HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախը կորոշի հայության ճակատագիրը»

Նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Արցախյանի ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանը(Ավո) ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին Կալիֆորնիայի Վայսիլիա քաղաքում: 1978-ին ավարտելով Բըրքլիի համալսարանը, մեկնել է միացյալ նահանգներից: 1980-ից մասնակցել է սփյուռքում տարվող ազատագրական պայքարին, ընդգրկվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ, ԱՍԱԼԱ) մեջ: Հետագայում քաղաքական եւ գործելակերպի շուրջ լուրջ տարաձայնությունների պատճառով հեռացավ ՀԱՀԳԲ-ից եւ մի խումբ ընկերների հետ հիմնեց ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժումը: Տարիներ շարունակ եղել է ընդհատակում եւ ազատազրկման մեջ: 1991-ից մինչեւ կյանքի վերջը պայքարեց Արցախի ազատագրման համար: (Տես նաեւ` Տասը տարի առաջ զոհվեց Մոնթե Մելքոնյանը

«Արցախը կորոշի հայության ճակատագիրը» 

Պիտի ուզենայի, որ ո'չ թե խոսքով հարգեն (ինձ), այլ աշխատանքով, ո'չ թե երդում անեն իմ անունով կամ որեւէ ուրիշի անունով, այլ գործ անեն, նորմալ գործ անեն այս պայքարի մեջ: Շատերի մոտ կարգապահության, գիտակցության հարց կա: Այս մարդկանցից շատերը եւս կծափահարեն: Կարեւոր չէ այդ ծափահարելը: Կարեւորն այն է, որ մարդը գիտակից լինի, պատասխանատվություն կրի իր վրա:

1993թ., մարտ, Ստեփանակերտի հեռուստակայանին տված հարցազրույցից 

Ինձ երբեք չի հետաքրքրում՝ մարդիկ ինձ հարգու՞մ են, թե ոչ: Իմ համար կենսականն այն է, որ ե'ս ինձ հարգեմ: Առանց սեփական անձի նկատմամբ հարգանքի ես կդառնայի կորուսյալ մի թշվառական: Սեփական անձս հարգելու համար է, որ ես գործում եւ ապրում եմ: Անձնապես ես չեմ հավատում ուրիշների հետ մրցակցությանը` լինի դա ֆիզիկական, մտավոր, կամ ցանկացած այլ ձեւի մրցակցություն: Այն, ինչին հավատում եմ, դա իմ սեփական անձի հետ մրցակցությունն է: Սա մրցակցության ամենադժվար եւ առավելագույնս հուսախաբ անող տեսակն է, որովհետեւ ինքդ քեզ գերազանցելն անհնար է: Միշտ զգում ես, որ կարո'ղ ես եւ պե'տք է ավելի լավ անես: Չէի ասի, որ սա ամբողջովին առողջ մոտեցում է կյանքին, բայց այդպիսին եմ ես հիմա: Սա է նաեւ այն, ինչ ինձ կարողություն է տվել դիմագրավելու այն աներեւակայելի դժվարությունները, որոնց միջով անցել եմ: Սա չի նշանակում, սակայն, որ ես ինձ ամբողջովին հարգում եմ: Ոչ, ոչ, շատ մեծ թվով սխալներ եմ գործել եւ շատ խնդիրներ չլուծված եմ թողել ինքս ինձ իսկապես հարգելու համար:

1986թ., հոկտեմբերի 12, հատված բանտից գրված նամակից 

Արցախը իմ առաջին պայքարը չէր, եւ վստահ եմ, որ իմ վերջինը չի լինելու:

1993թ., ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցից

Ինձ համար ամեն ինչ այնքան պարզ եւ տրամաբանական էր, որ նույնիսկ թվաբանական էր: Սփյուռքահայերը Հայաստանից դուրս են ապրում, որովհետեւ ցեղասպանություն էր տեղի ունեցել, եւ նրանք հարկադրվել էին երկիրը թողնել: Այսօր նրանք չեն կարող վերադառնալ, որովհետեւ թուրքական պետությունը ունի գաղութատիրական, շահագործող, ազգայնամոլ եւ իսկապես ֆաշիստական բնույթ: Հետեւաբար, մեր ազգը պետք է զինյալ պայքար մղի այնտեղ՝ շոշափելի որեւէ իրավունք ձեռքբերելու համար: Եվ յուրաքանչյուր հայ հայրենասեր, ներառյալ, անշուշտ, ես, պետք է գնա եւ մասնակցի այդ պայքարին:

 Այո, ամեն ինչ այդքան պարզ էր ինձ համար:

1990 թ., մի մենագրությունից, 1977-78թթ. համոզումներն ու հետեւող քայլերը բացատրելիս 

Բոլոր հայերը կեղծ փաստաթղթեր են կրում: Նրանք կրում են բրազիլական, ֆրանսիական, լիբանանյան փաստաթղթեր եւ այլն: Դա ոչինչ չի նշանակում: Դրանք բոլորը կեղծ են այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն:

1981թ. դեկտեմբերի 8, հատված ֆրանսիական դատարանի առջեւ ինքնապաշտպանական ճառից, կեղծ անձագիր կրելու պատճառով դատվելու առիթով: 

Շահագործումն ու ճնշումը իրենց էությամբ բռնության ձեւեր են, եւ ինձ ու այլոց պաշտպանելու համար բոլոր տարբերակները համարում եմ հնարավոր, ներառյալ բռնության տարբերակները: Սա բնական է եւ համապատասխան իրերի ընթացքին: Ինձ չի հետաքրքրում այն, որ մարդ ծնվե՞լ է ճնշող, թե այդ դիրքերում է հայտնվել հետեւողական «ճիգերի» շնորհիվ: Եթե նա ճնշում է, ապա նա ճնշում է: Եթե նա մերժում է իր պահվածքը հեզասահ ձեւով ուղղել, ապա մեզ մնում է գործը կոշտ ձեւով գլուխ բերել: Այսքան պարզ:

1986 թ., հատված բանտից գրած նամակից 

Համոզված եմ, որ պայքարին մասնակցելու լավագույն ձեւը այդ պայքարի առաջին գիծ գնալն ու մասնակցելն է:

1991թ., օգոստոս, անտիպ տեսաերիզային հարցազրույցից 

Հայկական հարցի լուծման համար, այսինքն՝ հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը ես համարում եմ իմ առաջին եւ ամենակարեւոր պարտականությունը: (...) Եթե մարդիկ հավատարիմ մնան իրենց սկզբունքներին եւ որոշեն, որ ամեն բանից առաջ հայ են եւ որպես հայ պետք է իրենց մասնակցությունը բերեն մեր ժողովրդի ինքնորոշման հարցի լուծմանը, ապա կարծում եմ, որ ցանկացած պարկեշտ անձ պիտի աներ այն, ինչ ես եմ անում:

1991թ., օգոստոս, անտիպ տեսաերիզային հարցազրույցից

70 տարի սփյուռքում խոսած ենք հողային հարցի մասին, մեր հայրենիքի, այսինչի, այնինչի մասին: (...) Բայց հիմա հստակ է, որ հարցը պիտի լուծվի հիմա, ա'յս օրերին, ա'յս շաբաթներին, ա'յս տարի:

1991թ., հոկտեմբեր, հատված սփյուռքահայ ընկերներին ու բարեկամներին ուղղված տեսաերիզային ուղերձից 

Ադրբեջանի կառավարությունը հստակորեն որոշել է Արցախը դատարկել հայերից եւ, հետեւաբար, դիմադրելուց բացի այլընտրանք չկա: (...) Ուրեմն, այս պարագայում պարտվելու իրավունք չունենք: Այս անգամ պե՛տք է հաղթենք: Պե'տք է հաղթենք: (...) Շատ հայեր չեն հասկանում, որ կարող ենք հաղթել: Բայց ռազմական եւ թվային առումով ավելի տկար ուժը կարող է հաղթել իրենից շատ ավելի հզոր ուժին, եթե լինի վճռական եւ կազմակերպված:

1992թ., հունվարի 25, հատված սփյուռքահայ ընկերներին ու բարեկամներին ուղղված տեսաերիզային ուղերձից 

Ես Միացյալ նահանգներից եկած հայ եմ եւ այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որեւէ ուրիշ հայի: Եվ կասեի, թե կարծում եմ՝ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ: Հետեւաբար, բնական է լինել այստեղ եւ պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ միասին:

1993թ., ապրիլ, անգլիական հեռուստատեսության լրագրողին տված հարցազրույցից 

(Արցախյան պայքարի) առաջին պատճառը սկզբունքային պատճառ է: Լեռնային Ղարաբաղը հայկական հայրենիքի անբաժանելի մասն է: Այն Հայաստանին նույնքան մաս է կազմում, ինչքան ցանկացած մի այլ մաս, ինչպես Երեւանը, Դիլիջանը, Սեւանը... Եվ, հետեւաբար, այն պետք է վերամիավորենք մեր հայրենիքին: Այն կամայականորեն ներառվել էր Ադրբեջանի մեջ 1921թ.-ին Ստալինի կողմից շատ պատեհապաշտ պատճառաբանությամբ, եւ, հետեւաբար, փորձում ենք ուղղել այդ սխալը: Երկրորդ՝ այնտեղի ժողովուրդը պայքարում է պաշտպանելու համար իրենց տներն ու ընտանիքները: Նրանք շատ լավ գիտեն, որ եթե չպայքարեն, ազերիները գալու են նրանց սպանելու, գյուղերը վառելու եւ իրենց այստեղից դուրս շպրտելու: Եվ երրորդ՝ շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը ունի ծավալապաշտական նկրտումներ, որոնք Արցախից շատ այն կողմ են գնում՝ ներառելով Զանգեզուրը, ներկա Հայաստանի հարավային մասը: Հետեւաբար, գիտակցում ենք, որ եթե այստեղ չդիմադրենք, ապա պատերազմը շարունակվելու է այսօր Հայաստան ճանաչված հողամասի վրա: Կարճ ասած՝ այլընտրանք չունենք, այս բանը պետք է անենք:

1993թ., ապրիլ, անգլիական հեռուստատեսության լրագրողին տված հարցազրույցից 

Ես այսօր այստեղ եմ, որովհետեւ իրավունք չունեմ ուրիշ տեղ լինելու: Արցախը կորոշի հայության ճակատագիրը:

«Արցախ» թերթ, 22 հունիս, 1993թ. 

Չեմ հավատում, որ թուրքերն ավելի շատ զինուժ օգտագործեցին Բուզլուխում, Էրքեջում ու Մանաշիդում, քան Մաճկալաշենում: Առաջին անգամ մենք ո՞նց դիմացանք եւ նույնիսկ լավ ջարդ տվինք: Մաճկալաշենում պատասխանատվության զգացում կար, Շահումյանում` ոչ. ահա ամենագլխավոր պատճառը: Դիրքերում գտնվողները խմիչքի բալոններն առաջները դրած խմում էին, ու կարծես թե այդպես էլ պետք է լիներ: Գիտեք, թե այստեղ դա չէ՞ր նկատվում: Միայն օրինավոր ու իսկական բանակ ունենալով մենք կհասնենք մեր նպատակին` մեր հողերի ազատագրմանը: (...) Պետք է ավելի լավ զինվենք, կարգապահությունն ուժեղացնենք, այլապես դատապարտված կլինենք կործանման: (...) Մենք չպետք է սպասենք, որ մեր գլխին խփեն ու նոր պատասխանենք: Ավելի տկար լինելով հանդերձ` կարող ենք հաղթել: Ես էլ գիտեմ, որ Ադրբեջանն ուժեղ է, բայց պատմությունը ցույց է տվել, որ նվազ ուժ ունեցողն էլ կարող է հաղթել ուժեղին: Ապացույցը` Վիետնամը, Աֆղանստանը եւ այլ երկրներ:

«Արցախ» թերթ, 22 հունիս, 1993թ. 

Վերատիրացանք բոլոր այս հողերին: Նվազագույնը հազար տարի է, որ հայ ժողովուրդը հող էր զիջում թշնամուն, եւ վերջապես հնարավորությունն ունենք վերամիավորելու մեր հայրենիքի առնվազն մի մասը եւ դա անելու ենք ամեն գնով, նույնիսկ, եթե դա նշանակի կռվել մինչեւ վերջ: Այս ճակատի վրա մենք կռվում ենք յուրաքանչյուր մետրի համար: Մեր բանակը կազմված է գյուղացիներից, տեղացիներից, մարդկանցից, որոնք ուզում են պաշտպանել իրենց տները, ընտանիքները, հողը: Նրանք ծնվել եւ մեծացել են այստեղ եւ տեղանքը շատ լավ են իմանում..., սա է մեր բանակը: Փորձում ենք կազմավորել, ստեղծել ազգային մի բանակ, աշխարհի ցանկացած երկրի բանակի նման, բայց հեշտ չէ: Ժամանակ է պետք, եւ միջոցներ են պետք: Միջոցներ շատ չունենք, բայց ունենք վճռականություն: Ահավասիկ: Ունենք վճռականություն, եւ այդ իսկ պատճառով մեզ հաջողվում է մեզանից բազմաթիվ անգամներ ավելի հզոր, ավելի լավ զինված եւ, հավանաբար, մեզանից ավելի քան տասնյակ անգամ մեծաթիվ թշնամուն հաղթել, որովհետեւ առկա է վճռականությունը:

1993թ., ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցից

Մենք վերատիրացանք մեր տներին եւ կալվածներին: Քելբաջարը պարզապես ազերիների ռազմական մի կայան էր եւ զինամթերանոց: Եթե շրջանը չմաքրագործեինք, հայերի համար Ղարաբաղ գոյություն չէր ունենալու: Մեր պայքարը հարձակողական բնույթի չէ, այլ գոյատեւման հարց է:

«Նոր Կյանք» (ԱՄՆ), 23 հունիս, 1993թ. 

Մեզ նախահարձակներ որակելը կնշանակի, թե մենք ներխուժում ենք տարածքներ, որոնք մեզ չեն պատկանում: Եթե նայենք Հայաստանի պատմական հողերին, մենք դրանից այն կողմ ոտք չենք դրել:

 (...) Հայաստանը պետք է հասկանա, որ պատերազմի մեջ ենք: Լուրջ է այս պատերազմը: Բոլոր ուժերը պետք է զորաշարժել այս պատերազմի համար, որպեսզի շուտ վերջացնենք: Ինչքան կամաց աշխատենք, այնքան երկար կտեւի, այնքան դժվար կլինի, ավելի շատ զոհեր կունենանք: Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք ու վերջ: Խաղաղություն պիտի լինի միայն մեր հաղթանակով: Դժվար է Հայաստանի տնտեսական վիճակը, հասկացանք: Բայց պատերազմը այդպես է: Պատերազմը միայն դժվարություն է: Պատերազմը հաճելի բան չէ: Եթե մարդիկ մտածում են, որ իրենց պարզ կյանքը կարող են շարունակել, ուրեմն շատ ապուշ են: Պիտի հասկանան, որ պիտի զոհվենք, պիտի լավ չուտենք, լավ չհագնենք, պիտի դպրոց չերթանք: Այս ամենը չմոռանալով՝ մեր ամբողջ ուժը պիտի դնենք ռազմական գործին մեջ, հաղթենք: Ու հետո բոլորիս համար լավ կլինի, բոլորիս համար:

 Հուսով եմ, որ սա կազդի ամբողջ Արցախի հոգեբանության վրա, բոլոր հայերի հոգեբանության վրա: Պետք է իմանան, որ եթե ուժեղ մնան իրենց դիրքերում, կռվեն, հետո խրամատավորվեն եւ խրամատի մեջ մնան (ոչ թե Մարտակերտի պես կռվեն, առաջ գնան, հետո ամեն մեկը ասի` մեր գործը վերջացավ, եւ թողնեն հեռանան): Այս տեսակ ապուշությունների պատճառով մեծ կորուստներ ենք ունեցել, տվել ենք մեր հայրենիքի մի կարեւոր մասը` Շահումյանն ու Մարտակերտը: Հուսով եմ, որ բոլորի վրա կազդի մեր հաղթանակը եւ մեր աշխատելու ձեւը: Այսինքն` կռվել, առաջ գնալ, խրամատավորվել, պահել:

1992թ., հոկտեմբերի 3, ՀՀ հեռուստատեսությանը տված հարցազրույցից

Մենք մտել ենք այնտեղ, որտեղ պատմականորեն մերն է: Շատ պիտի ուզեինք, որ մեր ժողովուրդը ընդհանրապես` սփյուռքի մեջ, Հայաստանի մեջ, ամեն տեղ հասկնան, որ պետք է օգնեն, պետք է այս խնդիրը հասկնան՝ իբրեւ հայ ժողովրդի առաջնահերթ խնդիրը այսօր: Հայաստանը ինչքան դժվարություններու մեջ է, մենք շատ լավ կհասկնանք, տնտեսական, ամեն տեսակ դժվարության մեջ է, բայց եթե չհաղթենք այս պատերազմի մեջ, այդ մյուս խնդիրները միայն ավելի վատ պիտի դառնան, եւ նաեւ մեր պատմությունը, իմ կարծիքով, կրնա վերջանալ, հայոց պատմության վերջին էջը կրնանք դարձնել, եթե կորսնցնենք այս հողամասը:

 Պետք է ըսեմ, որ Արցախի կորուստը հայ ժողողվրդի համար հսկա կորուստ մըն է, որ կրնա մի քանի տասնյակ տարի հետո նշանակել հայ ժողովրդի ամբողջական անհետացում: Եթե ազերիները գրավեն Արցախը, հաջորդ տեղը Զանգեզուրն է: Բոլորս գիտենք, որ Զանգեզուրի վրա հողային պահանջ ունին, պատերազմը կշարունակվի Զանգեզուրի վրա: Եթե Զանգեզուրը վերցուցին, բոլորիս համար հստակ է, թե ինչ պիտի նշանակե մեր հայրենիքի համար: Ամեն մարդ պետք է զգա, թե ինչքան կարեւոր է ասիկա, եւ ամեն մարդ պետք է ամեն ինչ ընե, որ շուտ վերջացնենք այս պատերազմը:

1992թ., հոկտեմբերի 4, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցից 

Անցյալին Սփյուռքի մեջ պայքարած եմ մեր ժողովրդի իրավունքներուն համար եւ այստեղ կգտնվիմ նույն պատճառի համար: Ասիկա այդ նույն պայքարի շարունակությունն է: 

Շատ նորմալ բան է: Նորմալ բան է, որ հայը գա եւ իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է: Իրավունքն է բոլորին, եւ նաեւ պարտականությունն է: Եվ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած նույնը ընելու, միայն այն է զարմանալին: Շատ պիտի ուզենայի, որ թե՛ Հայաստանեն ավելի շատ մարդիկ գան, թե՛ Սփյուռքեն: Այսինքն՝ ինչքան հայ կա, իսկական հայրենասերներ, իրենց տեղը այսօր Արցախի մեջն է:

1993թ., փետրվար 16 

Պիտի նախընտրեինք, որ (Քելբաջարի) խաղաղ բնակչությունը ապահով ձեւով դուրս երթա այստեղեն, եւ հետո առաջ երթանք: Բայց, կարծես թե իրենց զինվորականները թույլ չեն տար: (...)

 Այս հարցը պատմական հարց է: Մեր ժողովրդի համար չափազանց կարեւոր է վերջապես այս շրջանը (Քելբաջարը) վերամիացնել Հայաստանին: Ինչպես կտեսնես, ամեն տեղ, ուր որ կերթաս, վանք մը կա, հայկական հող է ասիկա: Ամեն մեկ գյուղ որ կմտնես, կտեսնես, որ իսկապես հայկական հող է: Եվ չափազանց կարեւոր է այս երեք հազար քառ. քիլոմետրը միացնել: Արցախի պատմության համար ալ որոշիչ դեր կխաղա այս շրջանը ազատագրելը: (...) Հոգեւոր, քաղաքական, ռազմական, ամեն ձեւով: Շատ կարեւոր է այս հաղթանակը տանել:

1993թ., 29-30 մարտի, Քելբաջարի գործողության ընթացքում, Դադիվանքի մոտ 


Մեկնաբանություններ (1)

zohrab
gettce monte true armenian spirit

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter