Շաբաթ, 21 ապրիլի

Հինգ տարի հետախուզվող դատախազը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. գործը դատարանում է



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության  նախկին դատախազ Խաչատուր Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործ, որի շրջանակներում վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ:

Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի՝ քաղաքացի Ափոյանը 40.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալու համար կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, և այս առթիվ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն հանցագործության մասին  հաղորդում է ներկայացրել:

Ըստ մեղադրանքի՝ համայնքային դատախազ Գրիշա Միքայելյանից ստանալով գործը՝ Խաչատուր Բաղդասարանը դրան օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար Սերգեյ Ափոյանից, միջնորդ Արթուր Ղուկասյանի միջոցով, 9.000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել և 2012 թվականի սեպտեմբերի 3-ին ու 4-ին, միջնորդ Ղուկասյանից ստացել 8000 և 1000 ԱՄՆ դոլար կաշառքը:

Խաչատուր Բաղդասարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի 2012 թվականի սեպտեմբերի 10-ից, սակայն քննություն իրականացնող մարմնին տարիներ շարունակ չի հաջողվել հայտնաբերել նրան: Մեղադրյալը շուրջ հինգ տարի հետախուզման մեջ է եղել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հինգ տարի անց Բաղդասարյանը հայտնաբերվել է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից ու Հայաստան տեղափոխվել 2017-ի նոյեմբերի 24-ին: Նույն օրը Հատուկ քննչական ծառայությունում, որտեղ քննվել է գործը, որոշում է կայացվել  հետախուզվողին հայտնաբերելու հիմքով քրեական գործի վարույթը վերսկսելու մասին: Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, և ավագ դատախազի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վերահաստատվել է:

Այսօր դատարանում Խաչատուր Բաղդասարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց:

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, ինձ կաշառք չեն տվել, ես կաշառք չեմ վերցրել, մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում»,- հայտարարեց Խաչատուր Բաղդասարյանը:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալի պաշտպանները բարձրաձայնեցին այն մասին, որ այն ժամանակահատվածում, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, Բաղդասարյանը կաշառք է վերցրել, մասնակցելիս է եղել դատախազության դպրոցում անցկացվող մասնագիտական վերապատրաստման դասընթացներին: Ըստ կարգի՝ վերապատրաստման դասընթացների ընթացքում դատախազներն ազատվում են իրենց պարտականությունների կատարումից, և, ըստ էության,  դատախազական լիազորություն չեն  իրականացնում:  Ուստի պաշտպաններ Կարեն Հակոբյանն ու Արա Ղազարյանը հարց բարձրացրին, թե ինչպե՞ս են 2012-ի սեպտեմբերի 3-ին և 4-ին իր պարտականությունների կատարումից ազատված դատախազին մեղադրում կաշառք պահանջելու և ստանալու մեջ:

Հատկանշական է, որ թեև 2012-ի սեպտեմբերի 3-ից մինչև 17-ը դատախազ Բաղդասարյանը վերապատրաստման դաընթացների է մասնակցելիս եղել, վերը նշված գործը համայնքային դատախազ  Գրիշա Միքայելյանը մակագրել է հենց նրան:

Գրիշա Միքայելյանն այդ գործով վկայի կարգավիճակ ունի, վերջինիս անունն առկա է դատակոչի ցուցակում, և դատարանում, ամենայն հավանականությամբ, կպատասխանի այդ հարցին: Վերջինս դատախազի վերաբերյալ քրեական գործից օրեր անց պաշտոնանկ է արվել:

Դատարանն այսօր որոշեց նաև ապացույցների հետազոտման հաջորդականությունը, համաձայն որի՝ նախ կլսվեն գործով վկաները, ապա կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, ապա՝ ցուցմունք կտա ամբաստանյալը:

Դատական նիստը հետաձգվեց, և դատարանը հաջորդ՝ մայիսի 2-ի դատական նիստին ներկայանալու համար կծանուցի գործով վկաներին:

Նշենք, որ այս գործով դատավարության կողմերն առարկություն են հայտնել տեսանկարահանման վերաբերյալ:

Լուսանկարում դատավոր Արսեն Նիկողոսյանն է


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ