HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արմեն Սարգսյան․ «Թող որևէ մեկը չկասկածի՝ Հայաստանը կանգած է Արցախի թիկունքին»

Ազգային Ժողովի հատուկ նիստում այսօր՝ ապրիլի 9-ին, Արմեն Սարգսյանը ստանձնեց հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնը։ ԱԺ հատուկ նիստը ԱԺ նախագահի որոշմամբ կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որին լրագրողները ներկա չէին, հետևում էին ուղիղ հեռարձակմամբ։

Նիստի աշխատանքը բացված համարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը՝ հայտարարելով, որ խորհրդարանի հատուկ նիստին գրանցվել է 92 պատգամավոր, քվորում կա, ուստի կարող են սկսել աշխատանքները։ Բաբլոյանը հիշեցրեց, որ խորհրդարանը մարտի երկուսին նախագահ է ընտրել Արմեն Սարգսյանին, իսկ այսօրվա նիստը նվիրված է նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի լիազորությունները ստանձնելուն, քանի որ ավարտվեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։

Արա Բաբլոյանի հրահանգով դահլիճ բերվեցին պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Սահմանադրության մայր օրինակն ու վեհամոր ավետարանը, որից հետո էլ Սարգսյանը կատարեց երդման հանդիսավոր արարողությունը։

«Ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը՝  երդվում եմ հավատարիմ լինել Սահմանադրությանը, և իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով, և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»,- ասաց նա։

Այնուհետև հնչեց Հանրապետության պետական օրհներգը։

Ապա հայրապետական իր օրհնության խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Հայրենի պետականությունը վերականգնելու համար մեր ժողովուրդը մաքառումների երկար ճանապարհ է անցել, դիմագրավել բազմաթիվ փորձությունների։ Հայոց նորօրյա անկախ պետականությունը մեր ազատատենչ ոգու ու հավաքական կամքի ձեռքբերումն է, մեր պայքարի ու մաքառումների պսակն ու դափնին, անկախ մեր պետականությունը մեր ողջ ժողովրդի արժանապատվությունն է»,- ասաց կաթողիկոսը՝ շնորհավորելով նորընտիր նախագահին։

Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կաթողիկոսին հայրապետական օրհնանքի համար, ապա ելույթով հանդես եկավ։

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է ստանձնել հանրապետության նախագահի բարձր պաշտոնը, սա վիթխարի պատասխանատվություն է երկրի ժողովրդի ու պատմության առջև, այն ինձ մղում է լարել ողջ ուժերս ու եռանդս՝ արդարացնելու համար այն վստահությունը, որը մարտի 2-ին իմ հանդեպ ցուցաբերեց խորհրդարանը»,- ասաց նա։

Արմեն Սարգսյանի խոսքով՝ ինքը պետք է արդարացնի հանրության հույսերը, որոնք կապում են իր հետ, նաև՝ աշխարհասփյուռ հայության։

«Ինձ ուժ է տալիս հավատը մեր երկրի և ժողովրդի ապագայի հանդեպ, սփռված մեր եղբայրների ու քույրերի տոկունության ու տաղանդի հանդեպ»,- ասաց Սարգսյանը։

Տեղեկացնենք, որ հանդիավոր արարողությանը ներկա էր նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Իր ելույթում նորընտիր նախագահն անդրադարձավ նաև հայկական երկրորդ հանրապետությանը՝ Արցախին։

«Թող որևէ մեկը չկասկածի, որ Հայաստանը կանգած է Արցախի թիկունքին և պայքարելու է նրա արդար իրավունքների համար, փառք ու պատիվ մեր հերոսներին, փառք հայոց հաղթական բանակին»,-ասաց նա։

Խորհրդարանի նախագահը շնորհավորեց նորընտիր նախագահին, ապա հատուկ նիստը փակված հայտարարեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter