Կիրակի, 23 սեպտեմբերի

«Աստղերին»՝ բնակարան ու մեքենա, կոմպոզիտորներին՝ 100 հազար դրամ



Կոմպոզիտորների միությունում պարգեւատրվում են տարվա լավագույն ստեղծագործությունների հեղինակները։ Արարողությունը, որին ներկա են մոտ 30 կոմպոզիտորներ, տեղի է ունենում միության համեստ դահլիճում։ Միության շենքն առանձնապես շրջապատված չէ թանկարժեք մեքենաներով, կարմիր գորգ չկա, ոչ ոք պճնված չէ, ինչպես լինում է շոուբիզնեսի զանազան «տաշիրների» դեպքում։ Մրցանակներն էլ ոչ բնակարաններ են, ոչ շքեղ մեքենաներ։ Չորս անվանակարգերից յուրաքանչյուրում հաղթողի մրցանակը 100 հազար դրամ է, որը Կոմպոզիտորների միությունը խնայել է պետական հատկացումներից՝ որոշելով գոնե ինչ-որ կերպ խրախուսել գործընկերներին։

Հայաստանի կոմպոզիտորների միությունը հասարակական կազմակերպության կարգավիճակ ունի, ինչպես եւ մյուս ստեղծագործական միությունները, եւ պետական աջակցությունն այնքան էլ մեծ չէ։

«Էլի գոհ ենք կառավարությունից, որքանով կարողանում են՝ աջակցում են»,-ասում է միության նախագահ Արամ Սաթյանը՝ միեւնույն ժամանակ վերհիշելով, որ խորհրդային տարիներին միության տարեկան բյուջեն կազմել է մինչեւ 8 միլիոն ռուբլի, որը հավասար էր նույնքան ամերիկյան դոլարի։

Երկրորդ տարին անընդմեջ «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխության շրջանակներում, սիմֆոնիկ, կամերային, խմբերգային երաժշտության ու երաժշտագիտության անվանակարգերում լավագույն ստեղծագործությունների հեղինակներն արժանացան նաեւ անվանական մեդալների:

Սիմֆոնիկ երաժշտության անվանակարգում լավագույնը ճանաչվեց Երվանդ Երկանյանի 6-րդ սիմֆոնիան: Կամերային երաժշտության անվանակարգում մրցանակը կիսեցին Արսեն Բաբաջանյանը՝ «Zyklus» (ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի համար) և Աննա Հակոբջանյանը՝ «Հազարան հավքի թեւով» (հայկական վիոլայի եւ տավիղի համար) ստեղծագործություններով: Խմբերգային ժանրում լավագույնը ճանաչվեց Վահրամ Սարգսյանի «Մհերի դուռը» ստեղծագործությունը, իսկ երաժշտագիտական անվանակարգում՝ Աննա Ասատրյանի «Հայաստանի կոմպոզիտորների միություն-85» մենագրությունը:

Պրոֆեսոր, Երեւանի ավագանու անդամ Աննա Ասատրյանը, հիշեցնենք, տարիներ առաջ մամուլի կողմից քննադատվել էր Տարոն Մարգարյանին նվիրված գիտական հոդվածում Երեւանի քաղաքապետին գովաբանության արժանացնելու համար։ Կոմպոզիտորների միության մրցանակը ստանալով՝ Ասատրյանը հայտարարեց, որ դրա դրամական բաղադրիչը՝ 100 հազար դրամը, նվիրում է միությանը, քանի որ իր «Հայաստանի կոմպոզիտորների միություն-85» մենագրությունը ստեղծվել է հայ կոմպոզիտորների հրաշալի ստեղծագործությունների շնորհիվ։

Ամեն ինչ բանակին, իսկ մշակույթը հարմարվող է

Լավագույն սիմֆոնիկ ստեղծագործության հեղինակ Երվանդ Երկանյանը դժգոհ չէ, որ պետությունը մշակույթին շատ քիչ հատկացումներ է անում։ Կոմպոզիտորի համար առաջնային է խաղաղությունն ու սահմանների պաշտպանությունը։  

-Պարոն Երկանյան, դուք ստեղծագործել եւ միգուցե մրցանակներ եք ստացել երկու էպոխաներում՝ խորհրդային եւ հետխորհրդային։ Այսօր որքանո՞վ եք զգում պետության աջակցությունը։

-Դա բոլոր ժամանակների եւ բոլոր երկրների արվեստագետների երազանքն է եղել։ Բայց Խորհրդային Միությունում նույնպես, մասսայական, էստրադային ժանրում աշխատող անձինք մի քանի անգամ բարձր էին վարձատրվում, քան կոմպոզիտորները։ Գնահատանքը պայմանավորված է նրանով, թե տվյալ պետությունը ինչ վիճակում է գտնվում։ Այս 100 հազար դրամ մրցանակը Կոմպոզիտորների միության հնարավորությունների մաքսիմումն է։


Երվանդ Երկանյանը՝ ձախից

Ես պետք է ասեմ, որ մեզ բնորոշ քաղաքական, աշխարհագրական, տնտեսական պայմաններում գտնվող երկրի համար էլի լավ է, որ կարողանում է ուժերի ներածին չափով կարեւորություն տալ հոգեւոր մշակույթին։ Իհարկե չենք կարող համեմատել հզոր ԽՍՀՄ հնարավորությունների հետ, մենք այսօր ունենք այնպիսի առաջնահերթ խնդիրներ, որոնք չենք կարող թողնել եւ մտածել այլ բաների մասին։ Մեզ նախ պետք է մեր երկրի սահմանները ամուր պահել։

-Բայց մշակույթն էլ է զենք, չէ՞։ Ինչ է, կոմպոզիտորները պետք է խանութու՞մ աշխատեն, կամ տաքսի վարեն, եթե պետությունը նրանց չի վճարում։

-Դե ես դասավանդում եմ, ուրիշ աշխատանք էլ ունեմ, պետք է երկու տեղ աշխատենք, որպեսզի կարողանանք ապրել։ Բայց երբ ասում են, որ միջոցները սակավ են, ես ավելին պահանջելու իրավունք ինձ չեմ վերապահում։ Միայն կոմպոզիտորները չեն այս վիճակում, նույնը՝ մանկավարժները, թոշակառուները։

Ես կարծում եմ, որ լուրջ ռեֆորմների կարիք կա։ Գաղտնիք չէ, որ անկախության տարիներին հայտնվեցին մարդիկ, ովքեր իրենց պատրաստվածությամբ, կրթությամբ եւ արժանիքներով չէին կարող այս բարդագույն իրավիճակում խնդիր լուծել։ Դա իր հետեւաքներն է ունենում։ Կոռուպցիայի համար տեղ է բացվում եւ այլն։ Բայց դրա համար էլ է ժամանակ պետք։ Երբ մենք նոր էինք անկախացել, փոխնախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց՝ մեզ առնվազն 25 տարի է պետք ոտքի կանգնելու համար։ Դա ասվեց հենց անկախության առաջին օրերին։ Մեր կյանքը շատ դանդաղ, բայց զարգանում է։ Մեր նպատակն էլ այն է, որ փոփոխությունները լինեն առանց ցնցումների։

-Կոմպոզիտորներից շատերն են մեկնել Հայաստանից։ Պատճառը զուտ սոցիալակա՞ն է։

-Հիմնականում երիտասարդներն են մեկնել, ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել, կատարողական խնդիրներ լուծել։ Նրանք արտասահմանում ավելի հեշտ են կարողանում հնչեցնել իրենց գործերը, ունենում են հրավերներ, պատվերներ, պայմանագրեր։ Շուկան աշխարհում շատ լայն է, մեզ մոտ՝ ոչ։


Երվանդ Երկանյանի լավատեսության ֆոնին հիշեցնենք, որ ավելի վաղ, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը «Հետք»-ի հետ զրույցում նշել էր՝ միությունը Մշակույթի նախարարությունից ստանում է որոշակի ֆինանսական հատկացումներ, այն էլ՝ կոնկրետ միջոցառումների համար:

«Մենք փոքր երկիր ենք: Այսօր եթե կոմպոզիտորների հոնորարների ընդհանուր թիվը բաժանենք բոլորի վրա, յուրաքանչյուրի տարեկան հոնորորը կկազմի 20 հազար դրամ: Խոսքը կատարված ստեղծագործությունների դիմաց վճարվող հոնորարի մասին է: Կա կոմպոզիտոր, որը տարեկան 1000 դրամ էլ չի ստանում»,-ասել էր Արամ Սաթյանը:

Մոտ երկու ամիս առաջ գործունեությունը դադարեցրել է ArmCoRadio-ն՝ հիմնադրված Հայաստանի կոմպոզիտորների միության եւ «Էգեոն» երաժշտական խմբի համատեղ ջանքերով։ Միությունը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, «Էգեոն»-ը՝ նույնպես։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Նուբար Ասլանյան13:55 - 10 ապրիլի, 2018
Սիմֆոնիան համեմատել(եւ ըստ այնմ գնահատական տալ) 6 րոպեանոց երգչախմբային ստեղծագործության հետ՝ թեկուզ եւ նվագախմբով,համարում եմ երաժշտական ժանրի մեջ տգիտության արգասիք:Գտնում եմ որ երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված 6 րոպեանոց գործը(եւ ոչ թե կանտատ կամ օրատորիա,ռեկվիեմ...)անտեղի է անվանել Սիմֆոնիկ ժանր՝ (մրցանակաբաշխությունում կար կատեգորիա՝ «Սիմֆոնիկ եւ բեմական»): Եթե մրցանակաբաշխության հանձնաժողովը «երգչախմբի եւ նվագախմբի»անվան տակ շեշտը դնում է ՆՎԱԳԱԽՈՒՄԲ բառի վրա եւ այն դասում «Սիմֆոնիկ եւ բեմական» կատեգորիային,ապա նույն հաջողությամբ կարելի էր շեշտը դնել ՄԻԱՅՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ վրա եւ գործը դասել«Երգչախմբային եւ մանկական»կատեգորիային...Կարծում եմ ավելի ճիշտ կլիներ,եթե «Սիմֆոնիկ եւ բեմական»ժանրում, սիմֆոնիկի անվան տակ , առանձին առանձին դասվեր՝ «Սիմֆոնիկ նվագախումբ»(զանազան մեծության գործեր)եւ «Սիմֆոնիկ նվագախումբ եւ երգչախումբ»՝ ՀԱՏԿԱՊԵՍ ՓՈՔՐ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ : Միտում եմ նկատում: Լավագույն դեպքում՝ անգրագիտություն:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ