HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքական զուգահեռականներ (Ճամփորդական պատմվածք)

Մարինե Պետրոսյան

սկիզբը

Հաջողվե՞ց Քեմալի հեղափոխությունը։ Ոնց որ թե՝ հաջողվեց, եւ հանրապետությունն էսօր Թուրքայում կարծես թե արդեն հայտարարություն չի, այլ իրողություն։ Ամեն դեպքում՝ ընտրություններն էս երկրում վաղուց արդեն ձեւականություն չեն. հենց ընտրություններում հաղթելով էր, որ իսլամամետները եկան իշխանության՝ հակառակ աշխարհիկացման քեմալյան ուղեգիծը պաշտպանող բանակի կամքին։ Բայց էս վերջին հանգամանքի մեջ, ոնց որ հասկանում եք, զավեշտ կա եւ ծուղակ. եթե բանակի կամքը վաղը բոլորովին դադարի որոշիչ դեր խաղալ ներթուրքական քաղաքական գործընթացներում (ոնց որ վայել ա իսկական հանրապետությանը), շատ հավանական ա իսլամականները, օգտագործելով ժողովրդավարական գործուն մեխանիզմները, խաչ քաշեն, ավելի ճիշտ՝ կիսալուսին քաշեն թուրքական հանրապետության վրա՝ վերականգնելով Քեմալի լուծարած խալիֆաթը։

Եթե գծագրածս տարբերակի մեջ մռայլ չափազանցություն տեսաք, ասեմ որ դրա հեղինակը ես չեմ, Մեթինն ա։

Ուրֆայի սարսափելի շոգը իրիկվա կողմ հազիվ մի քիչ մեղմացել էր, սրճարանում նստած թեյ էինք խմում, Մեթինը պատմում էր. «Չգիտեմ ինչքան կդիմանանամ էս քաղաքում, ես իրանց նման չեմ՝ օտար եմ, պարզ զգացնել են տալիս, որ օտար եմ, ամեն րոպե են զգացնել տալիս, պատկերացրեք՝ առեւտուր անելիս ինձ ասում են՝ չէ, ուզածդ չկա, թեեւ ես գիտեմ որ՝ կա։ Աղջիկս էլ բակում էրեխեքի հետ չի կարողանում խաղալ, սովոր չի՝ շատ են կոպիտ»։ Մեթինի հայրը թուրքական բանակի սպա էր եղել։ Ինքը ճարտարապետ էր, հանգամանքների բերումով աշխատանքի էր ուղարկվել Ուրֆա՝ հենց էն քաղաքը, որ դարձել ա արմատական իսլամականության կենտրոնը Թուրքիայում։

Ուրֆայում էդ օրը առավոտից մեզ Աբդուլան էր ուղեկցում։ Պարզվեց՝ ժողովրդական ավանդությունը Ուրֆան նույնացնում ա Աբրահամի ծննդավայր Ուրի հետ։ Երեւի որովհետեւ Աբրահամին հարգում են համաշխարհային կրոններից առնվազն երեքը, նրա ծննդյան քարայրի վրա նախ սինագոգ էր եղել, հետո սինագոգը, առանց քանդվելու, վերափոխվել էր եկեղեցու, վերջում եկեղեցին, նորից առանց քանդվելու, վերափոխվել էր մզկիթի։ Իսկ մզկիթի կողքին Բալըքլը լճակն էր՝ ծայրեծայր լցված սուրբ ձկներով եւ շրջապատված բազմաքանակ մահմեդական բազմությամբ՝ ակնհայտորեն ոչ միայն Թուրքիայի, այլեւ աշխարհի տարբեր ծագերից։ Ու էդ դիտարժան բազմության մեջ ամենից դիտարժանը սպիտակաթիկնոց քրդական շեյխերն էին՝ իրանց զառ-գունավոր կանանց հետ, որոնց կրկնօրինակը ես դարակզբի հայկական ֆիլմերում էի տեսել, բայց բնօրինակն ավելի էր կինո։

Իսկ ձկները սուրբ էին, որովհետեւ երբ որ «գոռոզ ու ամբարիշտ բռնակալ Նեմրութը» միաստվածություն քարոզող Աբրահամին բերդից շպրտել էր ներքեւ, Աստված Աբրահամին փրկելու համար ներքեւում լիճ էր գոյացրել, քարերը ձկների էին փոխվել, ու հիմա սրանք էդ ձկներն էին, կամ ավելի ճիշտ՝ էդ ձկների սերունդները։ Բերդ տանող երկու ճանապարհ կա՝ լույս եւ մութ, մենք ընտրեցինք մութը, դռանը նստած պահակին ամեն մեկս միլիոնական լիրա տվեցինք ու մտանք Նեմրութի կառուցած ստորգետնյա գաղտնուղին։ Մտանք ու համարյա փոշմանեցինք, որովհետեւ անցուղու ամեն հսկա աստիճանը հաղթահարելու համար տիտանական ջանքեր էին պահանջվում։ «Էս Նեմրութ կոչվածը սադո-մազոխիստ ա էղե՞լ, թե տիտան», իբր թե կատակեցի ես ու հաջորդ վայրկյանին հիշեցի որ՝ ախր էս Նեմրութ-Նեմրուդ-Նեբրովթը, Խորենացին մեռավ բացատրելով, մեր հին ծանոթ Բելն էր, որին Հայկը սպանեց, իսկ Հայկն ու Բելն ախր հսկաների գոռոզ ցեղից էին, էնքան գոռոզացան, որոշեցին Բաբելոնի աշտարակը սարքեն, բայց Աստված ջղայնացավ ու քանդեց ... Բայց ես նորից շեղվեցի։

Երբ որ բերդից իջել ու շունչ քաշելու համար թեյ էինք խմում, Աբդուլան մեկ էլ ասեց՝ «Ուրֆայում Հոբի քարայրն էլ կա, կարող ենք գնալ նայել»։ «Հոբի՞,- ականջներիս չհավատացի ես,- էն որ Աստծո դեմ ուզում էր դատ բացե՞լ»։ «Չէ,- ջղայնացավ Աբդուլան,- էն որ Աստծուն մինչեւ վերջ հնազանդ մնաց»։ Գնացինք նայելու։ Հոբի քարայրը ստորգետնյա մի փոս էր՝ լցված ջերմեռանդ կանանցով, որոնց մի մասը քարերն էր գետնատարած համբուրում։ «Էս ինչ որ անում են՝ սխալ ա», տխրեց Աբդուլան՝ հավատարիմ մնալով իսլամական կանոնների անձնուրաց պաշտպանի իր կոչմանը, հակառակ որ դրա պատճառով ամեն քայլափոխի վշտանում էր։ Առավոտյան, Ուրֆա գալու ճանապարհին, Իլքերի հոր գյուղական տունն էինք այցելել, եւ Աբդուլան նորից տխրել էր՝ տեսնելով «չար աչքի դեմ կապույտ հուլունք» թալիսմանները, որոնք նախաիսլամական էին, այսինքն թե՝ «սխալ»։ Ավաղ, էդ օրը Աբդուլայի համար թարս օր էր, եւ ճակատագիրն ամենադառնահամ հաբը իրիկվան էր պահել. Հոբի քարայրից որ դուրս եկանք՝ արդեն օրը կիսվել էր, զանգեցինք Մեթինին, համոզվեցինք որ տունն ա ու մեզ ա ա սպասում, գնացինք տունը գտանք, զանգը տվեցինք, ներս մտանք ու... պարզվեց «էլիտիստի» տանն ենք հայտնվել։

Նախորդ օրը Աբդուլայի հետ թուրքական ֆուտբոլից ու քաղաքականությունից էինք խոսում, ասել էր՝ «մեր քաղաքական դաշտում երկու հիմնական թիմ կա՝ պահպանողականներ ու էլիտիստներ, մնացածը, եթե նույնիսկ բոլորով իրար գլխի հավաքվեն, գոլ խփելու ընդունակ չեն»։ Մինչեւ Մեթինի դռան զանգը տալը, Թուրքիայում մեր բոլոր հյուրընկալները՝ Թահիրը, Աբդուլան, Իլքերը, պահպանողականներ էին եղել, ու ես սովորել էի ոչ միայն նրանց կանանց գլխաշորերին, այլեւ բնակարանների դեկորատիվ հանդիսավորությանը, դրա համար էլ Մեթինի տունը ոչ միայն Աբդուլային անակնկալի բերեց, այլեւ ինձ. դեկորատիվ առարկաների բացակայությունն ու իրերի պարզ գործառականությունն էնքան ակնհայտ էր էդ տանը, որ բնակարանը դառնում էր պրագմատիզմի մանիֆեստ։ Դրա համար էլ, թեեւ հզոր օդափոխիչը դրսի սոսկալի շոգից հետք անգամ չէր թողնում, Աբդուլան շտապեց լքել զովության էդ «էլիտար» օազիսը, իսկ ես հիշեցի Աթաթուրքի թանգարանի նույնքան զով սրահներն ու ոնց որ թե վերջապես գտա Քեմալի հեղափոխության բնորոշումը, որ էդ թանգարանում լինելուց հետո օրեր շարունակ փնտրում էի՝ ազգային-պրագմատիկ հեղափոխություն։

Թուրքիայի մեծ ու փոքր քաղաքների պարտադիր ատրիբուտ՝ Քեմալի զավեշտական արձանները՝ «ձեռքը դեպի ապագան պարզած» կամ «ժողովրդի հետ», էնքան են հիշացնում լենինստալինյան հանգուցյալ մոնումենտները, որ ակամա սկսում ես երկու հեղափոխությունները համեմատել։ Ու համեմատելով, տեսնում ես որ նմանությունները մակերեսային են, տարբերությունները՝ առանցքային։ Լենինի իդեա-ֆիքսը սոցիալական էր, Քեմալինը՝ ազգային։ Լենինի հեղափոխությունը ռոմանտիկ-ուտոպիստական էր, Քեմալինը՝ պրագմատիկ, Վլադիմիր Իլյիչը կասեր՝ օպորտունիստական։

Լենինը մի բան էր որոշել կառուցել, որ աշխարհում դեռ չկար ու երբեք չէր եղել, այնինչ Քեմալի կառուցածն ընդամենը ազգային պետություն էր, իսկ նման շինարարության համար պատրաստի կոնստրուկցիաների պակաս շուրջբոլորը չկար, աշխարհում ինչն էր շատ՝ ազգային պետությունները։ Թուրքական Հանրապետությունն իր քաղաքացիական օրենսգիրքը փոխ առավ Շվեյցարիայից, քրեական օրենսգիրքը՝ Իտալիայից, գործարար կյանքին վերաբերող օրենքները՝ Գերմանիայից։ Բայց որպեսզի նորը սկսեր գործել, պետք էր հինը դեն շպրտել։ Ու Քեմալը որոշեց դեն շպրտել իսլամը։

շարունակելի

Լուս.` Սիլվա Դակեսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter