Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ռուսաստանի 50 ամենահարուստ մարդիկ մեկ օրվա ընթացքում կորցրել են 11,7 միլիարդ դոլար



Ռուսաստանի 50 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը մեկ օրվա ընթացքում նվազել է 11,7 միլիարդ դոլարով: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում անելով Forbes-ի փորձագետներին: 

Forbes-ի ցուցակի անդամների կապիտալի նվազումը ռուսական ֆոնդային շուկայի անկման հետևանքն է: Անկման ամենաստորին հատվածում Մոսկվայի ֆոնդային բորսայի ցուցիչը ապրիլի 9-ի դրությամբ եղել է 9%, իսկ РТС ֆոնդային բորսայի ցուցիչը՝ 11%:

Ռուսական ֆոնդային շուկայի կտրուկ անկման պատճառը ապրիլի 6-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների ցանկն է, որում ընդգրկվել են ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներ և օլիգարխներ, ինչպես նաև վերջիններիս պատկանող մի շարք ընկերություններ: Ֆոնդային շուկայի անկման պատճառով միլիոնավոր և նույնիսկ միլիարդից ավելի դոլարների կուրուստ են ունեցել ինչպես պատժամիջոցների ցանկում հայտնված, այնպես էլ դրանում չընդգրկված մեծահարուստներ:

Ամենամեծ ֆինանսական կորուստ ունեցածներից մեկը Օլեգ Դերիպասկան է, ում կարողությունը «Rusal»-ի և « En+ Group»-ի արժեթղթերի շեշտակի անկման հետևանքով նվազել է 1,3 մլրդ դոլարով: Երկուշաբթի օրվա դրությամբ Forbes-ի փորձագետները Դերիպասկայի կարողությունը գնահատում են 4 մլրդ դոլար, այն դեպքում, երբ Forbes-2018-ի հրապարակման պահին նրա կարողությունը կազմում էր 6,7 միլիարդ:

1,3 միլիարդ դոլարի կորուստ է ունեցել նաև «Норникель»-ի հիմնական սեփականատեր և գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոտանինը, ով ի տարբերություն Դերիպասկայի՝ չէր հայտնվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում:

Փոխարենը՝ կորուստների չափով երրորդ և չորրորդ տեղերում հայտնված անձանց ԱՄՆ-ի ֆինասների նախարարությունը ներառել էր պատժամիջոցների ցանկում: Դրանք են «Ренова»-ի ղեկավար Վիկտոր Վեկսելբերգը՝ 908 միլիոն դոլարի կորստով, և սենատոր, «Нафта Москва»-ի սեփականատեր Սուլեյման Քերիմովը՝ 813 միլիոնի կորստով:

Ռուսաստանի ֆոնդային շուկայի անկման պատճառով խոշոր կորուստներ են ունեցել նաև Լեոնիդ Միխելսոնը (-$755 մլն), Գենադի Տիմչենկոն (-$716 մլն), Վլադիմիր Լիսինը (-$578 մլն), Ռոման Աբրամովիչը (-$534 մլն), Վահիտ Ալեկպերովը (-$519 մլն) և Ալեքսեյ Մուրդաշովը (-$489 մլն):

Լուսանկարում ձախից՝ Վիկտոր Վեկսելբերգը, աջից՝ Օլեգ Դերիպասկան / © ТАСС


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ