HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի դեսպանին

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տնտեսական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են, դինամիկ զարգանում է նաև համագործակցությունը հումանիտար, ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում: 

Դեսպան Վոլինկինը նշել է, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում մեծ դեր ունի Հայաստանի և Ռուսաստանի նախագահների անձնական ներդրումը: Դեսպանը համակարծիք է եղել, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում բազմաթիվ ձեռքբերումներ են արձանագրվել, և հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն:

Իվան Վոլինկինն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանում պաշտոնավարելը և նշել, որ այդ ժամանակահատվածում ոչ միայն հարստացրել է իր դիվանագիտական աշխատանքի փորձառությունը, այլև շատ բան է սովորել հայ ժողովրդից, որ իր հետագա աշխատանքի, ինչպես նաև ողջ կյանքի ընթացքում օգտակար է լինելու: Դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանն իր սրտում է, և ապագայում ևս առիթներ կունենա վերադառնալու իր համար հարազատ դարձած այս երկիր:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական կապերի զարգացման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանը, ի նշան երախտագիտության, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին պարգևատրել է Բարեկամության շքանշանով, շնորհավորել և մաղթել նրան հետագա հաջողություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter