Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Սուրեն Պապիկյան. «Իմ քայլը» նախաձեռնության ևս երկու անդամի բերման են ենթարկել ու վարչական իրավախախտման արձանագրություն կազմել



Մոտ մեկ ժամ առաջ «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության երկու անդամ իրազեկման ակցիա իրականացնելիս բերման են  ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ՔՊ վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը: Վերջինս հայտնեց, որ բերման ենթարկված քաղաքացիներն են Բաբկեն Գրիգորյանն ու  Վարսենիկ Ուզունյանը:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ քաղաքացիները «Իմ քայլը» գրությամբ գրաֆիտի են պատկերելիս եղել փողոցում, երբ բերման են ենթարկվել: Ինչպես գրաֆիտի պատկերելու մյուս դեպքերում, այնպես էլ հիմա քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել: Ըստ ոստիկանության՝ քաղաքացիները թույլ են տվել Վարչական օրենսգրքի  53-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում:

Նշենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է վարչական գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն: Այդ իրավախախտման համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ևս իրազեկման ակցիա իրականացնելիս քաղաքացիներ էին բերման ենթարկվել, և նրանց նկատմամբ նույնպես վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն էր կազմվել:

Մեզ հետ զրույցում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որն այսօր ևս այցելել է` քաղաքացիներին իրավական օգնություն ցույց տալու, հայտնել էր, որ ասֆալտի վրա գրաֆիտի պատկերելը չի կարող համարվել գույքի վնասում:

«Վնաս պատճառելը գույքի ամբողջությունը վնասելն է, մինչդեռ ասֆալտի վրա ինչ-որ բան փչելով՝ այն չես վնասում, ասֆալտի նպատակային նշանակությունն այդպիսով որևէ կերպ չի փոխվել»,- ասել էր Նիկոլայ Բաղդասարյանը:

Նշենք նաև, որ այս պահին, Սուրեն Պապիկյանի փոխանցմամբ, բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել:

Լուսանկարում` Սուրեն Պապիկյանը


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ