HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Մեր բոլորի խնդիրն է այնպես անել, որ Սերժ Սարգսյանի հեռանալը լինի անվերադարձ»

Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնությունն այսօր Սարգսյանի պաշտոնավարման վերջին օրվան նվիրված հրաժեշտի ծառատունկ իրականացրեց։ Այսօր՝ ապրիլի 9-ին, շարժման տասներորդ օրն է։ Երեկ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ի աջակցություն քաղաքացիական ակտիվիստ Անուշ Լալայանի, որի բնակարան մի քանի ոստիկան էին գնացել, արագաչափի վրա «Իմ քայլը» շարժման ստիկեր էր փակցրել։ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ կոչ անելով պատգամավորին զերծ մնալ վարչական իրավախախտումներից։ Այսօր Փաշինյանը կրկին իրականացրեց նույն ակցիան։

«Երեկ մեկ «անտիսաշիկ» գործողությունը եղավ, որից հետո ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, կարծում եմ՝ իմ դեմքից կռահում եք, որ վախեցած եմ ոստիկանության գործողություններից, և այս ակցիան ի պաշտպանություն է Վարդգես Գասպարիի և Արփի Դավոյանի (ՔՊ անդամ) բնակարանի մոտ գլխատված ծիտիկ դնելուն, ողջուններ Սաշիկ Սարգսյանին»,- ասաց Փաշինյանը՝ ստիկերներ փակցնելով արագաչափին։

Հիշեցնենք, որ այսօր Վարդգես  Գասպարիին ոստիկանները թույլ չէին տալիս պիկետ իրականացնել:

Փաշինյանի խոսքով՝ ի պատասխան Գասպարիի դեմ կատարված բռնության, իրենք այսօր կծած սնիկերս են տեղադրելու ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի տան դիմաց։

Սևան քաղաքում շարժման անդամներն իրազեկող թռուցիկներ էին բաժանում անցնող ավտոմեքենաների վարորդներին՝ կոչ անելով «մերժել սերժին»։

«Այսօր ապրիլի 9-ն է, մի հրաշալի օր, որովհետև այսօր Սերժ Սարգսյանը հեռանում է իշխանությունից, և մեր բոլորի խնդիրն է այնպես անել, որ այդ հեռանալը լինի անվերադարձ, դա է պատճառը, որ այսօր տնկում ենք հրաժեշտի ծառը»,- ավանդական դարձած ծառատունկի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն ընթերցեց 2014 թվականի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում և չի հավակնելու վարչապետի պաշտոնին։

Նիկոլ Փաշինյանն իր էջում հրապարակել է «Իմ քայլը» երգի տեսահոլովակը, որի բառերի հեղինակն ինքն է։

Փաշինյանը շարժմանը նոր միացած անդամներին նվիրեց կրծքանշաններ։ «Սա մեր պատասխանն է Մովսես Խորենացու մեդալին»,- կատակեց Փաշինյանը։ Շարժմանը միացել էին նաև «մերժիր սերժին» նախաձեռնության անդամներ Արմեն Գևորգյանն ու Դավիթ Սանասարյանը։ Ծովագյուղի ճանապարհին Երևանից ավտոերթ միացավ շարժմանը։

Երեկ էլ նախաձեռնությանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էր միացել, նա ողջունեց շարժումն ու փոփոխություններ անելու պատրաստակամությունը։

Հիշեցնենք, որ շարժումը մեկնարկել է մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից, ապրիլի 13-ին՝ 18.00-ին Ազատության հրապարակում նախատեսված է հանրահավաք։ Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են վարորդներն ազդանշանների միջոցով ողջունում իրենց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter