HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Վուդսթոք՝ Ռիչի Հեյվենսին դեմառդեմ կանգնած ազատության աչքերով

Երբ 1969թ. նյույորքյան Բեթել քաղաքում մեկնարկեց աշխարհի ամենահայտնի ռոք փառատոնը՝ «Վուդսթոքը», կազմակերպիչներից ոչ ոքի մտքով չէր անցնում, որ այն ի սկզբանե նախատեսվածից այլ ընթացք պիտի ունենար: Նման խոշոր նախագծերում անկանխատեսելի հանգամանքների համար նրանք սովորաբար պատրաստ են լինում, եթե խոսքը պրոֆեսիոնալիզմի մասին է, իհարկե, բայց թե ինչ մարտահրավեր կարող է սպասվել, ոչ ոք վստահ չի կարողանալու պատկերացնել: «Վուդսթոքը», անշուշտ,  դարձավ երաժշտական այդ դարաշրջանի և երիտասարդական մի ողջ սերնդի, հիպիական շարժման խորհրդանիշը, նրանց հավատամքի ու փիլիսոփայության ներկայացուցիչը նաև հետագա տասնամյակների համար: Փառատոնին մենք դեռ, անշուշտ, կանդրադառնանք և հանգամանորեն: Բայց կար մեկը, ով այդ օրը՝ 1969թ. օգոստոսի 15-ին, իր համար էլ անակնկալ ու անսպասելի՝ իր հերթին պիտի դառնար ոչ միայն այդ սերնդի, այլև «Վուդսթոք» -երևույթի խորհրդանիշը:

Ռիչի Հեյվենս. Ամերիկացի երգիչ, երգահան և կիթառահար, ով առավելապես հայտնի էր կիթառի կատարման իր յուրահատուկ ոճով՝ արագ, ռիթմիկ և հիմնականում լարային բաց հարվածներով:

Մինչ փառատոնը, նա արդեն հասցրել էր թողարկել հինգ ալբոմ, որոնցից մեկը` «Something Else Again»-ը (1968թ.) դարձավ «Billboard»-ը հատած նրա առաջին հիթային աշխատանքը: Հեյվենսը նաև հասցրել էր իր համերգային կատարումներով աչքի ընկնել Գրինուիչ-Վիլիջում, որտեղ ապրում էր նա այդ տարիներին: Եվ չնայած այս հաջողություններին՝ այս երաժիշտն, ի տարբերություն իր սերնդակից այլ տաղանդավոր երիտասարդների, շարունակում էր դեռևս անհայտ մնալ մեծ լսարաններին: Դեռևս, քանի որ Ռիչի Հեյվենսը ևս ընդգրկված էր վուդսթոքյան համերգային կազմում:

Երաժշտության և խաղաղության առաքելությամբ փառատոնն անցկացվեց օգոստոսի 15-ից 18-ը՝ չորս օր շարունակ երաժշտական աներևակայելի հոսքեր տարածելով ամենուր: Ջիմի Հենդրիքս, Ջենիս Ջոփլին, Ռավի Շանկար, Ջոան Բաեզ, «Քրոսբի, Սթիլզ, Նեշ և Յանգ», Կառլոս Սանտանա և այլք: Երաժիշտների իրապես պայծառ մի աստղաբույլ՝ ամեն մեկն իրեն բնորոշ էներգետիկ հզորությամբ: Աննախադեպը չունեցող այս հսկա իրադարձությունը համախմբել էր գրեթե կես միլիոնի հասնող հանդիսատեսի:

Վուդսթոք. 1969թ.

Ռիչի Հեյվենսը իր խմբի հետ պիտի հանդես գար հենց բացման օրը՝ հինգերորդ համարի ներքո: Ելույթի համար տրամադրված էր ընդամենը քառասուն րոպե, որից հետո հաջորդաբար բեմը պիտի կրկին գրավեին ժամանակի՝ մեկը մյուսից փայլուն անունները: Բեմի առջև ողջ տարածությամբ սփռված հանդիսատեսն է՝ ժամանակի երիտասարդությունը՝ ազատ, համարձակ, վայրի, գունագեղ ու անկանխատեսելիորեն խանդավառ: Մոտ 500 հազարի հասնող մարդկանցից բաղկացած այդ տեսարանից առաջին պահին սարսափ կարելի է ապրել, սարսափ՝ պատասխանատվության ծանրության հանդեպ: Տագնապ, անհանգստություն, նախագծի իրականացման հաջողության հանդեպ տարատեսակ զգացումներ ու ներքին հպարտություն, որ չնայած խոչընդոտներին՝ այն սպասվածից առավել էր դառնում:

Սակայն անսպասելին առջևում էր:

«Արդեն ժամը 5-ն էր, բայց ոչինչ տեղի չէր ունենում,- պատմել է Ռիչին հարցազրույցներից մեկում,- ես ունեի նվազագույն կազմով մի խումբ և նվազագույն գործիքներ, մինչդեռ նրանք պնդում էին` ամենաառաջինը լինել»:

Կազմակերպիչները ցայտնոտի մեջ էին: Համերգը վաղուց պետք էր սկսել, մինչդեռ երաժիշտները չկային: Ահռելի քանակությամբ բազմությունը, քաղաքը տակնուվրա արած այդ աներևակայելի շարժումը, ապա՝ տեղացող անձրևը կաթվածահար էին արել երթևեկությունը: Փառատոնի ծրագրում ընդգրկված երաժիշտները ևս հայտնվել էին սարսափելի խցանման մեջ, որի պատճառով ծրագիրը կանգնած էր տապալման շեմին: Եվ ստացվեց այնպես, որ դրությունը փրկելու այլ տարբերակ չէր կարող լինել, քանի որ տեղում էր Հեյվենսն՝ իր փոքրիկ նվագախմբով:

«Այնպիսի զգացողություն ունեի, որ այդ ահռելի տարածքն ընդգրկող բազմությունը ուղղակի սպանելու էր ինձ, եթե առաջինը ես բեմ դուրս գայի»,- շարունակում է պատմել  նա:

Հեյվենսը սխալվեց: Նա ոչ միայն ստիպված եղավ փառատոնը բացող երաժշտի դերը ստանձնել, այլև նվագել սպառվելու աստիճան՝ «Ռիչի՛, մի քանի երգ էլ, մի քանի երգ էլ» խնդրանք-կոչերի տակ: Խցանումը դեռ չի հաղթահարվել, բեմում Ռիչին է, ով ոչ թե վառել է կրակը, այլ պայթեցրել օդում մի աներևակայելի տրամադրություն, խանդավառել ու ալեկոծել հանդիսատեսին:

Վուդսթոք. 1969թ.

Նա շարունակեց նվագել, սկզբում մեկը, հետո մյուսը, ու այսպես շարունակ: Բեմում նախատեսված քառասուն րոպեի փոխարեն մնաց երկու ժամ քառասունհինգ րոպե՝ այդ ողջ ընթացքում մի ձեռքում ամուր պահելով կիթառի ճկված նյարդը, մյուսում՝ հարյուր հազարավոր երիտասարդներին: «Ես արդեն երգել ու նվագել էի ամենն, ինչ գիտեի ու մի պահ արդեն ինքս էլ շվարել էի»,- պատմում է երաժիշտը: Եվ այն պահին, երբ խմբի երաժիշտներն իրենք էլ չգիտեն, թե այլևս ինչ պիտի անեն՝ օդում հնչում է Հեյվենսի նոր զարկը՝ ռիթմիկ, խելահեղ թռիչքներով, թվում է՝ առանց հպվելու լարերին: Պարզ էր, բեմում, հենց այդ պահին ծնվում էր նոր ստեղծագործություն:

«Freedom». Երբ իմպրովիզացիոն երաժշտական փոթորկի միջից հնչեցին բառերը, ոմանք իսկույն ճանաչեցին հեռավոր ակունքներից եկող այդ ձայնը: Աֆրոամերիկյան «Motherless Child» սփիրիչուելի մասին մենք մեկ անգամ էլ ենք հիշել, երբ անդրադառնում էինք «Summertime»-ին: Հեյվենսի «Freedom»-ը պտտվեց, պտտվեց ու ետ գալով` հենվեց հենց այս արմատին, մանկության տարիներին՝ տատի հիշողության հետ եկող երգի մեղեդիներով:

«Կարծում եմ՝ «Ազատություն» բառը դուրս թռավ բերանիցս, որովհետև ես այդ պահին կանգնած էի նրան դեմ-դիմաց, ես տեսա այն ազատությունը, որը մենք էինք փնտրում, և ամեն մարդ նրան հաղորդակից էր դարձնում նաև մյուսին: Ահա թե ինչու ես հենց այդ բառն արտաբերեցի» :

Հեյվենսի ելույթն այս փառատոնում մեծամասշտաբ, համաշխարհային արձագանքներ նվաճեց: Նա վաստակել էր դա: Վուդսթոքյան այս իկոնիկ հայտնությունը նրան մեկընդմիշտ տեղավորեց լեգենդար աստղաբույլում` շրջադարձային դառնալով նրա ստեղծագործական կյանքում:

Ականատեսներից մեկը, ով նաև փառատոնի բեմի աշխատակազում էր, «BBC»-ի հետ զրույցում ասում է, որ ողջ կյանքի ընթացքում ամենաշատը ազդվել է Հեյվենսի կատարումից: «Ես հիշում եմ Ռիչի Հեյվենսի ելույթը. այն ասես ապահովեց սաունդթրեքը մի օրվա, որի լավագույն նկարագրությունը «կազմակերպված քաոս» կոչելն է,- պատմում է ականատես Ռ. Ս. Թոզինսկին,- ես նրան մինչ այդ բեմում չէի տեսել, այդ կատարումն իսկապես մեծ ու ներգործող ազդեցություն թողեց ինձ վրա՝ ողջ կյանքիս ընթացքում»:

Վուդսթոքը ապահովեց Հեյվենսի հետագա ալբոմների ու սինգլների հաջողությունը, դրանք ոչ միայն սեփական ստեղծագործություններն էին, այլև հին ու նոր երգերի մշակումներ, հայտնի հիթերի նոր ու ինքնատիպ մեկնաբանություններ: Նրա երաժշտությունն իր մեջ ներառում էր ամենատարբեր ոճեր ու տրամադրություններ՝ ֆոլկ, ֆանք, ջազ, ռոք, բլյուզ, քանթրի և այլն: Նա նաև համարվում էԲոբ Դիլընի, Լենըրդ Քոհենի, Ջոն Լենոնի և Փոլ Մաքարթնիի երգերի լավագույն «թարգմանիչը»: Նա նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում:

Հեյվենսի լեգենդար «Freedom»-ը 60-ականների սերնդի, հատկապես հիպիական շարժման հետնորդների հիմնն էր, երաժշտության պատմության ամենակրակոտ էջերից մեկը: Երգը հետագայում բազմիցս կատարվել է այլ երգիչների կողմից: Այն ընդգրկվել է նաև Քվենտին Տարանտինոյի «Ջանգո. ազատագրվածը» ֆիլմում (2012թ.): 2008 թվականին Հեյվենսը այն կատարեց նաև Կաննի միջազգային կինոփառատոնի բեմից` բացման արարողությանը, ժյուրին նախագահող Շոն Պենի խնդրանքով:

Անդրադառնալով իր երաժշտությանը կամ ոճին՝ նա ասում էր. «Ես չգիտեի,  թե ինչ էի անում, պարզապես անում էի դա. մի բան, որը միայն երաժշտություն կարող եմ անվանել, ուրիշ ոչինչ …  Երբ տեսա առաջին օրվա համերգային ազդագիրը, որին գրված էր՝ «Ռիչի Հեյվենս՝ ֆոլկ և ջազ երգիչ», մտածեցի՝ «Լու՞րջ… ուրեմն դա ե՞ս եմ, դա այն է, ինչ ես անու՞մ եմ»: Ես պարզապես մտնում էի ինչ-որ իրադրության մեջ, այնտեղ տեղավորվում էի, և մարդկանց կարծես թե դա դուր էր գալիս»:

Լուսանկարները վերցված են www.billboard.com, www.nydailynews.com, www.npr.org, http://www.bbc.com կայքերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter