HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Աղոթքից հետո (պատմվածք)

Այդ ժամին նրանք միշտ աղոթում են: Այդ մասին գիտեր միայն լեյտենանտը: Մենք հարձակվեցինք հենց այդ ժամին, այդպես էլ նախատեսված էր: Հրամանատարների գլխում էր ծագել այդ միտքը: Մեզանից շատերը չգիտեին, որ աղոթքի ժամ է. անակնկալի եկանք, երբ տեսանք աղոթող զինվորներին, ոչ ոք չէր ուզում կրակել: Ռացիայի մեջ լսվում էր.

- Արծի՛վ, Արծի՛վ, պատասխանի՛ր, անձրեւի ձայն չի լսվում, պատասխանի՛ր: Արծի՛վ, պատասխանի՛ր:

Անձրեւի ձայնը մեր կրակահերթերն էին, որ չկային: Լեյտենանտը քրտինքի մեջ կորած՝ նայում էր աղոթող զինվորներին, մենք՝ ձեռքներս ձգաններին, սպասում էինք՝ քար կտրած: Նրանք նայում էին իրենց ուղղված զենքերին եւ մեզ: Մենք' 7 հոգով ու մեր առջեւ' գետնին ծնկած 14 զինվոր:

Անզգույշ մի ձայն՝ կրակը կսկսվի: Լռությունը ոչ ոք չի կարողանում խախտել: Ի՞նչ է լինելու. մեկս մյուսի հայացքը զգում էինք՝ առանց իրար նայելու: Ռացիան խշշում էր, լեյտենանտը ձեռքը տարավ եւ անջատեց այն: Լռությունն ավելի պրկվեց: Այսպես չէինք կարող երկար դիմանալ: Լռությունն ուր որ է պիտի պայթի: Հիմա կպայթի: Ի՞նչ է լինելու, Աստվա՜ծ իմ: Նրանցից ոմանք շարունակեցին աղոթքը: Լսվում էր Ալլահ բառը: Ի՞նչ է լինելու, Աստվա՜ծ իմ: Աստվա՜ծ իմ, Ալլա՜հ, Աստվա՜ծ իմ, Ալլա՜հ: Մենք մեր մտքում մրմնջում էինք' Աստված իմ, նրանք բարձրաձայնում էին' Ալլահ: «Աստվա՜ծ իմ, ինչու՞ չեն լռում, ինչու՞ են շարունակում աղոթել, գոնե լռեն»: Լեյտենանտը ձեռքը թափ տվեց, ինչ-որ բան կիսաձայն շշնջաց, հետո ավելացրեց.

- Չկրակե՛լ, դանդաղ դուրս եկեք, առանց կրակելու, չկրակե՛ք, դու՛րս բոլորդ:

Կդիրքավորվեք պատուհանների մոտ, ոչ ոք չպետք է փախչի, իսկ հիմա թող աղոթեն,- ասաց լեյտենանտը:

Աղոթքը հոսում էր երկնքից: Նրանց մեջ մի քանի մանուկներ էլ կային, երեւի տեղացիների երեխաներն էին, զինվորների արանքները խցկված՝ աղոթում էին: Իրիկուն էր, նրանք այդ ժամին հարձակման չէին սպասում:

Մենք գունատվել էինք արդեն ութ ցերեկ ու գիշեր ձգվող անքնությունից: Ամեն օր սպասում էինք հրամանի, ամեն պահի կարող էր դա լինել: Օրերը արդեն երազ էին թվում, օրերը մենք չէինք զգում: Աղբյուրի վրա նստել էին թուրքերը: Ու մենք ձյունն էինք հալեցնում-խմում, հետո բոլորս փորացավ ունեցանք. երկրորդ օրն էր: Մենք ուտելու բան էլ չունեինք, դոշաբի հետ ձյուն խառնեցինք, կերանք ու փորացավ սկսվեց: Ո՞վ ասաց' այդպես համով է, չեմ էլ հիշում: Արեւ չկար փետրվարյան այդ օրերում, ձյուն էր գալիս ամբողջ օրը, ու մենք ալարում էինք շարժվել տեղներիցս: Մրսում էինք: Բայց չէինք վառում կրակը, որովհետեւ անտարբեր էինք դարձել նաեւ ցրտի նկատմամբ: Անտարբեր ամեն ինչի նկատմամբ: Թվում էր՝ վերջ չի ունենա այս մղձավանջը: Սակայն այն վերջացավ գյուղ մտնելու հրամանի հետ:

Աղթոքը հոսում էր արյան միջով, մտել էր մեր մեջ ու խենթացնում էր: Ո՞վ բերեց մեզ այդ աղոթքի գլխին կանգնեցրեց ու ասաց՝ կրակի՛ր: Աղոթքի վրա ո՞նց կրակես: Աղոթքը կրակով ո՞նց սպանես: Աղոթիր, որ կրակեմ: Աղոթիր, որ մեռնես: Հնարամիտ գեներալն այդպես էլ նախատեսել էր՝ աղոթքի պահը բռնացնել ու ոչնչացնել թշնամուն: Գեներալը մեքենա է, նա ասում էր՝ նման գործողության ժամանակ նախատեսվում է յուրայինների 10-20 տոկոս կորուստ: Խորհրդային բանակի սպա էր եւ կորուստների մասնագետ: Նա դա ասել էր 17 հոգանոց խմբի մեր հրամանատարին իմ եւ էլի մի զինվորի ներկայությամբ: Մեր ջոկատը գործողության մասնակիցների մեկ տոկոսն էր կազմում: Ուրեմն, հնարավոր է՝ մենք բոլորս զոհվենք: «Ծերուկը խենթ է,- մտածեցի,- խելքը երեւի թռցրել է դեռ Աֆղանստանում»: Գեներալի կոչումն այնտեղ էր ստացել: Այդքան զինվոր դեռ այս պատերազմում որեւէ գործողության չէր մասնակցել, այսպիսի մեծամասշտաբ գործողություն առաջին անգամ էր լինում, եւ դրա համար էլ գեներալը հայտնվել էր մարտադաշտի մերձակայքում: Աղոթքը հոսում էր երակներովս, ես խենթանում էի, զիվորների արանքում տեսել էի մանուկներից մեկի սարսափահար աչքերը: Ես անձայն աղոթում էի՝ Աստվա՜ծ իմ, մենակ թե ոչ հիմա, Աստվա՜ծ իմ, այնպես արա՝ կրակոց չլինի: Վերջ, սա մեր վերջն է լինելու, եթե կրակենք աղոթող երեխաների վրա, ոչ մի Աստված մեզ չի ների: Ո՞վ բերեց մեզ կանգնեցրեց սրանց գլխավերեւում:

- Հանգիստ, հանգիստ, դանդաղ ետ քաշվեք,-լսվում է լեյտենանտի ձայնը: Քրտինքը ծորաց ձախ աչքիս մեջ: Աչքս սկսեց մռմռալ:

Լեյտենանտն աչքը չէր թարթում ու չէր հեռացնում հենց երեխաներից: Ես զգացի, որ բոլորիս հայացքները նկատել են երեխաներին: Դռան մոտ իրար մոտեցանք: Լեյտենանտը, ձեռները լայն բացած, սկսեց ետ քաշել իր զինվորներին:

- Չկրակե՛լ, չկրակե՛լ, դու՛րս եկեք,-հեւում էր նա:

- Ես ձեր մերը, աղոթեք, հետո կխոսենք իրար հետ,-լսվեց աշտարակցի Հրոյի ձայնը:

«Աստվա՜ծ իմ, ի՞նչ է անում այդ երեխան»: Երեխաներից մեկը վերցրեց կողքին ծնկած սպայի ոտքերի մոտ դրած ատրճանակը, դանդաղ բարձրացավ տեղից, բարձրացրեց ատրճանակը.

- Չանե՛ս, չկրակե՛ս,-գոռաց դիմացի մորուքով թուրք զինվորը:
Տղան չէր լսում:
- Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ:
- Չկրակե՛լ,- լսվեց լեյտենանտի ձայնը,-չկրակե՛լ, ե՛տ քաշվեք:

Ատրճանակը պայթեց: Լեյտենանտը ձեռքը տարավ կրծքին. աջ կողմից արյունը ժայթքեց: - Չկրակե՛լ...,- լեյտենանտի արտասանած վերջին բառն էր:

Կրակոցները չէին դադարում, սա անվերջանալի մղձավանջի շարունակությունն էր, որ եկավ, անսպասելի բռնեց մեր կոկորդներն ու խեղդում էր: Անսահման մղձավանջ, որ լցվեց նաեւ ականջներս: Արյունը հոսում էր, հասել էր մինչեւ մեր ոտքերը, տղերքը կրակում էին՝ առանց զգալու, որ բոլորն արնաշաղախ փռված են: Կրասպիտակ պատերը ներկվեցին թարմ արյունով: Հետո լռություն տիրեց. միանգամից, իրարից անկախ, դադարեցրինք կրակը: Արյունը գետնին սկսեց լերդանալ: Քարացած կանգնել էինք:

«Աստվա՜ծ իմ, այս ի՞նչ արինք, Աստվա՜ծ իմ, այս ի՞նչ եղավ»: Ինձ թվում էր՝ բոլորս մտքում սա էինք ասում: Լեյտենանտին հանեցինք դուրս: Ուրիշ զոհ չունեինք: Երեւանցի Գագոն միացրեց ռացիան՝ հաղորդելու մեր հաղթանակի մասին:

- Արծի՛վ, Արծի՛վ, ձեզ մի բզեզ է օգնության գալիս, պատասխանի՛ր, Արծի՛վ,- խշշաց ռացիան:

Մենք սպանել էինք երեք անչափահասների. երկուսը փոքր, շատ փոքր էին, 5-6 տարեկան: Լեյտենանտի վրա կրակողը մոտ 15 տարեկան էր:

«Աստվա՜ծ իմ, ի՞նչ արեցինք»: Արտաշն էր, գրկել էր երեխաներից մեկի գլուխն ու հեկեկում էր:

Մի քանի օր անց վեց զինվորներս եւ զոհված լեյտենանտը պարգեւատրվեցինք:

Արտաշը չէր կարողանում քնել: Նա վախենում էր աչքերը փակել: Գիշերները գոռալով վեր էր թռչում, ամբողջ մարմինը ջուր էր:

- Լավ, բայց մենք մեղք չունեինք, չէինք ուզում կրակել, չէ՞:

Նա չէր լսում մեզ, 19 տարեկան Արտաշը չէր լսում կողքիններին: Մի քանի օր ամեն գիշեր նրան թեւերից բռնած դուրս էինք բերում բլինդաժից: ջուր էինք տալիս, մի քիչ հանգստանում էր, նորից սկսում էր բարձրաձայն հեկեկալ:  

Նրան ետ ուղարկեցին տուն: Ամիսներ անց, երբ վերադարձանք Երեւան, Արտաշին գտանք Նուբարաշենի հոգեբուժարանում: Ամիսը մի քանի անգամ ընկերներով մոտն էինք գնում: Նա մեզ կարծես չէր ճանաչում, համենայնդեպս, դեմքի վրա ոչինչ չէր փոխվում մեզ տեսնելիս: Լուռ նստած՝ նայում էր ինչ-որ կետի: Հետո դադարեցինք այցելել, մեզ համար ծանր էր, որովհետեւ ամեն այցելությունից հետո չգիտեինք ինչ անել, դառնում էինք անխոս: Հոսոն ինչքան էլ փորձում էր մի բան պատմել, միեւնույն է, չէինք ընկալում: Առանց պայմանավորվելու որոշեցինք չայցելել Արտաշին:

«Կիեւյան կամրջից այսօր իրեն ցած է նետել 30 տարեկանի մոտ մի երիտասարդ: Ինքնությունը դեռ պարզված չէ, ովքեր ճանաչում են, թող դիմեն ոստիկանություն»,-2001-ի օգոստոսին հաղորդեց ոստիկանական լրատուն: Նշվեցին հեռախոսահամարներ, որպեսզի ճանաչողները զանգեն:

Ոստիկանության հաղորդման մեջ ցուցադրված նկարում գետնին պառկածը Արտաշն էր:

«Ո՞վ բերեց մեզ ու կանգնեցրեց աղոթքի գլխին, ո՞վ ասաց՝ կրակեք»,- տասներկու տարի է անցել, ամեն օր մի քանի անգամ հարցնում եմ ինքս ինձ:

Լուս.` Հասմիկ Սմբատյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter