ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Վրացական գինի, պլեճ, ճանապարհի փակում, ծառատունկ՝ նվիրված բերման ենթարկվածներին․ «Իմ քայլի» 9-րդ օրն է



Այսօր՝ ապրիլի ութին, Սերժ Սարգսյանի՝ հնարավոր վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժման իններորդ օրն է, շարժման անդամները Դիլիջանի ոլորաններից քայլում են Ազատության հրապարակ։

Նիկոլ Փաշինյանը նոր միացած անդամներին նվիրեց շարժման կրծքանշանը։ Այսօր շարժմանը միացել է նաև 2008 թվականի Մարտի մեկ-երկուսի իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

«Այսօր տնկելու ենք ազատության ծառը և այն նվիրելու ենք բոլոր այն ակտիվիստներին, ովքեր երեկ բերման են ենթարկվել ոստիկանության կողմից։ Մեր երկու կողմնակիցներ բերման են ենթարկվել «Իմ քայլը» շարժման գրաֆիտիի համար, իսկ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը հենց ոստիկանության շենքի դիմաց նույն գործողությունն է արել։ Կարծում եմ՝ շատ խորհրդանշական քայլ է՝ խաղաղ անհնազանդության գործողության արդյունքում եթե մեկը բերման է ենթարկվում, ամենակարևոր պաշտպանությունը պետք է լինի ուրիշների կողմից նույն գործողությունն անելը։ Մենք պայքարում ենք հանուն նրա, որ մեր հայրենակիցներն իրենց հայրենիքում ազատ զգան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ շարժումը մեկնարկել է մարտի 31-ին՝ Գյումրիի Վարդանանց հրապարակից, իսկ ապրիլի 13-ին Երևանի Ազատության հրապարակում սպասվում է հանրահավաք։

Դիլիջանի ոլորաններում շարժմանը միացել են տասնյակ մարդիկ, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի ընտանիքի անդամները՝ երեխաները, կինն ու ծնողները, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Գևորգյանն ու Իզաբելլա Աբգարյանը, քայլերթի ընթացքում բազմաթիվ մեքենաներ իրենց ազդանշաններով ողջունում էին շարժմանը, իսկ նրանցից ոմանք՝ միանում։

«Մեզ միացել են քաղաքացիներ Երևանից, Գավառից, Արարատի մարզից, Աբովյանից, մեզ միանում էին մի ժամով, մի օրով, այնպես որ ազատ զգացեք ձեզ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նույնիսկ հանրահավաքի մասին քաղաքացիների իրազեկումն աջակցություն կլինի «Իմ քայլ»-ին․

«Ինչքան էլ տեղեկացված լինեն մարդիկ, մեծ թվով քաղաքացիներ կան, որոնք դեռևս տեղեկացված չեն, որովհետև հեռուստատեսությունը շատ կցկտուր է անդրադառնում, դրա համար խնդրում ենք ձեր ֆեյսբուքյան էջերում կիսվեք մեր արշավի նորություններով, և դա կլինի շատ լուրջ աջակցություն»,-ասաց նա։

Դիլիջանում ևս ավանդական դարձած ծառատունկի արարողությունը եղավ։ Ապրիլի յոթին՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ շարժման անդամները տնկեցին գեղեցկության ծառը։

Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղից Տավուշի մարզի Դիլիջան քաղաք հասնելու համար շարժման անդամներից պահանջվեց կատարել 20351 քայլ։

«Իմ քայլը» շարժումը նկարահանվել է  ռեփ երգի տեսահոլովակում։

Դիլիջանում տեղակայված ճամբարը ևս ներկայացվեց ֆեյսբուքյան եթերի միջոցով։

«Մեր այսօրվա ճամբարը նմանվում էր ավտոմեքենաների ճամբարի, ոչ թե քայլարշավի ճամաբարի, քանի որ մեզ  այցելել էին քաղաքացիներ Նոյեմբերյանից, Դիլիջանից, Իջևանից, Հրազդանից, Վարդենիսից, ուստի բազմաթիվ ավտոմեքենաներով էր շրջապատված ճամբարը, բայց հույս ունեմ՝ դա ձեզ մոտ թյուրիմացություն չի առաջացնի, քանի որ ամբողջ ճանապարհն անցել եմ ոտքով»,-ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի էջից ուղիղ հեռարձակում ապահովվեց նաև «մերժիրսերժին» նախաձեռնության՝ Երևանում ընթացած իրազեկող ակցիայից։ ՔՊ վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը հայտարարեց ապրիլի 13-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի մասին՝ կոչ անելով «անել քայլն» ու «մերժել  սերժին»։

Հիշեցնենք, որ այս ակցիայից հետո ՔՊ անդամներ երեկոյան բերման են ենթարկվել ոստիկանություն՝ Երևանի փողոցներում «Իմ քայլը» գրությամբ գրաֆիտիի համար։

«Իմ քայլի»-ի դիլիջանյան ճամբարում միացել էր նաև երգիչ Արթուր Մանուկյանը, որն էլ կատարեց «Երազ իմ երկիր, հայրենի» ստեղծագործությունը։

Ճանապարհին Թիֆլիսից Երևան գնացող քաղաքացիներ վրացական գինի նվիրեցին Փաշինյանին, ավտոմեքենայով այդ պահին անցնող մեկ այլ քաղաքացի էլ՝ նարինջ ու 30 հազար դրամ՝ խնդրելով անունը չհրապարակել։

«ԱՄՆ-ից 200 դոլար անանուն նվիրատվություն ենք ստացել,ես իհարկե գիտեմ իրենց անունները, բայց քանի որ խնդրել են չհրապարակել, չեմ հրապարակում»,-պատմեց Նիկոլ Փաշինյանը։

Խմբին դրամական աջակցություն են փոխանցել նաև Ստրասբուրգից՝ 65 եվրո։

«Շնորհակալ ենք, որ հետևում եք, շնորհակալ ենք, որ աջակցում եք»,-ասաց Փաշինյանը։

Շարժման անդամները մի քանր րոպեով փակեցին ճանապարհը՝ ներողություն խնդրելով մեքենաների վարորդներից, Փաշինյանն ասաց, որ իրենից շատերն են հարցնում, թե ինչպես են ճանապարհը փակելու՝ ահա այդ կերպ։

«Այս ակցիան նվիրված էր նրան, որ այսօր առավոտվանից հինգ ոստիկան ապօրինի գործողություններ են կատարել ակտիվիստ Անուշ Լալայանի նկատմամբ, դիմում եմ ոստիկանության ղեկավարությանը՝ մարդկանց ծանուցագիր տվեք, որ հասկանան ով է  իրենց կանչում, ինչի համար և ինչ առիթով, ձեռքներդ հեռու Անուշ Լալայանից»,-ասաց նա։

Սևանի թունելի մոտ տեղադրված ճամբարում շարժման անդմաները վառարանին պլեճ էին պատրաստում, ցույց տվեցին նաև իրենց նվերները՝ ապխտած ձուկ Գավառից, խոզի միս՝ Նոյեմբերյանից։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ