Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Փոխնախարար Արսեն Քարամյանը բուլղարական ծովափում բնակարան է գնել


Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը 2011 թ. բուլղարական ծովափին բնակարան է գնել: 44-ամյա ՀՀԿ-ական Քարամյանն իր կարիերան սկսել է Երեւանի պետական համալսարանից: 2003-ից նա ղեկավարում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն, 2006-ին եղել է վարչապետի օգնական, 2006-2009-ին՝ ԵՊՀ պրոռեկտոր, 2009-ից նշանակվել է փոխնախարար:

Քարամյանի բնակարանը գտնվում է Բուրգասի մարզի Նեսեբր համայնքի Սվետի Վլաս քաղաքում՝ «Royal Palm» հյուրանոցային համալիրում: Վերջինս այսպես կոչված «apartment hotel» է, որն իր հյուրերին առաջարկում է երեք տիպի 206 բնակարաններ՝ ստուդիաներ, մեկննջասենյականոցներ ու երկննջասենյականոցներ: Սեւ ծովից ընդամենը 100 մետրի վրա գտնվող համալիրն ունի նաեւ երկու լողավազան, մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի, խանութներ եւ այլն: Բուլղարական շատ այլ հյուրանոցների նման այստեղ էլ կան վաճառվող ու վաճառված բնակարաններ, որոնցից մեկը, փաստորեն, Քարամյանինն է:  

Ինչպես կարող ենք տեսնել փաստաթղթից, փոխնախարարն անշարժ գույքը գնել է 2011 թ. հոկտեմբերի 19-ին, իսկ ամսի 25-ին գործարքը պետական գրանցում է ստացել: Փաստաթղթում փակել ենք Ա. Քարամյանի ՀՀ անձնագրի ու բուլղարական բնակարանի համարները (բնակարանը 2-րդ հարկում է):

Իր karamyan.am կայքում պաշտոնյան հրապարակել է տարբեր լուսանկարներ, այդ թվում՝ ընտանեկան արխիվից: Դրանցից երկուսը, որոնցում Արսեն Քարամյանն ու նրա տիկին Կարինե Նազարյանն են իրենց դուստրերի հետ, արվել են Բուլղարիայում 2011 թ.: Փոխնախարարի տիկնոջ ու դուստրերի լուսանկարը, մասնավորապես, հուշում է, որ այն արվել է հենց Նեսեբրում՝ թերակղզու հարեւանությամբ: 

Փոխնախարար Արսեն Քարամյանն ամեն տարի գույքի ու եկամուտների հայտարարագրեր է ներկայացնում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Նրա 2011, 2013 եւ 2015 թթ. հայտարարագրերում առկա են նշումներ անշարժ գույքի գործարքների վերաբերյալ, սակայն մինչեւ հանձնաժողովին ուղղված մեր հարցումը բոլոր երեք նշումներն էլ ներկայացված էին որպես «պաշտպանված», այսինքն՝ տվյալները փակ էին, ու հասկանալի չէր, թե ինչ գործարք է կնքել Ա. Քարամյանը՝ գույքը գնե՞լ է, թե՞ վաճառել, որքա՞ն է եղել դրա արժեքը, կոնկրետ ինչպիսի՞ գույքի մասին է խոսքը:    

Հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանին խնդրել էինք հայտնել, թե արդյոք Արսեն Քարամյանը 2011-ի հայտարարագրում նշել է Բուլղարիայում գույք ձեռք բերելու մասին, երկրորդ՝ ի՞նչ արժեք է պաշտոնյան հայտարարագրել դրա համար:

Ահա թե ինչ են պատասխանել հանձնաժողովից. «Կառավարության 15.12.2011 թ. N 1835-Ն որոշմամբ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրում (տարեկան) բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից հարկային տարվա ընթացքում ձեռք բերված կամ օտարված անշարժ գույքի տեսակի եւ արժեքի վերաբերյալ տվյալները ենթակա էին հրապարակման (տրամադրման), եթե անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը գերազանցում էր 50 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ա. Քարամյանի 2011 եւ 2013 թթ. հայտարարագրերում (տարեկան) անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը կամ օտարման գործարքների ընդհանուր գինը չի գերազանցել 50 միլիոն ՀՀ դրամը՝ այդ գործարքների վերաբերյալ տվյալները, ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմանը համապատասխան, չեն հրապարակվել:

Հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ կառավարության 19.02.2015 թ. N 150-Ն որոշմամբ վերը հիշատակված որոշման մեջ կատարված փոփոխությունների արդյունքում նշված շեմը հանվել է»:

Այսինքն՝ 2011 եւ 2013 թթ. հայտարարագրերում փոխնախարարի գործարքները փակված են, քանի որ դրանց արժեքը չի գերազանցել 50 մլն դրամը: Բայց սա ամենեւին չի նշանակում, թե Ա. Քարամյանը հայտարարագրել է իր բուլղարական գույքը. նման պնդման հիմք ուղղակի չունենք: Մի փոքր շեղվելով՝ նշենք, որ պաշտոնյան 2011 եւ 2012 թթ. տարեկան հայտարարագրերը ներկայացրել է ոչ թե դրանց հաջորդող տարիներին, այլ 2014-ի մարտի 24-ին, իսկ ահա 2013-ի հայտարարագիրը ներկայացրել է ավելի շուտ ու ժամանակին՝ 2014-ի փետրվարի 12-ին:

Ինչ վերաբերում է բուլղարական գույքին, ըստ հանձնաժողովի, 2013-ին ու 2015-ին հայտարարագրերում փոխնախարարն անշարժ գույքի օտարման մասին տվյալներ չի նշել, ինչից հետեւում է, որ այդ տարիներին նա գնել է գույք: Արդյո՞ք սա հիմք է ասելու, որ նա բուլղարական գույքը չի օտարել եւ հիմա էլ դրա սեփականատերն է. իրականում՝ ոչ, քանի որ եթե ընդունենք, որ Քարամյանը չի հայտարարագրել նման գույք ձեռքբերելը կամ ունենալը, անտրամաբանական կլիներ դրա օտարման մասին նշելը:

Ինչպես տեսնում ենք, 2015-ին հայտարարագիր լրացնելու կարգը փոխվել է, ինչից հետո պաշտոնյաները պարտավոր են ներկայացնել անշարժ գույքի վերաբերյալ իրենց բոլոր գործարքները: Այդուհանդերձ, Ա. Քարամյանի 2015 թ. հայտարարագրում, որը ներկայացվել է 2016-ին, գույք գնելու գործարքը սկզբանապես նույնպես «պաշտպանված» տողի ներքո էր: Բանն այն է, որ մեր հարցումից հետո այս սխալը շտկվել է: Սրա վերաբերյալ հանձնաժողովն այսպիսի պարզաբանում է տվել. «Ա. Քարամյանի 2015 թ. տարեկան հայտարարագրում ձեռք բերված անշարժ գույքի տեսակը եւ ձեռքբերման արժեքը չեն հրապարակվել, քանի որ «ձեռքբերման արժեքը» դաշտում մուտքագրվել է ոչ դրական թվային նիշ, որի պայմաններում համակարգը չի ճանաչել մուտքագրված տվյալը: Արդյունքում չի հրապարակայնացվել նաեւ գույքի տեսակը: Ձեր հարցումից հետո հանձնաժողովը հայտարարատու պաշտոնատար անձին առաջարկել է տվյալը համապատասխանեցնել գույքի ձեռքբերման գործարքի հայտարարագրման պահանջներին: Արդյունքում Ա. Քարամյանի կողմից վերանայվել է գույքի ձեռքբերման արժեքը, եւ գույքի վերաբերյալ տվյալներն արդեն հրապարակված են»:

Ճշգրտված տվյալներով փաստաթղթում այլեւս կարող ենք տեսնել, որ 2015-ին ՀՀԿ-ական փոխնախարարը 25 մլն դրամով գնել է անհատական բնակելի տուն:

Այսպիսով՝ չնայած պարզ չէ, թե արդյոք 2011-ին Արսեն Քարամյանը հայտարարագրել է իր բուլղարական բնակարանը, հանձնաժողովի կողմից մեզ արված առաջարկը ենթադրում է, որ նա դա չի արել, ինչն օրենքի խախտում  է: Իսկ հանձնաժողովը խնդրել է իրեն տրամադրել Ա. Քարամյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ (ՀՀ-ում կամ արտերկրում գտնվող) մեր տիրապետության տակ գտնվող փաստաթղթերը (առկայության դեպքում): Տրամաբանական է, որ եթե հանձնաժողովն ունենար վերը ներկայացված բուլղարական փաստաթուղթը, մեզնից այն չէր խնդրի:            


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (2)
1. Վարազ Սյունի 01:58 - 7 ապրիլի, 2018
2013 թ. Կապանում բազմաբնակարան 2 շենք կառուցած պիտի լինեին՝ երիտասարդ ընտանիքների համար:Մեկնարկին նույնիսկ Սերժ Սարգսյանն էր ներկա: Հիմնովին քանդեցին քաղաքի «Փռի լիճ» կոչված գեղեցիկ հանգստյան գոտին ու… ոչ մի շենք այդպես էլ չկառուցեցին (իսկ փողերն ու՞ր գնացին): Քանդելուց հետո միայն տեսան, որ այդ գրունտի վրա շենք հնարավոր չէ կառուցել: Հետո պարզվեց,որ թղթերն էլ «կարգին չէին»: Եվ ինչպե՞ս կարելի էր այդպիսի մեծ շինարարություն թույլատրել՝ առանց օրինական թղթերի ու հողի գրունտի նախնական ուսումնասիրության: Ապշեցնող է, որ սրա համար ոչ ոք այդպես էլ չպատժվեց. ո՛չ Կապանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյանները, և ո՛չ էլ ծրագրի հեղինակը՝ Սպորտի ու Երիտասարդության նույն այս փոխնախարար Արսեն Քարամյանը (ով ծնունդով կապանցի է):
2. Վարազ Սյունի 02:01 - 7 ապրիլի, 2018
Եթե Հայաստանն օրենքի կողմից վերահսկվող երկիր լիներ, ապա փոխնախարար Արսեն Քարամյանը ԳՈՆԵ կազատվեր աշխատանքից՝ արդեն իսկ վերոհիշյալ այդ կարևոր ծրագիրն չիրականացնելու համար: Դե բայց մյուս կողմից՝ հհկ-ի որ՞ ծրագրերն են իրականացել:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։