HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Շվեյցարացիները ոսկու հանք են գտել Հայաստանում

Շվեյցարական «Դինո» ընկերությունը «Կապանի լեռնահարստացման կոմբինատին» տիրանալուց մոտ երկու տարի հետո սնանկացման ճանապարհով ազատվեց անգամ ձեռք բերած Կոմբինատի լրիվ արժեքը ՀՀ կառավարությանը վճարելուց: Տնտեսական դատարանը նրան ազատեց 5,5մլն դոլարի պարտքից, որը նա պարտավորվել էր վճարել բաժնետոմսերի մասնավորեցման որոշմամբ:

«Կապանի Լեռնահարստացման կոմբինատը» համարվում է Կապան քաղաքի սնուցող երակը, եւ քաղաքի բնակչությունն իր սոցիալական վիճակի բարելավման հույսն ուղղակի կապում է կոմբինատի գործունեության հետ: «Այսօր Կապանը ինչ-որ չափով շնչում է կոմբինատի աշխատակիցների շնորհիվ, կոմբինատում արտադրանքի ծավալներն ավելացել են, աշխատավարձի ֆոնդը երկու տարվա ընթացքում 28մլն-ից հասել է 93մլն դրամի»,-ասում է Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանը:

«Կապանի Լեռնահարստացման կոմբինատը» («Կապանի ԼՀԿ») ներկայումս լուծարման գործընթացում է: ՀՀ տնտեսական դատարանի 2004թ.-ի օգոստոսի 6-ի վճռով «Կապանի ԼՀԿ»-ն սնանկ է ճանաչվել, սակայն այս վիճակը գործազրկությամբ չի սպառնում կապանցիներին: «Սա այն դեպքն է, երբ ինքնասնանկացման ճանապարհով, այսինքն՝ հնուց մնացած պարտքերից ազատվելով՝ մտածում են լուրջ առողջանալու մասին: Առավել եւս՝ բավականին հումքային ռեսուրսներ կան, շուկայում արտադրանքը՝ խտանյութը կա, այլ բան է, որ մտածում են վեջնական արտադրանք ստանալ, որը տրանսպորտային ծախսերի լուրջ կրճատում կլինի, մեծ շահույթ կստանան»,- «Կապանի ԼՀԿ»-ի սնանկացման երեւույթը մեկնաբանում է Սյունիքի մարզպետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը:

Տեղական պաշտոնյաները դրական են գնահատում Կոմբինատի մասնավորեցումը շվեյցարական «Դինո» ընկերությանը՝ նշելով, որ մինչեւ մասնավորեցումը կոմբինատը լիարժեք չէր գործում, զգալի պարտքեր ուներ, տեխնիկան հնացել էր եւ այլն: «Կապանի ԼՀԿ»-ում հիմա ավելի շատ մարդ է աշխատում. նախորդ տարիներին կոմբինատում աշխատում էր 750 մարդ, «Դինոյին» անցնելուց հետո աշխատողների թիվը հասավ 1260-ի: Նախկինում միջին աշխատավարձը 23 հազար դրամ էր, հիմա՝ 83 հազար դրամ է: «Եթե կոմբինատում աշխատում է 1000 մարդ, նշանակում է միջին հաշվով 4000 ընտանիք իր վիճակը բարելավելու հնարավորություն ունի»,- կապանցիների կյանքում կոմբինատի ունեցած դերն ու նշանակությունն է ներկայացնում Սյունիքի մարզպետի տեղակալը:

Նրանց ասելով՝ «Կապան ԼՀԿ-ի» ֆինանսական օգնությունը համայնքին դեռեւս մեծ չէ, թերեւս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համեմատությամբ, որը, քաղաքապետի ասելով, կառավարության միջնորդությամբ, ամեն տարի շուրջ 200-250մլն դրամ է հատկացնում Կապան քաղաքին, որի հաշվին է կատարվում քաղաքի ասֆալտապատումը, ջրամատակարարումը, տանիքների վերանորոգումը եւ այլն: «Կապան ԼՀԿ»-ն առանձնապես չի կարողանում հիմա օգնել, սակայն լուրջ խոստումներ կան, լուրջ ծրագրեր՝ ապագայում օգնելու համար»,- ասաց Կապանի քաղաքապետը:

Կոմբինատը սնանկացավ, որպեսզի ազատվի պարտատերերից

Հոկտեմբերի 25-ին ՀՀ տնտեսական դատարանը դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի նախագահությամբ քննում էր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի սնանկության գործով պահանջատերերի վերջնական ցուցակը հաստատելու գործը: Պարտատերերից «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս Քորփորեյշն» ընկերությունը ներկայացրել էր մոտ 6 մլն դոլարի պահանջ, եւ պարտատերերի ցուցակում նա առաջինը պետք է փոխհատուցում ստանա: Նշենք, որ ընդամենը 6 մլն դոլար է գնահատված «Կապանի ԼՀԿ»-ի ողջ շարժական ու անշարժ գույքը, որը դատարանի որոշման արդյունքում ամբողջությամբ կանցնի «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս Քորփորեյշնին»: Ցուցակում ընդգրկված մյուս 9 պարտատերերը կմնան ձեռնունայն: Պարտատերերից «Մակոին Քըմերշըլ Լիմիթեդ» ընկերությունն այս որոշման դեմ հիմնական առարկողն էր: Նրան միացան եւս մի քանիսը՝ չնայած տրամաբանորեն առաջինը փոխհատուցում ստանալու ցանկությունը բոլորը պետք է ունենային, հատկապես այս դեպքում, երբ գիտեին, որ «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս Քորփորեյշնից» հետո իրենց ոչինչ չի հասնելու: Սակայն հետաքրքիր էր այն, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ներկայացուցիչը, որին «Կապանի ԼՀԿ»-ն ավելի քան 1մլրդ 6,5մլն դրամի (պարտքի չափը տես աղյուսակում) պարտք ունի, դատարանում առարկեց «Մակոին Քըմերշըլ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցչի պահանջի դեմ եւ իր ներկայացրած հիմնարկության շահերը պաշտպանելու փորձ չարեց: Կապանում այս հարցին բոլորը մեկ պատասխան ունեին՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» եւ «Կապան ԼՀԿ-ի» գործադիր տնօրենները եղբայրներ են, հետեւաբար լավ գիտեն իրենց անելիքը:

Կոմբինատը հսկայական պարտքեր ունի նաեւ Կապանի քաղաքապետարանին, որը հատուցելու պահանջը դատարանը բավարարել է 2002թ.-ի սեպտեմբերին, մասնավորեցումից առաջ, սակայն, չգիտես ինչու, կառավարության մասնավորեցման որոշման մեջ այս հիմնարկության պարտքը չի ներառվել: Կապանի փոխքաղաքապետ Նորայր Հարությունյանը տեղեկացրեց, որ «Կապանի ԼՀԿ»-ն Կապանի քաղաքապետարանին մինչեւ 2002թ.-ը պարտք էր 29մլն դրամ, որի համար դատարան դիմեցին: Դատարանի վճռից հետո 6 մլն վերադարձրել է, իսկ մնացածի համար հաշտության համաձայնություն են կնքել, որի սահմանած ժամանակացույցով պարտավորվել էին մինչեւ 2003թ. նոյեմբերի 30-ը մարել պարտքը, սակայն դարձյալ չեն կատարել: «Սնանկացման գործով մենք դատարան չենք դիմել, սակայն ընդգրկվել ենք պարտատերերի ցուցակում, եւ դատարանով պետք է պարտքը մարվի»,-հույս հայտնեց փոխքաղաքապետը: Դատարան չդիմելու պատճառն, ամենայն հավանականությամբ, Կապանի քաղաքապետարանին տված ապագայի խոստումները չեն միայն: Կոմբինատը ներկայումս Կապան քաղաքի ասֆալտապատումն է հովանավորում եւ զանազան այլ ձեռնարկներ: Ֆինանսապես աջակցում է նաեւ «Սյունիք-Զանգեզուր» հիմնադրամին, որը հիմնադրել է Սյունիքի մարզպետարանը:

Մինչեւ մասնավորեցումը Կոմբինատը պարտքեր է կուտակել նաեւ այլ ընկերություններից վերցրած փոխառությունների հաշվին՝

Պարտատերերի ցուցակն ըստ դատարանի հաստատած հերթականության
«Դինո» ընկերությունը լրիվ չի վճարել «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» արժեքը

ՀՀ կառավարությունը 2002թ.-ին «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը վաճառել է շվեյցարական «Դինո» ընկերությանը: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ կնքած բաժնետոմսերի փոխանցման պայմանագրով (ԲՓՊ) «Դինոն» կոմբինատը ձեռք բերելու դիմաց ՀՀ Կառավարությանը պետք է վճարեր 1,25 մլն ԱՄՆ դոլար՝ գումարած կոմբինատի պարտքերը: Որպեսզի կատարվեն մասնավորեցման պայմանները, եւ մարվեն «Կապան ԼՀԿ»-ի վաճառքի արժեքի մեջ հաշվարկված պարտքերը, Կոմբինատի բաժնետոմսերը գրավ են դրվել ՀՀ կառավարության մոտ՝ մինչեւ պետական հիմնարկ-ձեռնարկություններին ունեցած պարտքերը մարելը: Սակայն, ժամանակին ավելի հեռահար հաշվարկներով «Դինոն» կանխել է ՀՀ կառավարությանը: Դառնալով սեփականատեր՝ «Կապանի ԼՀԿ»-ի ողջ շարժական ու անշարժ գույքը, ինչպես նաեւ՝ ձեռք բերված տեխնիկան ու հումքը, որ պարտավոր էին գնել ներդրումային ծրագրով, գրավ են դրել «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս Քորփորեյշն»-ի մոտ՝ նրանց հետ ձեւակերպելով փոխառության գումարի պայմանագրեր:

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գ. Վարդանյանը մեզ տեղեկացնում է, որ «Դինո» ընկերությունը, ըստ հաստատված ժամանակցույցի, կատարել է ստանձնած պարտավորությունները՝ թվարկելով պարտքերից մի քանիսի մարման ժամանակագրությունը:

Փոխնախարարն անտեսում է, որ նախարարության հետ կնքված պայմանագրի 6.1.2 կետով ընկերությանը մատուցված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտքերը մարելու համար նույնպես ժամանակացույց է ճշտվել, ըստ որի՝ առաջին 1մլն-ը վճարելուց հետո էլեկտրաէներգիայի դիմաց մնացած պարտքերը պետք է մարվեն 6 տարվա ընթացքում՝ վճարումը սկսելով 2006թ.-ի հունվարի 1-ից («Հայգազարդ» ՓԲԸ-ի պարտքի չափը տե՛ս աղյուսակում): Նույն պայմանագրի 6.1.3 կետով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին ունեցած պարտքի մարումը պետք է սկսվեր 2005թ.-ի հունվարի 1-ից (պարտքի չափը տե՛ս աղյուսակում): Փոխնախարարը տեղեկացնում է, որ «Դինո» ընկերությունը կատարել է նաեւ ներկայացրած ներդրումային ծրագիրը՝ չմասնավորեցնելով՝ ո՞ւմ հաշվին:

Նշենք, որ Կոմբինատի 100% բաժնետոմսերը վաճառվել են շվեյցարական «Դինո» ընկերությանը՝ հաշվի առնելով, որ բավարար ֆինանսական ռեսուրսներ ունի ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրն իրականացնելու համար: Սակայն հիմա պարզվում է, որ այդ ամենը «Դինոն» կատարել է «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս Քորփորեյշն»-ի գումարներով եւ պարտք է մնացել նրան: Ռեյնջբուրգի ներկայացուցիչ Արտաշես Կակոյանը համաձայն չէր դատարանում «Մակոին Քմերշըլ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի արած այն որակմանը, որ «Դինո» ՍՊԸ-ի, «Կապանի ԼՀԿ»-ի եւ «Ռեյնջբուրգի» միջեւ կնքված եռակողմ փոխառության պայմանագրերը շինծու են, սակայն փաստերը միայն այդ են հաստատում:

Այսպես՝ Կոմբինատը «Դինոյին» հանձնվել է 2002թ.-ի դեկտեմբերի 6-ին: «Դինոյի», «Կոմբինատի» եւ Բելիզի հանրապետությունում գրանցված Ռեյնջբուրգի միջեւ եռակողմ պայմանագիրը կնքվել է 20.12.02թ.-ին, համաձայն որի Ռեյնջբուրգը կոմբինատին պետք է փոխանցեր 1մլն 800 հազար ԱՄՆ դոլար: Մինչդեռ Ռեյնջբուրգի եւ Կոմբինատի փոխադարձ հաշարկների ակտում փոխառության գումարով առաջին 1մլն դոլարի փոխանցումը, որով Կոմբինատը էլեկտրաէներգիայի պարտքն է մարել, կատարվել է 28.11.02թ.-ին, երբ դեռեւս կոմբինատը մասնավորեցված չէր «Դինոյին»: Ռեյնջբուրգը դատարանին ներկայացրել է մոտ 6 մլն դոլարի պահանջ: 26.01.04թ.-ին կնքել են նոր պայմանագիր, ըստ որի 6մլն ԱՄՆ դոլարի դիմաց գրավադրել են Կոմբինատի գույքը: Ստացվում է, որ Ռեյնջբուրգն ու Կոմբինատը կնքել են 1մլն 800 հազար ԱՄՆ դոլարի պայմանագիր, սակայն Ռեյնջբուրգը պայմանավորվածից 4մլն դոլար ավելի է փոխանցել:

«Մակոին Քմերշըլ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի համոզմամբ, փոխառության պայմանագրերով կողմերը ցանկացել են քողարկել ՀՀ կառավարության 1859-Ա որոշմամբ ու Բաժնեմասերի փոխանցման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը՝ ներդրումների եւ վճարումներ կատարելու գործարքները, ուստի դատարանը նշված գործարքները եւ դրանց հիման վրա գումարների ներդրումը եւ վճարումը պետք է դիտի ԲՓՊ-ի՝ որպես կառավարության ստանձնած պարտավորության կատարում, այլ ոչ թե որոշմամբ չնախատեսված փոխառության պայմանագրեր:

Արա Զոհրաբյանը Տնտեսական դատարանին առարկություն ներկայացրեց նաեւ գրավի պայմանագրերի օրինականության վերաբերյալ՝ նշելով, որ դրանցից եւ ոչ մեկում չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի կանոնները: Պայմանագրերում բացակայում են՝

1. պայմանագրի կողմերի գտնվելու վայրերը,
2. գրավով ապահովված պարտավորության չափը,
3. գրավով ապահովված պարտավորության կատարման ժամկետը:

Հետեւաբար, գրավի պայմանագրերն անվավեր են, իսկ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետեւանքների: «Ռեյնջբուրգի» ներկայացուցիչը մատնանշված խախտումները համարեց ոչ էական, սակայն դատաքննության ընթացքում նոտարիատում շտկեց իր հակառակորդի մատնանշած գրավի պայմանագրի թերությունները: «Կապանի ԼՀԿ»-ի անվճարունակության գործով կառավարիչ Ա. Չիտչյանը, «Մակոին Քըմերշըլ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցչի հարցին պատասխանելով, հայտնեց, որ «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս Քորփորեյշնը» իր թույլտվությամբ է գրավի պայմանագրի լրացում կնքել եւ նոտարական վավերացում տվել: Դատարանը հետին թվով արված այդ շտկումները օրինական համարեց եւ դրանով հնարավորություն տվեց, որ «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս Քորփորեյշնը» դառնա «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի սեփականատերը, քանի որ դատարան ներկայացրած փաստաթղթով նա Կոմբինատին տված փոխառության գումարի դիմաց գրավադրել է «Կապանի ԼՀԿ»-ի ողջ ունեցվածքը:

«Դինո» ընկերության վերցրած պարտքն էն պարտքը չի»

«Կապանի ԼՀԿ»-ի գործադիր տնօրեն Մարտին Հակոբյանը իմ՝ Կապան հասնելուց մեկ ժամ առաջ, կեղծ պատճառաբանություններով դրժեց մեր հանդիպման պայմանավորվածությունը, իսկ հաջորդ օրն անջատեց հեռախոսը՝ խզելով կապը շրջապատի հետ, մինչեւ Կապանից իմ հեռանալը: Փոխարենն ինձ ընդունեցին կոմբինատի աշխատակազմի ղեկավար Արթուր Հակոբյանը եւ իրավաբանը, որը, թեպետ, Երեւանում իրեն իրավասու չէր համարում լրագրողիս հարցերին պատասխանելու համար, սակայն կոմբինատում աշխատում էր աշխատակազմի ղեկավարից առաջ պատասխանել հարցերին, ընդ որում՝ կարեւոր չէր՝ ասելիքը ճշմարտությու՞ն էր, թե՞ հերթական..:
Կոմբինատը, ինչպես նրանք էին ասում, լուծարման գործընթացում էր, սակայն դա ոչնչով չէր ազդել աշխատանքային բնականոն ռիթմի վրա: «Կոմբինատը զբաղվում է հանքաքարի արդյունահանմամբ, որից ստանում ենք պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի, որն էլ արտահանվում է արտասահմանյան երկրներ՝ Բելգիա, Չինաստան եւ այլուր: Երկու տարի է նոր հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանք ենք կատարում, քանի որ մեր նախկին երկու հանքավայրերն արդեն սպառվել են»,- ասաց աշխատակազմի ղեկավարը: Նրանք ցույց տվեցին վարչական շենքում ընթացող վերանորոգման, բարեկարգման աշխատանքները, որոնք նպատակաուղղված են նաեւ բանվորների աշխատանքային պայմանների բարելավմանը:

«Կոմբինատը մինչեւ «Դինոյին» հանձնելը ունեինք 2 հանք՝ Շահումյանի անվան հանքաքարն ավելի հարուստ է, եւ ոսկին ու արծաթը այստեղից են արտահանում: Սա հետո, 2002թ.-ին է շահագործվել, եւ այդ տարի 80 հազար տոննա հանքաքար է արդյունահանվել, 2003թ.-ին՝ 259 հազար տոննա է դարձել, այս տարի արդեն 268 հազար տոննա հանքաքար է արդյունահանվել»,-կոմբինատի առաջընթացն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարը: Տեղացիների հետ միասին այստեղ իրենց բնականոն աշխատանքն էին շարունակում շվեցարացիները թե՛ արտադրական, թե՛ վարչական բաժիններում: Ակնհայտ էր, որ ո՛չ կոմբինատի վարչական կազմը, ո՛չ Կապանի իշխանություններն անհանգստացած չէին, թե ինչպիսին կլինի իրենց փոխհարաբերությունները «Կապան ԼՀԿ»-ի նոր սեփականատերերի հետ, որը, դատելով սնանկացման գործըթացից, անխուսափելի է:

Պատասխանելով իմ այն հարցին, որ սնանկացման վարույթի համաձայն նրանց ողջ գույքն անցնում է «Ռեյնջբուրգին», այդ թվում՝ նաեւ տեխնիկան եւ հումքը, ինչպե՞ս է իր գործունեությունը շարունակելու Կոմբինատը, Ա. Հակոբյանը անկեղծացավ. «Ռեյնջբուրգ Էնթերփրայզիս Քորփորեյշն»-ից «Դինո» ընկերության վերցրած պարտքերն էն պարտքը չի, մի քիչ տարբերություն կա»: Ապա նույն հանգիստ տոնով շարունակեց. «Ռեյնջբուրգ Էնթերփրայզիս Քորփորեյշնը», բնականաբար, «Կապան ԼՀԿ»-ի տերը կդառնա, դատարանը կորոշի եւ կոմբինատն ամեն ինչով կանցնի նրան»:

Կարող ե՞ք համոզել, որ մեկն այդքան հանգիստ ու անվրդով, կամովին կհրաժարվի ոսկու, արծաթի, ցինկի, պղինձի եւ այլ թանկարժեք մետաղների հանքանյութից, ինչպես փորձում է համոզել «Դինո» ՍՊԸ-ն, որը ոչինչ չի ձեռնարկում իր սեփականությունը պաշտպանելու համար, անգամ ներկայացուցիչ չուներ դատարանում: Կասկածելի չէ՞ «Դինոյի» հանգստությունը, որը չի ընդդիմանում, երբ կոմբինատն անցնում է «Ռեյնջբուրգին», ինչպես մյուս պարտատերերն են դա անում, այլ ամեն ինչ անում է, որպեսզի արագացնի «Կապան ԼՀԿ»-ի լուծարման գործընթացը, բայցեւ, միաժամանակ, վերազինում է, վերանորոգում Կոմբինատը, նոր հանքավայրի շահագործման նախապատրաստության մեջ է: Եթե Ռեյնջբուրգը նույն ինքը՝ «Դինոն» չի, ապա ինչո՞ւ է «Դինոն» պատրաստ կամովին մեկ ուրիշին զիջել ոսկու հանքը: Եթե ուսումնասիրված չէր, որ «Դինո» ՍՊԸ-ն բավարար ռեսուրսներ չուներ նման մեծ արտադրություն կազմակերպելու համար, ապա ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը թանկարժեք մետաղների հանքանյութի շահագործումը հանձնեց նրան եւ հետաքրքրված չէ, թե շահույթ ունեցող «Կապանի ԼՀԿ»-ն ինչո՞ւ է սնանկանում՝ չվճարելով անգամ Կոմբինատի ողջ արժեքը: Որտե՞ղ է «Դինոյի» ներդրումը, եթե հումքը, տեխնիկան ձեռք է բերել «Ռեյնջբուրգ Էնթերփրայզիս Քորփորեյշն»-ից վերցրած փոխառության գումարով, եթե անգամ պարտավորությունները՝ էլեկտրաէներգիայի, սոցապհիմնադրամի, աշխատավարձերի պարտքերը մարել է փոխառության գումարներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter