Հինգշաբթի, 26 ապրիլի

Բալկոնում Արեգ Նազարյանն է


Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրությունպետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում Արեգ Նազարյանն է։

Արեգ Նազարյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Արեգ Նազարյանը, ծանոթ լինելով «Բալկոնի» ձեւաչափին, ենթադրում էր, որ պատրաստ կլիներ այս պահի համար, բայց, մեկ է, դժվար է, որովհետեւ այստեղ ինչ-որ հոգեբանական պահ կա։ Քանի որ ինքը երկար ժամանակ աշխատել է հոգեբանների հետ, կարող է մի հնարքի հետ ասոցացնել այս պահը․ երբ որ պացիենտը դժվարանում է խոսել իր  մասին (հիմնականում երեխաների հետ է պատահում), նրան տալիս են մի խաղալիք, օրինակ շուն, ու հարցնում են՝ ինչպես է իրեն զգում փոքրիկ շունիկը, ու երեխան սկսում է պատմել ոչ թե շունիկի, այլ իր մասին։ Այնպես որ, դժվար է երրորդ դեմքով խոսելը։

Ինքը երկար ժամանակ մտածում էր, թե ով է․․․ Եվ հիմա էլ է մտածում։ Կարծում է՝ մարդ ինքն իրեն այս հարցը պարբերաբար պիտի տա, որովհետեւ, եթե չգիտես՝ ով ես, չես կարող քեզ ընդունել քո իրականությամբ, չես կարող ունենալ առողջ ինքնասիրություն, չես կարող աշխատել քո այն կետերի վրա, որոնք խնդրահարույց են, եւ վերջապես պրոգրես չի լինի։

Արեգն ի վերջո հասկացել է, որ «բարդ» է, բայց իրեն ավելի հոգեհարազատ է «տրուբադուր» բառը, որը թարգմանաբար «խոսք գտնողն» է։ Չնայած, իր կարծիքով, դեռ իրեն չի հաջողվել երգի տեքստը բանաստեղծություն դարձնել, բայց այդ ուղղությամբ աշխատում է․ փորձում է գտնել ճիշտ խոսքը։

Իր բնույթով լիդեր չի․ երբ բեմ է դուրս գալիս կամ կիսվում երգով, նպատակ չունի ասել՝ «լսեք, բան ունեմ ասելու»։ Ինքը չի սիրում մարդկանց առջեւով քայլել, ուղղություն ցույց տալ․ մարդկանց հետ է, նրանց մեջ, չնայած, երբեմն նաեւ ուղղությանը հակառակ կարող է գնալ։

Արվեստի մեջ էլիտիզմը չի սիրում․ եթե համարենք, որ հեղինակային երգն էլ է արվեստի ճյուղ, ապա ատում է էլիտիզմի դրսեւորումն այդ ճյուղի մեջ։ Երբ մարդիկ ասում են, թե հեղինակային երգն այն բանը չէ, որ պիտի բոլորը հասկանան, Արեգն այս առումով մեծ խնդիր ունի եւ հակառակին է հակված․ ճիշտ է՝ աշուղը չպիտի «սազանդար» լինի, բայց պիտի հնարավորինս շատերի սրտին դիպչի։

Արեգը շատ է սիրում Մոպասանի «Միայնություն» նովելը, որտեղ երկու հոգի զրուցում են իրար հետ, եւ մեկը մյուսին պարզապես համոզում է՝ մարդը միշտ միայնակ է․․․ Երբ դու մի բան ես ասում, գիտես՝ ինչ է խոսացածդ, զգացածդ, իսկ դիմացինդ լսում է, ընկալում, զգում յուրովի․․․ Եվ դու երբեք չես զգա, թե իրականում ինչպես ընկալեց զրուցակիցդ։ Այդտեղ արդեն կապը կորած է, այդտեղ մարդն արդեն միայնակ է։

Չնայած խոսքը, ի տարբերություն երաժշտության, ժեստերի լեզվի, հաղորդակցության թույլ ձեւ է, բայց երեւի նաեւ ամենամատչելին է։ Եվ այդ առումով երգն էլ է դառնում մարդու հետ կապ հաստատելու, միայնությունից փախչելու մի ձեւ։

Ինչ-որ տեղ այն նաեւ մահից փախչելու փորձ է, որովհետեւ ենթագիտակցաբար զգում է, որ կյանքից հետո լինելու է այնպես, ինչպես կյանքից առաջ էր։ Այս միտքը նրան թույլ է տալիս գնահատել կյանքի ամեն վայրկյանը, ամեն ձայն, ամեն հոտ, ամեն հարաբերություն, որ չկորցնի կապը, չմոռանա շուրջն ինչ է կատարվում։

Արեգի համար շատ կարեւոր է ընտանիքը․․․ Հմ, դժվար է խոսել ընտանիքի մասին, որովհետեւ Արեգը գիտի, որ որպես ծնող սխալներ է թույլ տվել, բայց գիտի նաեւ, որ չկա ծնող, որը չի սխալվել։ Երեւի ցանկացած մեկը փորձում է թույլ չտալ իր ծնողների սխալները, բայց թույլ է տալիս սեփականները։ Կարծում է՝ երեխային պիտի փոխանցվի «եղիր ինձնից լավը» ուղերձը։

Ուզում է, որ իր արածն օգտակար լինի անծանոթին․․․

Արեգը չի կարող ասել, որ սուպերալտրուիստ է, ուղղակի գիտի, որ ունի շատ կարճ ժամանակ։ Օրերից մի օր անէությունից պոկվում, աչքերը բացում է մարդ արարածը ու, շուրջը նայելով, փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում այս աշխարհում։ Հազիվ նրան թվում է, որ հասկացել է, ու արդեն նորից աչքերը փակելու ժամանակն է։

Ուրեմն, ո՞րն է այդ կարճ հատվածի իմաստը, եթե պիտի այն անցկացնես ոչ օգտակար։

Ինքը սիրում է պատկերացնել հետեւյալ տեսարանը․ գետ է, հոսում է, նավակ է, ինքն այդ նավակի մեջ է, կարող է ընթացքում ծխախոտի դատարկ տուփը նետել այդ գետի մեջ, կարող է նաեւ հակառակը՝ հանել գետից մի բան, որն այնտեղ պիտի չլիներ։ Երեւի դա է կարճ այդ հատվածի իմաստը։

Գուցե մարդը փորձում է անտեսել ամեն բան, չկենտրոնանալ դետալների վրա, որպեսզի արագ հասնի օվկիանոս։

Օվկիանոս չկա․ գետ է, որը բարեբախտաբար չի ընդհատվելու։ Կյանքը, շարժումը չի դադարի, անգամ, եթե ֆանտաստիկ մի ֆիլմի սցենարի համաձայն պատկերացնենք, որ երկրագունդը կարող է գոյություն չունենալ, մեկ է, կյանքը չի ընդհատվի, շարժումը կանգ չի առնի։

Այդ դեպքում գետի նկատմամբ վերաբերմունքի հարցը գուցե այլ լինի։

Վերաբերմունքը պիտի կոնստրուկտիվ լինի․ մենք ունենք չտեսնված մի աշխարհ, որը պարզապես ոչնչացնում ենք։ Եվ այդ ամենը սկսվում է առօրյա փոքր գործողությունից։

Իսկ հարաբերություննե՞րը։

Հարաբերություններն էլ կյանքը աղտոտելու կամ հակառակն անելու հնարավորություն են տալիս։ Դեստրուկտիվ են մեր իրար «ուտելու», ուժեղ լինելու մտայնությունները։ Առհասարակ ուժի վրա հիմնված համակարգերը, մարդկային հարաբերությունները շատ դեստրուկտիվ են, չնայած որ դա բնությունից է գալիս։ Բոլոր տեսակի անհավասարությունները, խտրական վերաբերմունքը, ոտնձգությունները բնությունից են, որտեղ ուժն է հաղթում։ Բայց  ամեն բնական չէ, որ բարոյական է։

Բնության մեջ ուժեղը կերել է թույլին, թույլը հիվանդությունից մահացել է, թույլին վագրն է հոշոտել, ուժեղը եկել, մտել է քարանձավ, բռնաբարել է ում պատահի, ամենամեծ կտոր միսն էլ ինքն է վերցրել։ Ստրկատիրություն, ֆեոդալիզմ, բուրժուական, սոցիալիստական համակարգեր եւ այլն, եւ այլն․․․ Ամեն անգամ կառավարման համակարգն իբր բարելավման փորձ է արել, բայց հիմքում մնացել է նույնը՝ ուժեղը շարունակում է «լափել» թույլին։

Քո եւ Հայաստանի հարաբերությունները։

Ես դուրս եմ եկել Հայաստանից, բայց Հայաստանն ինձնից՝ ոչ մի դեպքում։

Շատ հասարակ կհնչի, որ ասեմ՝ Հայաստանն իմ տունն է, բայց այդպես է․ դրսում ես «բնակվում» եմ, այստեղ՝ «ապրում»։ Այնտեղ, ինչպես հյուրանոցում․ գիտեմ, որ մի օր հաշիվը կփակեմ ու կգնամ։

Հայաստանից գնացել եմ չցանկանալով, դուրս եմ եկել ոչնչից չխուսափելով եւ այնտեղ եմ հայտնվել՝ ոչինչ չխնդրելով, ոչինչ չակնկալելով։ Միակ պատճառը երեխաներս էին, որոնք կիսով չափ են հայ։ Գիտեմ, որ գալու է ժամանակը, երբ իրենք ինքնուրույն են լինելու, ես տեսնելու եմ այդ ինքնուրույնությունը ու հետ եմ դառնալու Հայաստան, որովհետեւ բացի երեխաներիցս այնտեղին կապող այլ բան չունեմ։

Պլանավորված վերադարձ, փաստորեն։

Այսքան տարիների ընթացքում արտասահմանում կուտակածս գիտելիքներն ու փորձն են, որ կուզեի ներդնել այստեղ։ Խոսում եմ վեց լեզվով եւ երկար տարիներ աշխատել եմ իմիգրացիոն ծառայություններում։ Արդեն չորրորդ տարին է՝ աշխատում եմ զբաղվածության պետական ադմինիստրացիայում։ Այս ոլորտի փորձառությունը կարող է օգտակար լինել Հայաստանին, որովհետեւ աշխատանքային դաշտում բացերը շատ են՝ սկսած աշխատանքային պայմանագիր կազմելուց, վերջացրած կանոնակարգերով,  օրենսդրությամբ եւ դրանց կիրառմամբ։

Զբաղվածությունը՝ կրթության, սոցիալական ապահովության, առողջապահության ու անվտանգության հետ մեկտեղ այն ոլորտն է, որը կենսական նշանակություն ունի երկրի համար, եւ, որտեղ, ցավոք, առկա են շատ մեծ խնդիրներ, որոնք դուք ինձնից լավ գիտեք։

Հարցազրույցներից մեկում ասում ես, որ չես հնչեցնի կոչեր, չես հրահրի ինչ-որ բան, որովհետեւ այստեղ չես ապրում, բայց հստակ դիրքորոշում ունես, ինչպես հասկանում եմ։

Իհարկե ունեմ իմ կարծիքը, իմ դիրքորոշումը, որն ինչ-որ առումով իմ մտածելակերպի վրա է հիմնված, բայց նաեւ այստեղից ստացված տեղեկությունների։ Ես ամեն օր եմ տեղեկանում Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին, ծանոթ եմ իրավիճակին, բոլոր անունները գիտեմ։

Ինչ վերաբերում է կոչերին․ այո, ինձ իրավունք չեմ վերապահում եւ ավելին ասեմ՝ ոչ միայն դրսում գտնվող մարդն իրավունք չունի կոչ անելու, եթե չի լինելու գործողությունների կենտրոնում, այլ նաեւ  Հայաստանում բնակվողը չունի որեւէ գործողության կոչ անելու այդ բարոյական իրավունքը, եթե չի մասնակցելու գործողությանը։ Անազնիվ է, երբ ուրիշի ձեռքով կրակից բան ես ուզում փրկել։

Քո «Անհնազանդություն» երգն ինչ-որ առումով կոչ անելու փորձ է։ Քաղաքացին «անհնազա՞նդ» պիտի լինի։

Ինչպես Բուլգակովն է ասում իր հերոսներից մեկի խոսքերով, ցանկացած իշխանություն բռնություն է։ Եվ սա բոլոր երկրների բոլոր իշխանություններին է վերաբերում։

Տես՝ հիմա ինչ է կատարվում Իսպանիայում․ Կատալոնիան օրինական ձեւով արտահայտվեց, որ ցանկանում է դուրս գալ Իսպանիայի կազմից, բայց ի՞նչ կատարվեց․ ցուցարարների դեմ զինված ոստիկանություն դուրս եկավ, տեսանյութերում տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում ընտրատեղամասերում, ինչպես են մարդկանց շպրտում աստիճաններից, նրանցից քանիսն են վնասվածքներ ստացել․․․Այսինքն ցանկացած իշխանական կառույց ինչ-որ պահի ցույց է տալիս իրական դեմքը։

Քաղաքացին արդյոք «անհնազանդ» պիտի լինի․ միանշանակ չի հարցը, որովհետեւ մարդը սոցիալական էլեմենտ է, չի կարող ապրել առանձին։ Մենք հավաքվում ենք իրար գլխի, միասին ենք փորձում ինչ-որ բանի դեմն առնել, ինչպես նախկինում, երբ հեշտ էր միասին որսի գնալ, պաշպտանվել կենդանիներից, իսկ հիմա, օրինակ, հարեւան պետության ոտնձգություններից եւ այլն, եւ այլն։

Իսկ այս միասնությունը ենթադրում է կանոններ, որոնք պահպանել է պետք։ Հիմա անհնազանդություն ասվածը մի քիչ ուրիշ ընկալման տեղ է տանում․ քաղաքացին ցանկացած դեպքում պիտի մտածի, քաղաքացին ցանկացած դեպքում պիտի ունենա հնարավորությունը քննադատելու իշխանություններին, եթե չունի այդ հնարավորությունը, ուրեմն նվաճել է պետք․․․ Քաղաքացին պիտի ունենա հնարավորությունը օրինական ճանապարհով իշխանափոխություն կատարելու, իսկ եթե իշխանությունը հասնում է ամենաթողության աստիճանի եւ անպատժելի է, ուրեմն անհնազանդության այլ դրսեւորումներով իշխանափոխության հնարավորությունը նույնպես պիտի լինի։

Հեղափոխության մասին ես խոսու՞մ։

Նաեւ, բայց, ցավոք, հեղափոխությունները միշտ չէ, որ կարող են ապահովել ակնկալվող արդյունքը․ հաճախ անարդար, հակաքաղաքացիական իշխանությանը փոխարինելու է գալիս մեկ այլ իշխանություն, որը մոտավորապես նույն կերպ է վարվում, նույն ուժային հարաբերություններն է ստեղծում քաղաքացու հետ։

Անկախոթյան ձեւավորման շրջանում այստեղ էիր, դպրոցական էիր։

Այո, 14-15 տարեկան էի․․․ Ոգեւորված էի իրադարձությունների զարգացումներով, մասնակցում էի ցույցերի՝ գուցե չպատկերացնելով, չգիտակցելով, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում, բայց այդ օրերին քաղաքը դրսում էր, միասնություն կար, տպավորիչ էր։

Ցավոք, փորձը ցույց է տվել, որ նման միասնականություն դրսեւորելու համար մեզ մեծ ցնցումներ են պետք՝ պատերազմ, երկրաշարժ․․․

Ցանկությունս մեծ է տեսնել այդ միասնությունն առանց ցնցումների։ Այս տեսակ միասնությունն, իհարկե, չի նշանակում միակարծություն, միատարրություն, չէ՛․․․Այսօր կան ազգայնականներ, լիբերալներ, պրոռուսական, պրոեվրոպական կամ զուտ հայամետ հայացքների տեր մարդիկ․․․ Հարցն այն չէ, թե ով ուր է նայում, այլ այն, որ ցանկացած գործողություն օգտակար լինի երկրի զարգացման համար։ Եվ նորից․ երկրի համար օգտակար լինելը չի նշանակում միայն, որ պիտի սահմանները պաշտպանվեն․ սահմանները սկսում են ներսից։ Նշանակում է, որ այս ներքին սահմաններն էլ ունեն  ուշադրության, ճիշտ վերաբերմունքի կարիք։

Այն միասնությունը, որը հիմնված կլինի միապաղաղության կամ նույնության վրա (պրակտիկորեն անհնար մի բան), կլինի սովետական միության պես, որը, ինչպես տեսանք, երկար չտեւեց։ Այդպիսի «միասնությունը»  մի օր պայթում է։

Ապաքաղաքական դիրքորոշում․․․

Հնարավոր է, երբեմն անհրաժեշտ, որովհետեւ մենք շատ քաղաքականացված ենք, եւ դա իր պատճառներն ունի։ Ամեն քայլափոխի դու առնչվում ես ինչ-որ խնդրի, որը կարող է տարրական կենցաղային լինել, եւ որը միաժամանակ կապված է համակարգային մեծ խնդրի հետ։ Այս պրոցեսը քայքայիչ է․ մարդը չի կարող անընդհատ լարված լինել, հնարավորություն պիտի լինի նաեւ շունչ քաշելու։

Ես, որ այստեղ չեմ բնակվում, զգում եմ, որ իր ինչ-որ պահից սկսած լուրերից շունչս կտրվում է, պատկերացնում եմ, թե այստեղ ապրողն ինչ լարվածության մեջ է։ Այստեղ լարված չլինելու համար երեւի իշխանության մաս պիտի լինել․․․ Չնայած, ըստ երեւույթին, իրենք նույնպես լարված են, որովհետեւ վերարտադրման խնդիր կա։ Եթե չվերարտադրվեց իշխանական կլանը, պատասխանատվության կենթարկվեն։

Իշխանության այդ «վերարտադրությունը» եւ քաղաքացիական շարժումներն ու ակտիվությունը, ինչքան էլ որ հեռվից ես նայում, ի՞նչ տպավորություն են գործում, ի՞նչ բնութագրիչներ ունեն։

Որոշ ցույցերի ժամանակ ներսում էի եւ հենց ներսից էլ տեսա գործողությունը։ Տպավորությունը երկու դեպքում էլ (թե ներսից, թե դրսից) հետեւյալն է՝ սկսվում են շարժումներ՝ ինքաբուխ կամ կազմակերպված, հավաքվում են մարդիկ, բարձրաձայնում են խնդիրները, ցույցեր, երթեր են անում, հետո կամ բռնի ուժով այդ ցույցը ցրվում է, կամ պառակտություն  է առաջանում ցուցարարների միջեւ։ Սա ընդհանուր տպավորությունը․․․

Հայաստանում քաղաքական դաշտը տրոհված է այն աստիճանի, որ դժվար է պատկերացնել որեւէ քաղաքական ուժի, որն իշխանափոխության կհասնի․ նույն բանը տեղի է ունենում նաեւ քաղաքացիական դաշտում։

Հուսով եմ՝ սխալվում եմ, բայց նույն անվստահությունը, նույն պառակտվածությունը քաղաքացիական հանրույթն է կրում, որտեղ կան իշխանական ներմուծված էլեմենտներ, եւ դա բացահայտ է։

Այնպես որ այսօր իշխանությունները կարող են հանգիստ, ձեռքները ծալած նստել ու ուղղակի հետեւել, թե ինչպես է քաղաքացիական դաշտն ինքն իրեն կուլ գնում։

Անդրադառնանք հեղինակային երգին․ չնայած բոլոր հարցադրումները հենց երգերիցդ էլ երեւի բխեցին։ Տպավորություն է, որ տեքստը մի քանի դիրքերից է «խոսում»՝ ստեղծողի, քաղաքացու, մարդու, որի հարաբերությունները բարդ են։ Նյութը սուբյեկտիվ է, չէ՞։

Իրոք, հեղինակային երգը, ինչպես եւ ցանկացած ստեղծագործական գործընթաց, շատ սուբյեկտիվ է իմ կարծիքով։ Անգամ, եթե մարդ գրում է մի իրավիճակի մասին, որն ինքը չի վերապրել, գրում է սեփական պրիզմայի միջով։

Հեղինակային երգեր գրում էի դեռ այն ժամանակ, երբ այստեղ էի ապրում։ Այո, կան բաներ, որոնք ինձ անտարբեր չեն կարող թողնել՝ իմ կյանքում պատահածը, Հայաստանի իրադարձությունները, հարաբերությունները մարդկանց միջեւ․․․ Ամեն դեպքում հեղինակային երգն ինձ համար ինչ-որ իմաստով կապ է Հայաստանի հետ։

Հիմա այստեղ եմ, որովհետեւ համերգ ունեմ, հետո նորից մեկնելու եմ Բրյուսել ու մի կերպ դիմանամ մինչեւ մյուս վերադարձս։ Այդ ընթացքում նոր համերգ պիտի պատրաստեմ՝ որպես մի կապ Հայաստանի հետ, այն մարդկանց հետ, ովքեր լսում են՝ թեկուզ նրանք հարյուր հոգի լինեն եւ ոչ ավելի․․․

Հեղինակային երգի ասելիքը հստակ է ամեն դեպքում։

Առհասարակ հեղինակային երգի կարեւորությունն ու յուրահատկությունն ի տարբերություն երգարվեստի մյուս ճյուղերի, քաղաքացիական դիրքորոշուման դրսեւորման մեջ է նաեւ։

Վերջերս շատ եմ ուսումնասիրում լատինամերիկյան հեղինակային երգիչների գործերը։ Այդ երկրներում բռնապետական տարբեր ռեժիմներ են եղել, եւ հեղինակային երգը, որ հնչել է որպես բողոքի ձայն, շատ անգամ լռեցվել է։ Հայտնի ստեղծագործողնր են եղել, որոնց ոչ միայն արգելել են ելույթ ունենալ, այլ նաեւ բռնադատել են, ինչպես Վիկտոր Խարայի դեպքն էր, ում մատները կտրեցին բանտում, հետո գնդակահարեցին, ինչպես Ատաուալպա Յուպանկիի դեպքն էր, որի ձեռքը բանտում կտրեցին, որպեսզի չնվագի այլեւս․․․

Այս երգիչներից շատերը պարզապես լքեցին իրենց երկիրը, ինչպես Շվեդիայում ապրող Խուլիո Նումհաուզեր անունով հեղինակային կատարողը, որին ժամանակին խստորեն արգելվել էր գործունեություն ծավալել։

Հեղինակային երգիչներն ընդհանրապես ինչ-որ անկեղծ խոսք ունեն ասելու, այդ խոսքով է, որ նրանք տարբերվում են «սազանդարներից»։ Աշուղը «սազանդար» չպիտի դառնա։ Երեւի դրա համար էլ նրանց առանձնապես ոչ մի ժամանակում էլ մեծ տեղ չի հատկացվել, որովհետեւ նրանց խոսքն ու երաժշտությունը հանգստացնելու, թմրեցնելու համար չի, «հաց ու խրախճանքներ» ծրագրի մեջ չի մտնում։

Սա չի նշանակում, որ հեղինակային երգն ուղիղ քաղաքական պիտի լինի, որ անպայման բաց տեքստով ուղիղ պիտի ասելիքը ասվի․․․ Չէ՜։ Ուղղակի մարդուն մտածել պիտի տա մարդու, երկրի, պետության հետ ունեցած հարաբերության մասին։

Վերջապես պետության հետ ունեցած մեր հարաբերությունը չի որոշվում կուսակցությամբ կամ կոալիցիոն ուժով, որն իրականացնում է իշխանական գործառույթը։ Պետությունը համակարգ է, որի սնողը մենք ենք, որին մենք են հարկեր վճարում, եւ, եթե մենք ենք այդ համակարգի սնողը, ուրեմն մենք էլ պիտի արտահայտենք մեր պայմանները։ Հակառակ դեպքում այդ նույն հարկերով ոստիկանությունն է զինվում, որը մեզ ջարդելու է․․․ Էլի եկանք, հասանք քաղաքականությանը։

Հետաքրքիր է՝ ինձ թվում է՝ ես եմ անընդհատ այդ ուղղությամբ տանում զրույցը, բայց քո պատասխաններն էլ են պտտվում քաղաքականության շուրջ։

Չգիտեմ․․․ Ամեն դեպքում ինձ համար խիստ տհաճ է, երբ 17-18 տարեկան հասակից ռազմաճակատ մեկնած, կռված, երկիր պաշտպանած մարդն այսօր դատվում է, իսկ դրա կողքին «ճարպակալած» ուղեղներով ու որովայններով մարդիկ սելֆիներ են անում սահմանից, վերադառնում տուն ու անունը դնում «հայրենասիրություն»։

«Հայրենասիրությունը», կարծում եմ, միշտ է խնդրականացվում։ Ուղղակի փոխվում են ժամանակները, դրսեւորելու ձեւերն ու կրիչները։

Հա, հայրենասիրությունը շահագործվող երեւույթ է։ Հեղինակային երգի նման մի բան է․ երբ անկեղծ չես, միանգամից զգացվում է։ Իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի այդ քողի տակ երեւան՝ շքերթներ, համերգներ, բայց քանի իրենք գործողության մասնակիցը չեն, գիտես, որ կեղծ են։

Միայն իշխանություննե՞րը․ շատերն այսօր «օն-լայն» հայրենասեր են, բողոքող են, հայհոյող, բայց խոսքը գործողություն չի դառնում, մեկ է։

Ես միշտ եմ ասում, որ մի օր, եթե Ֆեյսբուքը փակվի, իրական բան կկատարվի, որովհետեւ այդտեղ է, որ վիճում են, խոսում են, գոլորշին դուրս է գալիս ու վերջ։

Եգիպտոսի դեպքերն, ըստ երեւույթին, մտածելու առիթ տվեցին․ իշխանությունները հասկացան, որ սոցցանցերը վտանգավոր գործիք են, եւ հիմա աշխատում են նաեւ սոցցանցերի միջոցով։

Իսկ խոսքի ազատության սահմաններն այստեղ աղավաղված են․ մարդը հարմարավետ նստում է բազմոցին, էկրանի առաջ եւ հայհոյում է իրենից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մեկին՝ համոզված լինելով, որ պատասխանատվություն չի կրելու։

Որոշ դեպքերում այդ պաշտպանվածությունը թվացյալ է․ նման մարդը դեմ առ դեմ չի կարող կանգնել ու խոսել, եթե բանը հասնի դրան։ Դա եղա՞վ խոսքի ազատություն, չէ՜․․․ Ինչ-որ թույլ, ստոր, վախկոտ մի քայլ է, որը կապ չունի ազատության հետ։

Արեգ, զրույցից կլինեն պահեր, որոնք չեմ հրապարակի, երբ նորից գաս Հայաստան էլի կխոսենք այդ նյութերի շուրջ։ Ամեն դեպքում ուզում եմ համակարգի ու մարդու հարաբերության հարցով ամփոփենք զրույցը։

Համակարգն ամեն անգամ հարմարվում է մարդկանց նոր բողոքին։ Հիպպիները համակարգի ու պատերազմի դեմ ձայն բարձրացրեցին չէ՞, եւ մեծ շարժումներ եղան, բայց համակարգը հարմարվեց դրան։

Այսօր մտածում ենք, որ Եվրոպայում ապրողը բարեկեցիկ է, բայց այդտեղ էլ վաստակածդ  բավարարում է, որ տանիք ունենաս, տարրական հոգսերդ հոգաս, կոմունալները վճարես։ Հասկանում ես, որ աշխատում ես ոչ թե քեզ համար, այլ մուլտինացիոնալ ընկերությունների, որոնք էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կոմունիկացիաների տերերն են։

Ինչո՞վ է փոխվել համակարգը ստրկատիրականից․ նրանո՞վ, որ ոչ մեկ քեզ չի ծեծում ու ստիպում աշխատել, որ չեն սպանում աշխատանքի ընթացքում։ Մարդիկ կան, ովքեր ժամանակակից կյանքի ճշնումներին եւս չեն դիմանում եւ ինքնասպան են լինում։ Այդպես վարվեց իմ գործընկերներից մեկը, ով տուն էլ ուներ, մեքենաներ էլ եւ նոր էր ամուսնացել․․․

Այսինքն հիմքը նույնն է, շահագործող-շահագործվողի հարաբերությունները մնացել են նույնը․ պարզապես հիմա շահագործվողներից շատերը փորձում են հայտնվել  շահագործողների շարքում։

Սա է երեւի «ամերիկյան երազանքը», որը վաղուց արդեն զուտ ամերիկյան չէ։ Քարանձավը գրաված այն բռնարար կերպարը, որը պիտի լափի, խռռացնի, մեկին էլ հրահանգի հսկել իր քունը, դեռ կա։ Մարդը դեռ մարդ չի դարձել։

Ես սխալվեցի, երբ ասացի, որ գետը երբեք չի դադարի։ Այն կարող է իսկապես կանգ առնել, եթե մարդը մարդ չդառնա․․․


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։