HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքական զուգահեռականներ

Մարինե Պետրոսյան

(Ճամփորդական պատմվածք) 

Սկիզբը՝ Թուրքական զուգահեռականներ-1, Թուրքական զուգահեռականներ-2

Հակաիսլամական ուղղակի կոչեր կամ աթեիստական մանիֆեստներ Քեմալը կարծես թե չի արձակել, բայց գործողությունները հաճախ ավելի խոսուն են, քան ցանկացած մանիֆեստ. լուծարվեց խալիֆաթը, որ իսլամի քաղաքական իշխանությունն էր խորհրդանշում, վերացվեցին իսլամական դատարաններն ու դպրոցները, թուլատրվեց ալկոհոլի ազատ վաճառքը, կանանց արգելվեց գլխաշոր կապել, տղամարդկանց՝ ֆես դնել (ի դեպ, ֆեսի ձեւը հատուկ հարմարեցված ա դրանով նամազ անելուն՝ որ ճակատը բաց մնա եւ աղոթելիս գետնին կպնի)։ Էս ամեն ինչից հետո իզուր չի, որ իսլամականները Թուրքական Հանրապետության հիմնադրի արածը բնութագրում են որպես «ջիհադ ընդդեմ իսլամի»։

Քեմալը Եվրոպայում էր ծնվել, բայց նրա ծննդավայր Սալոնիկը Թուրքական Հանրապետության սահմաններից դուրս մնաց, ինչպես որ Օսմանյան կայսրության եվրոպական տիրույթների մեծ մասը։ Ոչինչ, էլ ինչ հեղափոխական, եթե պատմությանը հաղթել չկարողանար. եթե արդեն հնարավոր չէր փոխել երկրի սահմանները, պետք էր ուրեմն փոխել Եվրոպայի սահմանները, ու Քեմալը որոշել էր Անատոլիան դարձնել եվրոպական տարածք։ Իսլամը խանգարում էր։

Բայց սալոնիկցի գեներալի հակաիսլամականությունը մենակ նրա եվրոպամետությունից չէր գալիս, կար իսլամն անցանկալի դարձնող մեկ ուրիշ կարեւոր հանգամանք։ Մուսուլմանն իրան պարտավոր ա զգալ համաշխարհային մուսուլմանական համայնքի՝ ումմայի անդամ, հետո միայն՝ էս կամ էն ազգի միավոր։ Էս իմաստով՝ իսլամը հակաազգայնական բնույթ ունի։ Իսկ Քեմալը ազգայնական էր։ Ու թեեւ նրա մղած բոլոր պատերազմները քրիստոնյա պետությունների դեմ էին, նրա պատերազմական կոչերում երբեք ոչ մի բառ չկա հանուն հավատի մարտնչելու մասին, եթե էդ կոչերում «թուրք» բառի տեղը կախման կետեր դնես, կստացվեն ազգայնականության քրեստոմատիական-ուսուցողական նմուշներ՝ կախման կետերի տեղը համապատասխան ազգի անունը դնելու պայմանով։

«Թուրք ազգը, որ կարողացավ պաշտպանել իր հայրենիքն ու ազատությունը, պետք է ազատագրի նաեւ իր լեզուն՝ օտար լեզուների լծից»։ Էս արդեն, ոնց որ հասկանում եք, Քեմալի հետպատերազմական կոչերից ա, սրանով սկսվում ա նրա նշանավոր լեզվական ռեֆորմը։ Փոքրիկ մեջբերում՝ Աթաթուրքի կենսագրականից. «1928 թվականին, երբ նա որոշեց, որ մի ողջ հազարամյակ թուրքերի կողմից օգտագործված արաբական գիրը պետք է փոխարինվի լատինականով, հարցրեց մասնագետներին, թե դա որքան կտեւի։ Մեծ մասը պատասխանեց. «Առնվազն հինգ տարի»։ «Մենք դա կանենք հինգ ամսում», ասեց Աթաթուրքը»։

Ասեց ու արեց։ Բայց օտար լեզուների լծից ազատագրվելու համար մենակ արաբական գրից հրաժարվելը բավարար չէր թվում։ Դա ռեֆորմի սկիզբն էր ընդամենը։ Էդ ռեֆորմը շարունակվեց, ու երկաթյա հետեւողականությամբ դեն շպրտվեցին արաբականի ու պարսկականի բոլոր հետքերը՝ բառերը, հնչյունները, քերակականական ձեւերը։ Նորից մեջբերում եմ. «20-ական թվականներին գրավոր թուրքերենում արաբերեն, պարսկերեն ու ֆրանսերեն բառերը կազմում էին 80 տոկոս, 80-ականների սկզբին դրանք նվազել հասել էին 10 տոկոսի»։ Այ թե ռեֆորմ եմ ասել։ Լեզվից քիչ թե շատ հասկացողը ձեզ կասի, որ եթե 60 տարվա ընթացքում լեզվից կտրում դեն ես շպրտում նրա 70 տոկոսը, կատարվածն արդեն ռեֆորմ չի, այլ ցունամի, իսկ լեզուն, որի վրայով ցունամի ա անցել, նորմալ գործել չի կարող։ Ես էս շշմացնող մանրամասների մասին Հայաստան վերադառնալուց հետո կարդացի, երբ որ Թուրքիայում էի՝ դրանց մասին դեռ չգիտեի, դրա համար էլ երբ որ Թահիրը տխուր-տխուր բացատրում էր, թե՝ «Հիմա թուրքերենով մտքերդ կարգին արտահայտել չես կարողանում, փիլիսոփայական տեքստ թարգմանելը անհնար գործ ա, նույնիսկ պատմական բնույթի գրականություն թարգմանելիս դժվարությունների առաջ ես կանգում», ես նրա տխրությունը ահագին չափազանցված էի համարում ու փորձում էի մխիթարել. «Դե լավ, ոչինչ, մարդը մի քիչ չափն անցել ա, դե որ հիմա գլխի եք ընկել՝ դուք էլ հակառակ ուղղությամբ ռեֆորմ արեք»։ «Ուշ ա», ասում էր Թահիրը, «անհնար ա»։ «Էս ինչ շուտ հուսահատվող խալխ եք», զարմացած մտածում էի ես ու հիմա նոր եմ հասկանում, որ անարդարը ես էի ու Թահիրի հուսահատությունը հիմք ուներ։

Քեմալի (ու քեմալականների) արածն իրականում լեզվական ռեֆորմ չի, այլ բետոնե պատ՝ թուրքի ու իրա անցյալի, թուրքի եւ մուսուլմանական մնացյալ աշխարհի միջեւ։ Պատը 1928-ից ա բարձրանում, դրանից առաջ գրված ցանկացած փաստաթուղթ ու գրություն էսօրվա թուրքի համար չինարեն ա, նայում ա, ասենք, 1925 թվականին իրա պապի գրած նամակին՝ չի հասկանում բացարձակապես ոչինչ, եթե սովորի արաբերեն տառերը, մեկ ա չի հասկանալու բառերը, եթե բառերը նայի բառարանում՝ չի հասկանալու բառերն իրար կապելու ձեւերը, որովհետեւ փոխված են։ (Բառարան որ ասում եմ, նկատի ունեմ Թահիրի գրասեղանին դրված հաստափոր գիրքը՝ «Օսմաներեն-թուրքերեն» բառարան)։

Բետոնե պատը բարձրացվում էր նրա համար, որ Թուրքիան, մեջքն էդ պատին հենելով, նայի դեպի Եվրոպա՝ ոնց որ հավասարը կնայեր հավասարին։ Բայց հենց հավասարը հավասարին հայացքն ա, որ չի ստացվում։ Իմ հանդիպած բոլոր թուրքերը իրանց երկրի՝ Եվրամիություն մտնելու հարցը ձեւակերպում էին այսպես. «մեզ կթողնե՞ն Եվրամիություն»։

Կմտնի՞ Թուրքիան Եվրամիություն։ Իմ պատուհանից, պարզկա եղանակին, երեւում ա Արաքսը։ Ահագին հեռվում ա երեւում, եթե ոտքով գնամ, մի օրում չեմ հասնի, բայց որ մեքենայով գնամ՝ կհասնեմ։ Արաքսից էն կողմ փռված տարածքներին ես էս ամառ հակառակ կողմից մոտեցա, որովհետեւ Արաքսով անցնող սահմանը, ոնց որ գիտեք, դեռ Եվրամիության ու Հայաստանի սահման չի դարձել ու փակ ա։ Հիմա որ փորձում եմ պատկերացնել էդ տարածքները Եվրամիության կազմում՝ ֆանտաստիկ զգացողություն եմ ունենում ու նոր եմ զգում, որ հազարամյակը փոխվել ա...

Ասեցի՝ հակառակ կողմից մոտեցա, բայց էնքան էլ ճշգրիտ չէի. Անկարայից Վան թռանք ինքնաթիռով, ու ես Վանում հայտնվեցի միանգամից։ Որ Վանում հիմա քրդեր են ապրում՝ գիտեի։ Որ հին քաղաքը չկա՝ գիտեի։ Բայց երբ որ տեսա՝ պարզվեց ոչ մի բան էլ չգիտեի, որովհետեւ քրդերի Ներկայությունն ու հին քաղաքի Բացակայությունը մի բան էր, որ նախօրոք անհնար էր պատկերացնել։

շարունակելի

Lուս.`  Սիլվա Դաքեսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter