Երեքշաբթի, 17 հուլիսի

Պատմամշակութային ժառանգության պահպանությանը կոչված կառույցները հրաժարվել են իրենց հիմնական գործառույթներից



Մշակույթի նախարարությունն ունի մի շարք կառույցներ, որոնք ստեղծված են պատմամշակութային ժառանգությունը պահպանելու համար: Չնայած դրան, Հայաստանում պատմամշակութային հուշարձանները երբեք այդքան անխնամ չեն եղել, եւ մշակութային արժեքների կողոպուտը համատարած բնույթ չի կրել, որքան հիմա: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանի հետ մեր զրույցը հուշարձանների պահպանության համակարգի անկատարության եւ դրա հետեւանքների մասին է:

Պրն Գյուրջյան, այս թեմայով քննարկումների կամ զրույցների ժամանակ հաճախ եք շեշտում, որ հուշարձանների պահպանությանը կոչված բոլոր կառույցներն առանձին-առանձին կան, սակայն ոլորտի կառավարման համակարգ գոյություն չունի: Ինչո՞ւ է այդպես ստացվել: 

Ապօրինի պեղումների, գանձագողության դեպքերի հիմնական պատճառը հուշարձանների պահպանության ոլորտի կառավարման անկատարությունն է: Այդպիսի բաներ միշտ կլինեն, որովհետեւ այդ հարցով զբաղվող լուրջ կառույց չկա: Այսօրվա գործող համակարգը, որը տարրալուծված է մշակույթի նախարարության մեջ, չի արդարացնում իրեն, դա պարտադիր պետք է լինի մասնագետներով համալրված առանձին մարմին: Հարցը պետք է արմատապես լուծել: Երբ գիտակցեցինք, որ Հայաստանում զբոսաշրջությունը գերակա խնդիր է, Կառավարությունը տուրիզմը հռչակեց գերակա ուղղություն եւ ստեղծեց տուրիզմի պետական կոմիտե: Սակայն, կոմիտե ստեղծելով` հարցը չլուծվեց, տուրիզմի հենքը պատմամշակութային հուշարձաններն են:

Կարող ենք Հայաստանի նման հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկրների փորձն ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե որն է ավելի մոտ մեր պետական կառուցվածքին, եւ ճիշտ կառավարման մարմին ունենալ: Ժամանակին ուսումնասիրել էինք տարբեր երկրների այդ ոլորտի փորձը, շատ լավ տարբերակ է Իրանի կառավարումը: Իրանը նույնպես հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ եւ այնտեղ էլ անօրինական պեղումներ, գանձագողություններ լինում են: Նրանք հատուկ ռազմական ստորաբաժանում ունեն, որն ամբողջ սահմանի երկարությամբ շրջում եւ հսկում է հուշարձանները: Իրանի Շիրազ նահանգում նույնիսկ մի թանգարան ունեն, որտեղ հավաքել են սահմանից առգրաված արժեքավոր իրերը:

Թուրքիայի հուշարձանների պահպանության կառույցը նույնպես հետաքրքիր կառուցվածք ունի, ուսումնասիրել էինք նաեւ Իտալիայի կառույցը: Մենք տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) չունենք համապատասխան մասնագետներ: ՏԻՄ-երում մասնագետ պետք է լինի, այլ երկրներում կան այդ հաստիքները, որոնք սերտորեն աշխատում են հուշարձանների պահպանության կառույցի հետ եւ կարողանում են հարցեր լուծել:

ՏԻՄ-երում հաստիքներ չկան, բայց մշակույթի նախարարության ենթակա կառույցները՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ը, Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը մարզերում իրենց աշխատակիցներն ունեն:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն առաջին հերթին պետք է համալրվի մասնագիտական կադրերով: ՊՈԱԿ-ի գործառույթները հետեւյալն են՝ պետք է զբաղվի հուշարձանների պահպանության, օգտագործման, հանրահռչակման հարցերով, բայց որքանով ես ծանոթ եմ նրանց գործունեությանը, գրքեր են հրատարակում, ֆիլմեր են ցուցադրում, միջոցառումներ են կազմակերպում: Նրանց հիմնական խնդիրը հուշարձանների պահպանությունը կատարելագործելը պետք է լինի: Բացի այդ, ՊՈԱԿ-ի մարզային ծառայություններն «անզեն» են, պետք է համապատասխան տեխնիկա, մեքենաներ ունենան, որ կարողանան շրջել, հսկել տարածքները: Մի մարդուն 10 հուշարձան է կցված, որոնք 10-20 կմ հեռավորության վրա են գտնվում, ինչպե՞ս պետք է հսկի դրանք: Էրեբունի արգելոց-թանգարանի 30 հա տարածքը 1 ոստիկան է պահպանում: Ճիշտ մեխանիզմի ընտրությունը շատ հարցեր կլուծի, եւ դա ո՛չ լրացուցիչ ֆինանսներ է պահանջում, ո՛չ տարածք է պահանջում, ընդամենը հաստիքների ճիշտ տեղաբաշխում պետք է արվի եւ ֆունկցիաների ճիշտ իրականացում:

Աշխարհն ուրիշ ուղղությամբ է գնացել, մենք դոփում ենք տեղում: Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ), Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի  (ԻԿՈՄՕՍ) անդամ է: Կարող ենք օգտվել այդ հնարավորությունից եւ այս ասպարեզում ճիշտ քաղաքականություն որդեգրել: Անհրաժեշտ է կառավարման մարմին ձեւավորել, որը կվերանայի օրենքները, կհամապատասխանեցնի միջազգային կանոններին եւ կսկսի գործել միջազգային ստանդարտներին համապատասխան: Շատ բացեր ունենք այս ոլորտում, եթե արմատապես այդ հարցերը չլուծենք, խնդիրներ միշտ լինելու են: Ինչո՞ւ չենք անում, չեմ հասկանում:

Դուք այս ոլորտում ամենաերկարակյացներից եք, ինչպե՞ս էին այդ հարցերը կարգավորվում խորհրդային տարիներին:

Ցավոք, խորհրդային տարիներին ստեղծված դպրոցն այլեւս գոյություն չունի, երկար տարիներ մասնագետներ չեն պատրաստվել այս ոլորտում: Դա մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի խնդիրն է, բայց այս ՊՈԱԿ-ն էլ պեղումներով է զբաղվում: Նրանք պետք է մասնագետներ պատրաստեն, գիտաժողովներում զեկուցումներով հանդես գան, հրատարակություններով, հուշարձանների հանրահռչակման խնդիրներով զբաղվեն, մասնագետ-տեսաբաններ պատրաստեն, դրա համար են կոչվում գիտահետազոտական: Գիորգի Չուբինաշվիլու անվան «Վրացական արվեստի պատմության եւ ժառանգության պահպանության ազգային հետազոտությունների կենտրոնը», որը նշածս Հակոբ Սիմոնյանի ղեկավարած ՊՈԱԿ-ի նմանակն է Վրաստանում, զբաղվում է զուտ այդ հարցերով: Դրա համար էլ նրանք մասնագետ-տեսաբաններ են կարողանում պատրաստել:

Մի խոսուն օրինակ ներկայացնեմ· ճապոնացիները հայկական եւ վրացական ճարտարապետության մասին մի հրատարակություն պատրաստեցին: Հայկական պատմամաշակութային հուշարձանների ճարտարապետությունը ներկայացնող 7 հոդվածներից 5-ի հեղինակը ճապոնացիներն են: Հոդվածներից միայն 2-ի հեղինակն են հայերը, իսկ վրացական ճարտարապետության մասին բոլոր հոդվածների հեղինակները վրացիներ են:

Գանձագողությունը եղել է բոլոր ժամանակներում, բայց մասնագետները նշում են, որ այլ երկրներում այդ երեւույթի դեմ պայքարել են ոլորտն ազատականացնելով http://hetq.am/arm/news/78802/: Դրանով եթե չեն բացառել, գոնե նվազեցրել են պատմամշակութային արժեքների ոչնչացումը: Խորհրդային իշխանությունն ինչպե՞ս էր իրականացնում պատմամշակութային արժեքների պահպանությունը:

Խորհրդային շրջանում ամբողջ հողը, տարածքները պետական սեփականություն էին եւ պետության վերահսկողության տակ էին: Ամեն տեղ գրվում էր՝ «Պահպանվում է պետության կողմից»: Անկախացումից հետո ի հայտ եկան տարբեր սեփականատերեր (օրինակ` եկեղեցիների մի մասը հանձնվեց Մայր աթոռին-Ս·Պ·), բայց կառավարման եւ պահպանման համապատասխան կարգ չընդունվեց: Խորհրդային շրջանում նաեւ գումար էին տրամադրում թանգարաններին՝ արտեֆակտներ ձեռք բերելու համար: Դա կարեւոր բան էր, թանգարանները լուրջ արժեքներ ձեռք բերելու հնարավորություն պետք է ունենան: Տարիներ շարունակ մեր թանգարան ոչինչ չէր մտել, միայն 2016թ. ենք 10 հնագիտական առարկա գնել եւ անցյալ տարի՝  2017թ.` 4 առարկա: Մեր խնդիրն առաջին հերթին այն է, որ դրանք բերենք, թանգարանը հարստացնենք, հետո մտածենք այդ հարցերին արմատական լուծում տալու մասին:

Հայաստանը պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկիր է, որտեղ փորես՝ մի բան դուրս կգա, բայց մարդիկ հանում են ու ձեռքն ընկնում են կրակը: Իհարկե, կան մարդիկ, որոնց ուղղորդում են: Համակարգի անկատար լինելու պատճառով շատերը վախենում են հայտնել, որ իրենց մոտ արժեքներ կան: Մարդը հաճախ խաբված է զգում իրեն, որ իր հողից գտել է ինչ-որ բան, բայց չի հատուցվում: Անբավարարված է մնում, քանի որ համարժեք չեն գնահատում հայտնաբերված պատմամշակութային արժեքները: Պատահաբար հայտնաբերված արտեֆակտներով էլ պետք է կարողանանք հարստացնել թանգարանները, ոչ թե ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ գաղտնի վաճառեն: Առաջնահերթ պետք է կառավարման ճիշտ մեխանիզմը գտնել, որպեսզի բնակչությանն ահ ու սարսափի մեջ չգցենք: Ոչ թե պատժամիջոցներ կիրառելով, անընդհատ սպառնալով` առաջ գնանք: Նախկինում հաճախ էինք մտածում լուծումների մասին, հիմա այդ մտահոգությունը չեմ տեսնում: Այս բոլորը կրկին բերում է այն մտքին, որ անհրաժեշտ է ստեղծել կառավարման ճիշտ համակարգ, որը կնվազեցնի ստվերը, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ