Կրասնոդարի թռիչքները կատարվում են ամեն օր, իսկ Ռոստովինը՝ շաբաթական 5 անգամ (մինչեւ մարտի վերջ՝ 3 անգամ):

Գասնիկովան նշել է, որ չեղարկման մասին հայտնի է դարձել թռիչքների կատարման նախորդ օրը՝ ապրիլի 1-ին: Միաժամանակ նա հայտնել է. «Ուղեւորներին անհապաղ ծանուցումներ են ուղարկվել չեղարկումների մասին, եւ առաջարկվել է կա՛մ մոտակա չվերթով մեկնելու տարբերակ, կա՛մ դրամական միջոցների փոխհատուցում»: «Հետքի» զրուցակիցը նշել էր, որ, օրինակ, Ռոստովի չվերթի վերաբերյալ իրենց առաջարկել են մեկնել 2 օր անց՝ ապրիլի 4-ին, սակայն եղել են մարդիկ, ովքեր Երեւանում այդ երկու օրը մնալու տեղ չեն ունեցել: Մյուս կողմից, ըստ «Հետքի» աղբյուրի, փոխհատուցում ռուսական կողմը չի առաջարկել:

«Օգտվելով առիթից՝ ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ուղեւորների ներողամտությունը»,- եզրափակել է «Ուրալյան ավիաուղիների» աշխատակիցը:      


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ