HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թղթից արվեստ կերտողը

Նելլի Պետրոսյան

«Թուղթն անվտանգ է: Երբ դրանով աշխատում եմ, չրըխկ-թրըխկ չի լինում, տանը վրաս չեն խոսում», - կատակում է ճարտարապետ Արմեն Հակոբյանը, ով արդեն 12 տարի զբաղվում է թղթի արվեստով: Այն հայտնի է նաև «օրիգամի» անունով, թեպետ Արմենի խոսքով` իր աշխատանքները փոքր-ինչ տարբերվում են իսկական օրիգամիից:

Առաջանալով Չինաստանում` արվեստի այս տեսակը մեծ տարածում է գտել Ճապոնիայում` ի սկզբանե որդեգրելով թուղթն առանց մկրատի կամ սոսնձի կիրառելու մոտեցումը. «Ուսանողական տարիներիս սկսեցի թղթի հետ աշխատել, քանի որ ամենահասանելի նյութն էր: Այսօր արդեն պահը հասունացել է, որ աշխատանքներիս համար սեփական անկյուն ունենամ»,- ասում է Արմենը` դասավորելով իր աշխատանքները տան փոքրիկ մի անկյունում:

Թղթի հետ աշխատելիս օգտագործում է բացառապես հատուկ կտրող գործիք` բարակ շերտեր ստանալու համար: Ամբողջ աշխատանքը կտորները ծալելով է իրականացնում՝ «Մի կտոր թղթից լուսամփոփ եմ պատրաստել: Սկզբում չէի հավատում, որ նման արդյունք կստանամ: Հենց այստեղ է երևում թղթի «էվոլյուցիան», երբ այն սկսում է թրթռալ, սիրտ առնել»,- համեմատելով ուսանողական տարիներից մնացած իր առաջին աշխատանքի հետ` նշում է Արմենը:

Ընտանիքում միակ մարդն է, ով արվեստի հետ կապ ունի: Այսօր արդեն ամեն աշխատանքի համար ծախսում է մի քանի օր: Ասում է` արվեստում միտքն է տարիներ պահանջում. բացահայտել է հիմնական գաղտնիքները: Ցուցահանդեսներ ունեցել է, աշխատանքները ներկայացնում է նաև տարբեր սրճարաններում, անցկացնում վարպետության դասեր, սակայն հայաստանյան միջավայրում դեռևս չի տեսնում թղթի արվեստի իրական գնահատողներին. «Մեզ մոտ կարծրացած պատկերացումներ կան: Եթե թղթից է, ուրեմն պետք է էժան լինի: Գումար ունեցող սոցիալական խավը մեր երկրում այլ արժեքներ ունի»:

Արմենը պատմում է, որ հաճախ ուրիշներից է լսում, թե իր ստեղծածն իրականում ինչ ժանրի է պատկանում: Թղթից որոշակի ծավալ հանելով` ստեղծում է տոնածառի խաղալիքներ: Այդպես էլ մի անգամ ընկերներից մեկն ասել է, որ դա «կիրիգամի» է կոչվում: Այժմ մտածում է թեմատիկ բաժանումներով վարպետության դասեր անցկացնելու մասին: Միաժամանակ անդրադառնում է պատկերասրահների մշակած «մարտավարությանը»` որպես ստեղծագործ մարդու համար ինքնարտահայտման հարթակ. «Պատկերասրահներում էլ կա ձևավորված պատվիրատուների ցանց: Հիմնականում չեն ուզում «մտնել» նոր թեմայի ծանրության տակ: Եվ այդպիսով դաշտն աստիճանաբար ճահճանում է, քանի որ արվեստի արժեքը պայմանավորում են նյութով»:

Արմեն Հակոբյանը 2016թ.-ից աշխատում է այբուբենի շարքի վրա: Այսօր արդեն 23 աշխատանք ունի: Ասում է` կարևորը թղթե աշխատանքներն արևի տակ չդնես, տարին մեկ անգամ «ամենանուրբ ձևով» մաքրես փոշին: Արմենը համոզված է, որ ցանկացած բան պետք է այնքան փչացնես, մինչև ստացվի ուզածդ: Առաջիկայում էլ որոշել է դիմանկարների շարք ստեղծել:

Լուսանկարները` Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter