HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապահովագրական ընկերությունների ընդհանուր շահույթը զգալի նվազել է 2017-ին

2017 թվականին Հայաստանի ապահովագրական ընկերությունների մեծ մասի շահույթը նվազել է։ Ինչպես վկայում են գործող վեց ապահովագրական ընկերությունների միջանկյալ ֆինանսական հաշվատվեությունները, նրանց գրանցած զուտ շահույթը 2017 թվականին միասին կազմել է շուրջ 1.5 մլրդ դրամ։ 2016-ի համեմատ այս ցուցանիշը մոտ 60%-ով կրճատվել է։

Տվյալները ներկայացված են ընկերությունների 2017 թվականի չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվություններում։ Հետագայում՝ տարեկան հաշվետվություններում, որոնք աուդիտի են ենթարկվում, այդ տվյալները երբեմն ոչ էական փոփոխությունների են ենթարկվում։

Շահույթի ցուցանիշով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն։ Ընկերության շահույթը 2017-ին կազմել է 523.4 մլն դրամ, որը 2016-ի համեմատ 66.4%-ով նվազել է։  

Շահույթի գծով երկրորդը «Ինգո Արմենիա»-ն է՝ 501.1 մլն դրամ։ Տարեկան անկումը՝ 46.7% է։

Եռյակը եզրափակում է «Նաիրի ինշուրանս»-ը։ Ընկերության զուտ շահույթը նախորդ տարի կազմել է 472.9 մլն դրամ, որը 2016-ի համեմատ նվազել է 46.4%-ով։

Ընդհանուր առմամբ, ընկերություններից միայն մեկն է, որ նախորդ տարի շահույթի աճ է գրանցել, այն էլ՝ համեստ աճ։ Խոսքը «Արմենիա ինշուրանս»-ի մասին է, որի շահույթը 2017-ին կազմել է 404.4 մլն դրամ, աճը՝ 4.9%:

Իսկ ահա ընկերություններից երկուսը տարին վնասով են փակել։ Դրանք են «Ռեսո»-ն և «Սիլ ինշուրանս»-ը։

Հատուցումներն ավելի արագ տեմպերով են ավելացել

Ինչպես նշել ենք մեր նախորդ հոդվածում, 2017 թվականին ապահովագրական ընկերությունները նաև հավաքագրված ապահովագրավճարների աճ են գրանցել։ Սակայն, հաշվետվություններից երևում է, որ ապահովագրավճարների աճը շատ ավելի համեստ է եղել, քան հատուցումներինը։ Այսինքն՝ ընկերությունները ավելի մեծ տեմպերով են սկսել հատուցել հաճախորդներին, քան հավաքագրել ապահովագրավճարներ։ Եթե 2017-ին հավաքագրված ապահովագրավճարներն աճել են շուրջ 6%-ով  և կազմել 34 մլրդ դրամ, ապա  հատուցումների ծավալն աճել է մոտ 30%-ով և կազմել 18.6 մլրդ դրամ։

Ենթադրվում է, որ ընկերությունների շահույթի նվազումը պայմանավորված է հիմնականում հատուցումների էական աճով և դա այն պարագայում, երբ ապահովագրավճարներն աճել են շատ ավելի փոքր տեմպերով։

Հիշեցնենք, որ շահույթի մասով ապահովագրական ընկերությունների համար 2016 թվականը բավականին հաջորղ տարի էր։ Շուկայի ընդհանուր շահույթը 2015-ի համեմատ մոտ կիսով չափ աճել էր։

Ապահովագրական շուկայի կշիռը ֆինանսական ոլորտում փոքր է

Հայաստանի ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակիցը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ բանկային համակարգն է։ Ըստ Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության վերաբերյալ հրապարակված վերջին հաշվետվության՝ բանկերին բաժին է հասնում ֆինանսական համակարգի ակտիվների 88.4%-ը։ Ֆինանսական շուկայում զբաղեցրած կշռով երկրորդ տեղում վարկային կազմակերպություններն են՝ 8.7%-ով, երրորդում՝ ապահովագրական ընկերությունները՝ 1%-ով, մնացածն այլ կազմակերպություններն են։ Այս ոլորտները, սակայն, մեծ տարբերությամբ զիջում են բանկերին իրենց կշռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter