Կիրակի, 23 սեպտեմբերի

Vineti. 21-րդ դարի տեխնոլոգիա 21-րդ դարի բժշկության համար


Vineti-ն թվային տեխնոլոգիաների ընկերություն է, որն օգնում է դեղագործական ընկերություններին անհատականացված բուժում առաջարկել հիվանդներին։ Ընկերության տրամադրած ծրագրային նոր լուծումների շնորհիվ հնարավոր է արդյունավետ կազմակերպել անհատականացված դեղերի արտադրությունը, դեղերի՝ հիվանդին հասնելու փուլերն ու եկամտի ստացումը։

Vineti ստարտափը հիմնադրվել է 2016 թվականին ԱՄՆ-ում։ Այն գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, սակայն ունի ներկայացուցչություն նաև Հայաստանում։ Հայաստանյան թիմում կան ինժեներական կազմի անդամներ, որակի ստուգման մասնագետներ, արտադրանքի մենեջերներ, դիզայներներ, հաճախորդների աջակցման մասնագետներ։ Այսինքն՝ հայաստանյան թիմը ոչ միայն պարզապես առաջադրանքներ է ստանում ու իրականացնում, այլև ներգրավված է բիզնես ռազմավարությունը մշակելու գործընթացում։ Ընդհանուր առմամբ թիմն ունի 50 աշխատակից։ Ստարտափի ղեկավարը Ամի Դուռոսն է, իսկ համահիմնադիր, հայազգի ներկայացուցիչ Ռազմիկ Աբնուսը ստարտափի տեխնիկական գծով տնօրենն է։

Ստարտափի արտադրանքի փոխնախագահ (VP of product) Ներսես Օհանյանի խոսքով՝ Vineti-ն ստեղծում է խելացի, իրական ժամանակում գործողություններին հետևելու ծրագիր, որը թույլ է տալիս անհատականացված բժշկության նորարարությունները դարձնել առողջապահական ոլորտի հիմնական բաղադրիչներից։


Ներսես Օհանյանը

Անհատականացված բժշկությունը բժշկության տեսակ է, որն օգտագործում է մարդու գեների, սպիտակուցների, շրջակա միջավայրի մասին տեղեկությունները՝ հիվանդության ախտորոշման, կանխարգելման եւ բուժման համար: Այսինքն՝ անհատականացված բժշկության դեպքում ընտրում են տվյալ հիվանդին ամենահամապատասխան թերապիան, ստեղծում են անհատական դեղամիջոց՝ հիմք ընդունելով նրա ժառանգական և ոչ ժառանգական առանձնահատկությունները, մոլեկուլյար ու բջջաբանական հետազոտությունների արդյունքները։

Ներսեսը նշում է, որ հիմա կան մեծ դեղագործական (drug development) ընկերություններ, որոնք մարդու մարմնի բջիջները գենետիկորեն փոխելով փորձում են բուժել որոշ հիվանդություններ ու դա անում են տարբեր  եղանակներով՝ կա՛մ մարմնի մեջ են գենետիկական փոփոխություն իրականացնում, կա՛մ այն անում են արտամարմնային եղանակով, ապա ներդնում օրգանիզմի մեջ։

Գործընթացը հետևյալն է՝ մարդ գնում է հիվանդանոց, որտեղ, օրինակ՝ ստանում է ինչ-որ հիվանդության ախտորոշում, հատկապես չարորակ ուռուցքի բացահայտման դեպքում որոշակի բուժում է ստանում ու, երբ այն չի օգնում, բժիշկը տեղեկացնում է, որ կարող են պատվիրել հատուկ տվյալ հիվանդի համար նախատեսված դեղ, որը կարող է օգնել հաղթահարել հիվանդությունը։ Դրանից հետո բժիշկը կապ է հաստատում դեղագործական ընկերության հետ ու պայմանավորվում՝ երբ է պետք դեղը պատրաստել։ Համապատասխան լաբորատորիայում  վերցնում են հիվանդի բջիջները, ուղարկում են դեղագործական ընկերություն, որտեղ պատրաստվում է դեղն ու հետ է ուղարկվում հիվանդանոց։ Սա շատ կարևոր գործընթաց է ու պետք է հստակ մեխանիզմով հսկել այն։

Հենց այս բացը լրացնելու համար էլ GE Ventures-ի ներդրման շնորհիվ ստեղծվեց Vineti-ն։ Մատակարարման շղթայի կառավարումը բաղկացած է տարբեր գործառույթներից, որոնց մեծ մասն էլ ապահովում է հենց Vineti-ն։ Օրինակ՝ ստարտափի թիմը ստեղծել է մի հավելված, որը հիվանդանոցում օգտագործվում է բջիջները վերցնելու ժամանակ։ Քանի որ հետագայում բջիջները դեղը պատրաստելու մաս են դառնալու, կան որոշակի չափանիշներ, որոնց պետք է այդ գործընթացն անպայման համապատասխանի ու դեղագործական ընկերությունը պետք է վստահ լինի, որ անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովված են եղել։ Այսինքն՝ Vineti-ն ապահովում է, որ այս գործընթացը լինի GMP (Good Manufacturing Practice)։ Վերջինս արտադրանքի որակի ապահովման ծրագիր է, որը վստահեցնում է, որ  արտադրանքը ստեղծվում և վերահսկվում է որակի ստանդարտների համապատասխան: Այն նախատեսված է նվազագույնի հասցնելու դեղագործական արտադրությունում առկա այն բոլոր ռիսկերը, որոնք հնարավոր չէ վերացնել վերջնական արտադրանքի փորձարկման ժամանակ:

Յուրաքանչյուր դեղագործական ընկերություն ունի իր SOP (Standard operating procedure)-ները` չափորոշիչները, որոնց համապատասխան պետք է վերցնել բջիջները։

Այս ծրագրի միջոցով նախ ներմուծվում են հիվանդի անձնական տվյալները հետագայում դեղը չխառնելու և այլ հիվանդի չտրամադրելու համար։ Ապա ծրագրի միջոցով բուժքույրը ներմուծում է տարբեր տվյալներ կապված արյան կամ բջիջների հետ։ Քանի որ այս տեղեկությունը շատ կարևոր է, համակարգը որոշ դեպքերում ստիպում է, որ տվյալները երկրորդ անգամ հաստատվեն այլ բուժքրոջ կողմից։ Երբ տվյալները համապատասխանում են բոլոր կետերին, բջիջներն ուղարկվում են դեղագործական ընկերություն։ 

Բացի այդ Vineti-ն ապահովում է հիվանդանոցի և դեղագործական ընկերության կապը, որպեսզի անվտանգության տեսանկյունից ոչ մի սխալ կամ բացթողում չլինի։ Vineti-ն հետևում է Chain of Identity-ն ու Chain of Custudy-ն` ում համար է ստեղծվել դեղը, երբ ում ձեռքում է եղել, որտեղից ում է փոխանցվել։ Ներկա պահին բջիջները լաբորատորիայից դեղագործական ընկերություն, ապա հիվանդանոց են տանում մարդիկ։ Եթե նույնիսկ մի քանի ժամ հասկանալի չէ, թե որտեղ է եղել դեղը, ապա այն օգտագործման պիտանի չէ։ Հիմա Vineti-ն թվային տարբերակով հետևում է այս ամբողջ շղթային, իսկ ապագայում պատրաստվում է այս բոլոր գործընթացները ավտոմատացնել՝ հնարավորինս բացառելով մարդկային գործոնը։

Կարևոր է նաև Vineti-ի միջոցով schedule անել՝ պլանավորել, թե բջիջները երբ որտեղ պետք է լինեն։ Հավանական է, որ հիվանդանոցը կարող է լինել մի նահանգում, իսկ արտադրությունը մեկ այլ հեռավոր նահանգում։ Պետք է հաշվարկել՝ ինչքան ժամանակ է հարկավոր դեղը հիվանդին ճիշտ ժամանակին հասցնելու համար ու ինչ է պետք անել, օրինակ, ինքնաթիռի թռիչքի չեղարկման կամ ուշացման դեպքում։ Նմանատիպ դեպքերը հնարավոր է արագ կարգավորել հենց ծրագրի միջոցով։

Այսինքն՝ Vineti-ի միջոցով հնարավոր է հավաքագրել տվյալներ, հետևել երթուղուն, արտադրությանը, փորձարկմանն ու ներարկմանը։ Այն ապահովում է նաև արտադրանքի պիտակավորումը։ Կախված արտադրության գործընթացից՝ պիտակավորումը տեղի է ունենում կամ հիվանդանոցում, կամ լաբորատորիայում, կամ, օրինակ՝ փոխադրող ընկերությունում։

Ներկա պահին Vineti-ն գործում է միայն ԱՄՆ-ում, որովհետև հենց այնտեղ են գտնվում դեղագործական ընկերություններն ու լաբորատորիաները, սակայն որոշ փորձարկումներ են կատարվում նաև Եվրոպայում և Ասիայում։ 

Նմանատիպ դեղերի պատրաստումն արժե 300-400 հազար դոլար, ու քչերն ունեն դրանք ձեռք բերելու հնարավորություն։ Այդ պատճառով ֆինանսական ծախսերը հիմնականում հոգում են ապահովագրական ընկերությունները։ Սակայն երբ շուկան մեծանա, Ներսեսի կարծիքով, հնարավոր է՝ գներն ավելի մատչելի դառնան։

Ներսեսի խոսքով՝ ամենամեծ հաջողությունն այն է, որ  եղել են չարորակ հիվանդություններով մարդիկ, որոնց Vineti-ի միջոցով դեղեր են հասցրել ու նպաստել նրանց բուժմանը։ Vineti-ի հաճախորդներից մեկը՝ Gilead-Kite դեղագործական ընկերությունն արդեն շուկայում է և ունի թույլտվություն դեղեր պատրաստելու ու հիվանդանոցներին տրամադրելու համար։

Հաշվի առնելով՝ որքան արագ են տեխնոլոգիաները զարգանում՝ Vineti-ի թիմն աշխատում է իր մատուցած ծառայություններն ավելի շատացնելու ու ամբողջ աշխարհում դեղեր մատակարարելու բացը արդյունավետ լուծելու ուղղությամբ։

Գլխավոր լուսանկարը՝ ՀԲԸՄ-ի


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։