Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

ԵՄ դրամաշնորհային ծրագրերից հափշտակության չափը 907 միլիոն դրամ է. 14 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է



Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու առթիվ  հարուցված քրեական գործով մեղադրյալների թիվը հասել է 19-ի: Նրանցից  14-ի վերաբերյալ քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, և այս մասով հայտարարվել նախաքննության ավարտ: Այս մասին ի պատասխան «Հետքի»  գրավոր հարցմանը՝ հայտնում է Քննչական կոմիտեն: Հաշփշտակված ընդհանուր գումարն, ըստ անջատված մասով առաջադրված մեղադրանքի, կազմում է 907. 281. 869,7 դրամ: Ըստ քննչական կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ նշված քրեական գործով խափանման միջոցը որպես կալանավորում ընտրված է միայն Եվրամիության դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ քրեական գործի քննությունը սկսվել է 2016 թվականին: 2017 թվականի ապրիլի 27-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ձերբակալվել է Եվրոպական միության դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը: Վերջինիս նկատմամբ շուտով խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Պապյանը, փաստորեն, առ այսօր գտնվում է կալանքի տակ:

2017-ի ապրիլի դրությամբ գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը 14 էր, որոնց թվում նաև՝ Մարինե Պապյանը: Փաստորեն այս պահի դրությամբ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ևս հինգ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:

Գործը քննվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում: Քննչական կոմիտեից հայտնում են, որ 19 մեղադրյալներից 3-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ու որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Եվրոպական միության դրամաշնորհային ծրագրերը, որոնցից ենթադրյալ հափշտակություն է կատարվել, հասնում են երեք տասնյակի:

Նշենք, որ գործի անջատված մասով նախաքննության ավարտը հայտարարվել է 2018 թվականի փետրվարի 26-ին: Այս պահի դրությամ գործը դեռևս դատարան չի ուղարկվել:

Հիշեցնենք, որ ԵՄ դրամաշնորհային ծրագրերից հափշտակություն կատարելու առթիվ քրեական գործն առնչվում է քրեական օրենսգրքի 178,  38-178 և 325 հոդվածներին, այսինքն՝ հափշտակությունը, հափշտակությանն օժանդակությունն և փաստաթղթերի կեղծիքը: Քննչական կոմիտեն հաղորդագրությամբ տեղեկացրել է մեղադրյալներից հետևյալ անձանց անունները. Տիգրան Սուքիասյան, Գևորգ Ղազարյան, Ռուբինա Տեր-Մարտիրոսյան, Արմեն Բարեղամյան, Անահիտ Ավագյան, Սերգեյ Բալասանյան, Դինա Մանուկյան, Կարեն Ստեփանյան, Թերեզա Դիլանյան, Ալեքսանդր Պողոսյան, Հրայր Գյոնջյան, Գարիկ Չիլինգարյան և Գեղամ Պետրոսյան։ Վերջինս ՊԵԿ աշխատակազմի նախկին ղեկավար է եղել: Մեղադրյալներ Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը և Դինա Մանուկյանը մայր և դուստր են, մեղադրյալների մեջ կան միմյանց հետ ազգակցական կապեր ունեցող այլ անձինք ևս:

Նշենք, որ վերը թվարկված անձանցից 4-ի՝ Տիգրան Սուքիասյանի, Գևորգ Ղազարյանի, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի և Արմեն Բարեղամյանի առնչությունն այս քրեական գործին, ըստ այս պահին հայտնի տեղեկության, կապվում է «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության անունից «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» անվամբ կեղծ ծրագրի հետ: Ըստ Քննչական կոմիտեի հայտնած տեղեկատվության՝ այս անձինք «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները» կեղծ ծրագրի շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու պատրվակով են ստացել ու հափշտակել Եվրամիության տրամադրած գումարը:

Տիգրան Սուքիասյանն ու Գևորգ Ղազարյանը նախաքննության սկզբնական շրջանում կալանավորված են եղել, սակայն նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է նախաքննության ընթացքում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետն ավարտվելու պատճառաբանությամբ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ