Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Փաստաբան․ «Քաղաքացիները բերման են ենթարկվել ասֆալտին «իմ քայլը» գրությամբ գրաֆիտի պատկերելու համար»



Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժին են բերման ենթարկվել «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Մեսրոպ Պապիկյանն ու Նորայր Հայրապետյանը: Վերջիններս այս պահին դեռևս գտնվում են ոստիկանությունում, նրանց վերաբերյալ կազմվում է վարչական իրավախախտման մասին արձանագրություն:

Ոստիկանության դիմաց այս պահին հավաքել են մի խումբ քաղաքացիներ: «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության վարչության, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրուցում ասաց, որ քաղաքացիներն իրազեկման ակցիա են իրականացնելիս եղել, երբ ոստիկանները նրանց բերման են ենթարկել: Սիմոնյանի խոսքով, այս պահի դրությամբ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն, ինչպես նաև փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ոստիկանության Արաբկիրի բաժնում են:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Երեւանի «Լամբադա» կամրջի մոտակայքից՝ «փողոցում արված իմ քայլը» գրությամբ գրաֆիտիի համար:

«Ոստիկանությունը պնդում է, որ այդպիսով քաղաքացիները վնասել են համայնքին պատկանող գույքը»,- մեզ հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը, սակայն, նշում է, որ որևէ կերպ համայնքային գույքը չի վնասվել:

«Վնաս պատճառելը գույքի ամբողջությունը վնասելն է, մինչդեռ ասֆալտի վրա ինչ- որ բան փչելով՝ այն չես վնասում, ասֆալտի նպատակային նշանակությունն այդպիսով որևէ կերպ չի փոխվել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը նշեց նաև, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո քաղաքացիներն ազատ կարձակվեն:

Ավելացված․ Ժամը 01։02-ին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել։ 

Լուսանկարը`Նիկոլայ Բաղդասարյանի ֆեյսբուքի էջից


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ