Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Նիկոլ Փաշինյան․ «Մեր գործողությունների պլանում տուն գնալ չկա»



«Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ իրենք վարչապետի թեկնածու կունենան, եթե Ազատության հրապարակում նման որոշում կայացվի ժողովրդի կողմից:  Փաշինյանն անգամ չի բացառում, որ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը հետագայում դուրս գա փողոց իրենց հետ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Փաշինյանը: Այսօր քայլերթի տասնմեկերորդ օրն է, շարժման անդամները Հրազդան քաղաքում են։

- Պարոն Փաշինյան, դեռ նախորդ տարի ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Կարեն Կարապետյանն ասաց, որ պատրաստ է լինել վարչապետ նաև 2018-ից հետո, և այն ՀՀԿ-ականների շարքում չէ, որոնք համոզում են Սերժ Սարգսյանին լինել վարչապետ։ Այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում, և արդյոք «Ելք» դաշինքն ունի՞ վարչապետի թեկնածու, քանի որ ըստ Էդմոն Մարուքյանի հոդվածի՝ կարծես թե այդ հարցում ընդհանուր հայտարարի չեք եկել։

- Ես կարծում եմ, որ եթե Ազատության հրապարակին անհրաժեշտ լինի վարչապետի թեկնածու, մենք կունենանք վարչապետի թեկնածու, եթե անհրաժեշտ չլինի, մենք չենք ունենա։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հայտարարությանը, նա այդ հայտարարությամբ  ցույց է տալիս, որ ներքաղաքական կյանքում բացակա է, և երբեք չի եղել այդ գործընթացում։

Ես ասել եմ, որ ՀՀԿ-ն, որպես այդպիսին, չկա, կա Սերժ Սարգսյան և նրան սպասարկող  ցանկացած ոք եթե համաձայնել է ՀՀԿ-ականի կարգավիճակին, համաձայնել է Սերժ Սարգսյանին  սպասարկողի կարգավիճակում լինել, նույնը վերաբերում է նաև Կարեն Կարապետյանին։

- Դուք ձեր ֆեյսբուքյան եթերներում հայտարարել եք, որ պատրաստվում եք ՀՀԿ-ական պատգամավորների տները շրջափակել։

- Եկեք ճիշտ ձևակերպենք․ ես միայնակ նույնիսկ մեկ հանրապետականի տուն չեմ կարող շրջափակել, դրանք ծրագրեր են, որոնք հանրության հետ կարող ենք իրականացնել, եթե հանրությունը արձագանքի մեր այս պլանին, գործողությունը կիրականացվի, եթե հանրությունը չարձագանքի, ոնց այդ գործողություն տեղի կունենա։

- Այսինքն խոստովանում եք, որ դրա համար հազարավոր մարդիկ են պետք։

- Իհարկե, տասնյակ հազարավոր մարդիկ են պետք Ազատության հրապարակում, տասնյակ հազարավոր քաղաքացիների ներկայությամբ է, որ այդ խնդիրները կլուծվեն, ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են ասել՝ էլի եկան, ուղարկեցին տներով, մեր շարժումն այդպիսին չէ, այստեղ չի լինելու շնորհակալություն, ցտեսություն, գնացինք տներով։ Մեր գործողությունների պլանում տուն գնալը չկա։ Դրա համար հարյուր հազարավոր քաղաքացիների ներկայությունն է պետք  Ազատության հրապարակում, և եթե քաղաքացիները ներկա լինեն, ես կասկած չունեմ՝ որ այդ խնդիրները կլուծվեն։

- Ձեզ չի՞ հիասթափեցնում, որ մի քանի տասնյակ քաղաքացիներ են ձեր կողքին։

- Իմ կողքին հազարավոր քաղաքացիներ կան, մեր քայլարշավն է այդպես պլանավորվել՝ սա իմ քայլարշավն է, բայց տարբեր մարդիկ այս ընթացքում մասնակցել են, սակայն գլխավոր իրադարձությունը ապրիլի 13-ին 18.30-ին է լինելու, իսկ հիմա հարյուրավոր քաղաքացիների բարոյական, ֆինանսական աջակցությունն ենք տեսնում։

- Ձեզ համար անակնկա՞լ էր, որ Էդմոն Մարուքյանը դուրս չեկավ փողոց։

- Ես այդ մասին անցյալ կատարյալով չէի խոսի։

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ նա միանա։

- Ոչինչ անհնար չէ, ամեն ինչ կախված է քաղաքական իրավիճակից։

- Պարոն Փաշինյան, 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ Վանաձորում Էդմոն Մարուքյանն առաջարկում էր միավորվել ընդդեմ ՀՀԿ-ի թեկնածուի, դուք երեք պայման առաջ քաշեցիք՝ Մարուքյանը պետք է Սերժ Սարգսյանին իմպիչմենտ ներկայացնելուն միանար, հայտարարեր, որ նա լեգիտիմ նախագահ չէ և գլխավոր պատասխանատուն՝ 2008 թվականի մարտի մեկ-երկուսի իրադարձությունների համար, այդ ամենը չեղավ, ինչու հիմա Մարուքյանը պետք է դուրս գար փողոց՝ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու։

- Ես շատ ցավում եմ,  որն այն ժամանակ մենք ընդհանուր հայտարարի չեկանք, ընդհանուր եզրեր չգտանք և չկարողացանք մեր ուժերը մեկտեղել, և գուցե իսկապես քննադատությունների մեջ օվերդոզ արեցինք։ Հույս ունեմ՝ այժմ փոխադարձաբար ավելի կառուցողական կգտնվենք։

- Այսինքն դուք պայքարը շարունակելու եք փողոցային ճանապարհով՝ մերժելով խորհրդարանը։

- Ես չեմ հասկանում մեկը մյուսին հակադրելու մղումը։ Խորհրդարանական ամբիոնը շատ կարևոր ամբիոն է, մեկը մյուսի շարունակությունն է։

- Իսկ եթե մարդիկ դուրս չգան փողոց։

- Այսօր դրա մասին չեմ մտածում, հանրավաքի մասին եմ մտածում, տեսնենք՝ ինչ քաղաքական պրոցեսներ կլինեն, չեմ բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, նայած, թե ինչ սցենարով կլինեն քաղաքական որոշումները, կարձանգենք ու ադեկվատ որոշում կկայացնենք։

լուսանկարները՝ 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ