Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Իսրայելյան բանակի կրակից պաղեստինցի լրագրող է զոհվել



Ապրիլի 6-ին Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին պաղեստինցիների բողոքի ակցիայի ժամանակ իսրայելական բանակի կրակից զոհվել է պաղեստինցի լրագրող Յասեր Մուրթաջան: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:

Պաղեստինի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ լրագրողը մահացու վիրավորում է ստացել ստամոքսի շրջանում:

Իսրայելյան բանակը Ain Media գործակալության ֆոտոլրագրող Յասեր Մուրթաջայի ուղղությամբ կրակ է բացել, այն պարագայում, երբ լրագրողը կապույտ բաճկոն է կրել՝ «press» գրությամբ՝ ցույց տալով, որ ինքը լրագրող է:

«Յասերը իր լուսանկարչական սարքով աշխատում էր իմ կողքին, երբ մենք կրակի ձայն լսեցինք: Նա ուղղակի ընկավ գետնին և ասաց՝ ինձ կրակեցին»,- Al Jazeera-ին պատմել է տեղում աշխատող ֆոտոլրագրողներից Հոսամ Սալեմը:

Պաղեստինի լրագրողների միությունը հաղորդել է, որ ուրբաթ օրվա բողոքի ակցիայի ժամանակ տարբեր վնասվածքներ են ստացել 7 լրագրողներ, ինչը միությունում բնութագրել են՝ «կանխամտածված հանցագործություն՝ Իսրայելի բանակի կողմից»

Լրագրողների միությունը կոչ է արել մասնակցել Յասեր Մուրթաջայի հուղարկավորության արարողությանը և բողոքի ակցիաներին, որը տեղի կունենա Ռամալահ քաղաքի Մանամա հրապարակում:

Բացի դրանից, միությունը հորդորել է Միավորված ազգերի կազմակերպությանը պաշտպանել լրագրողներին և կոնկրետ քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի 2222 բանաձևը իրականացնելու հարցում:

Ապրիլի 7-ին բացի Յասեր Մուրթաջայից Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաղորդել է 20-ամյա Համզա Աբդել Աալի սպանության մասին: Ընդհանուր առմամբ, Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին մարտի 30-ին սկսված պաղեստինցիների բողոքի ակցիաների ժամանակ զոհվածների թիվը հասել է 31-ի: 

Պաղեստինցի ցուցարարները պահանջում են միլիոնավոր փախստականների և նրանց ժառանգների վերադարձը այն տարածքներ, որոնք հիմա վերահսկվում են Իսրայելի կողմից:

Լուսանկարը՝ Ibraheem Abu Mustafa/Reuters


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ