Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Զինված խմբի գործով պարագլուխ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. ահազանգում է պաշտպանը



Նորքի «զինված խմբի» գործով այսօրվա դատական նիստի ընթացքում Արթուր Վարդանյանի պաշտպանը երկու անգամ հայտարարեց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին:

Առաջին անգամ Վարդանյանի առողջական վիճակի մասին նա խոսեց նիստի մեկնարկին: Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ արդեն տևական ժամանակ է` Վարդանյանը լյարդի և թոքերի շրջանում ցավեր ունի և խնդրեց նրա համար շտապօգնություն հրավիրել դատարան: Դատական նիստն ընդմիջվեց 40 րոպեով:

Նշենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում Արթուր Վարդանյանի մյուս պաշտպան Սիրուշ Աղվանյանը հայտնել էր, որ Վարդանյանը առողջական խնդիրների պատճառով այլևս ի վիճակի չէ մասնակցել նիստին, և դատարանը հետաձգել էր այն: Այդ օրը ևս Արթուր Վարդանյանի համար շտապօգնություն էր հրավիրվել: Սիրուշ Աղվանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Վարդանյանի առողջական խնդիրներն ի հայտ են եկել դեռևս 2017 թվականի ամռանը, ինչպես նաև նշել, որ արդեն տևական ժամանակ է` Վարդանյանի ջերմությունը տատանվում է 37-ից մինչև 38 աստիճան:

Վերսկսված դատական  նիստի ընթացքում Լևոն Բաղդասարյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Վարդանյանն ի վիճակի չէ նիստին մասնակցել և միջնորդեց, որ դատարանը թույլատրի Արթուր Վարդանյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

«Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում»,- հայտարարեց պաշտպանն ու նշեց, որ արդեն մեկ տարի է, ինչ Վարդանյանը մի շարք գանգատներ ունի, որ գիտակցության կորուստ է ունենում: Ըստ պաշտպանի՝ անզեն աչքով էլ տեսանելի է, որ Վարդանյանի աչքերում դեղնություն կա:

Ըստ Լևոն Բաղդասարյանի՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում է կալանավորված Վարդանյանը, ասել են, որ վերջինիս զննել են տարբեր բժիշկ-մասնագետներ, կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, Վարդանյանի մոտ հայտնաբերվել է բրոնխիտ ու նշանակվել համապատասխան դեղորայքային բուժում: Սակայն, ըստ Լևոն Բաղդասարյանի, այս պահի դրությամբ իր պաշտպանյալի առողջական վիճակն էլ ավելի է վատացել:

«Վարդանյանի առողջական վիճակը բացասական դինամիկա ունի և նրան անհրաժեշտ է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել»,- հայտարարեց Լևոն Բաղդասարյանն ու նշեց, որ իր պաշտպանյալի առողջության պատասխանատուն ոչ միայն ՔԿՀ-ն է, այլեւ այն դատարանը, որի վարույթում քննվում է նրա վերաբերյալ քրեական գործը:

Դատարանը, սակայն, միջնորդության վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց, քանի որ «ինքը չէ Վարդանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պատասխանատուն»: Դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտնեց, որ պաշտպանի միջնորդությունը կուղարկի քրեակատարողական հիմնարկ, ապա հետաձգեց դատական նիստը:

Իսկ մինչ այս հետազոտվեցին Արթուր Վարդանյանի և այս գործից անջատված մասով անցնող մեղադրյալ Հակոբ Հակոբյանի միջև հեռախոսային խոսակցությունների գատնալսումները:

Թեև զրուցակիցները որոշ դեպքերում գաղտնաբառերով էին խոսում, ակնհայտ էր, որ զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ խոսակցություններ էին:

Նշենք, որ Հակոբ Հակոբյանին դատարանն արդեն դատապարտել է 3.5 տարի ժամկետով ազատազրկման՝ զենք-զինամթերք հայթայթելու համար: Վերջինս, սակայն, նշել է, որ Արթուր Վարդանյանն իրեն ասել է, թե զենք-զինամթերքը Սիրիայի համար է:

Խոսակցություններից մեկում Արթուր Վարդանյանը հետաքրքվում է, թե կոնկրետ ինչ է կարողացել հայթայթել Հակոբ Հակոբյանը:

«T1, 2, 3, 4,5. ի՞նչ կա դրանցից»,- հարցնում է Վարդանյանը: Ի պատասխան` Հակոբ Հակոբյանը նշում է ընդհանուր այն ամենն, ինչ առկա է` ասելով նաև դրանց գները:

«2 հատ T-1400, ПК-1500,  մակար-1200»,- շարունակում է թվարկել Հակոբյանը, և Արթուր Վարդանյանը ընթացքում ասում է, թե ինչ է ուզում:

Ձայնագրություններից պարզ է դառնում, որ ապրանքը, որի մասին խոսում են զրուցակիցները, Հակոբ Հակոբյանին չի պատկանում:

«Ամեն տեսակ կա, դու մենակ հելի, արի, ապրանքը պահեստից է բերում»,- Վարդանյանին ասում է Հակոբ Հակոբյանը: Վարդանյանը հետաքրքրվում է` եթե գնա, կարո՞ղ է իր աչքով տեսնել ապրանքը: Ապա Հակոբյանն ասում է, որ Վարդանյանին տասը րոպե ժամանակ է տալիս, որ հստակ ասի, թե կոնկրետ ինչ է ուզում:

Հեռախոսային վերը նշված խոսակցությունների հրապարակումից հետո Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ ապացուցողական նշանակություն ունեն դրանք: Պաշտպանը նշեց, որ այն պահին, երբ Վարդանյանը ձերբակալվել է, հայտարարել է, թե ինչի համար է զենքը:

Նշենք, որ Արթուր Վարդանյանը ձերբակալվել է 2015 թվականի նոյեմբերին՝ Նորք-Մարաշում գտնվող առանձնատներից մեկում: Այս առանձնատանը ձերբակալվել են գործով այլ ամբաստանյալներ ևս: Տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, և Արթուր Վարդանյանը հայտարարել է, որ զենքը Սիրիայի համար է:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև անձինք, որոնք առանձնատանը չեն եղել: Նրանց թվում է պաշպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:

Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»:  


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ