HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանը փորձում է քողարկել ավտորիտարիզմը». հրապարակվել է «Ֆրիդոմ Հաուս»-ի 2018թ. զեկույցը

Հայաստանը որակվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն, որը փորձում է քողարկել ավտորիտարիզմը, սահմանափակ հարգանք է տածում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ և անգամ նվազագույն չափով չի համապատասխանում ընտրությունների վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին:

Նման գնահատական է տվել ամերիկյան «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) կազմակերպությունը իր հրապարակած «Անցումային փուլում գտնվող երկրներ 2018» զեկույցում:

Համաձայն զեկույցի` Հայաստանի ժողովրդավարության վարկանիշը նվազել է` 5.39-ից մինչեւ 5.43: Հիմնական պատճառը համակարգային կոռուպցիան է, որն ամրապնդվել է ՀՀԿ-ի` գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության մեջ համախմբման արդյունքում, եւ իշխանության պատրաստակամության ակնհայտ բացակայությունը` պայքարելու բարձր մակարդակի պաշտոնեական դիրքի չարաշահման դեմ:

Զեկույցում հիշատակվել են բռնություններով եւ խախտումներով, ընդդիմադիր ուժերի եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետապնդումներով անցած 2015թ. սահմանադրական հանրաքվեն, 2017թ. խորհրդարանական ընտրությունները, քաղաքացիական ակցիաները` «Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց տարած Արթուր Սարսգյանի մահվան եւ այլ առիթներով:

Զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանի մեդիա միջավայրին: Արձանագրվել է, որ թեեւ հեռուստատեսությունը շարունակում է մնալ նորությունների ամենատարածված աղբյուրը, առցանց լրատվամիջոցների ժողովրդականությունն ու ազդեցությունն աճում են: Ինտերնետային միացումը Հայաստանում էժան է, եւ Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայն` բնակչության մոտ 67 տոկոսը 2016թ. մուտք է գործել ինտերնետ: Ի տարբերություն հեռուստաընկերությունների, որոնք սեփականատերերից զգալի կախվածություն ունեն, առցանց եւ տպագիր մամուլն ավելի մեծ խմբագրական ազատություն ունի: Ինտերնետը մեծապես շարունակում է մնալ իշխանությունների վերահսկողությունից դուրս եւ ծառայում է որպես այլընտրանքային տեղեկատվության աղբյուր, ինչպես նաեւ` քաղաքականության ազդեցիկ գործիք: Սակայն, կարելի է ասել, որ 2017-ին անհանգստացնող նշաններ են հայտնվել` երկրի առցանց տեղեկատվական դաշտի մանիպուլյացիայի մասին:

Արտաքին քաղաքականության ոլորտում, ըստ ՖՀ-ի, 2018-ը փորձարկման հիմք կդառնա Հայաստանի հավակնոտ արտաքին քաղաքականության համար, մասնավորապես` որքանով Հայաստանին կհաջողվի ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությունը հավասարակշռելու Ռուսաստանից ծանր կախվածության հետ:

Մեկնաբանություններ (1)

Գայանե Հովսեփյան
համաձայն չեմ միայն զեկույցի այն մտքի հետ, որ Հայաստանում ինտերնետն էժան է․Վանաձորում վերջին 5-10 տարում 20 ինտերնետային ակումբ է փակվել, որի արդյունքում հատուկենտ մնացած ակումբների կապի գները բարձրացել են ու ,,կաունացել,, բարձր գնի վրա՝ժամը 300դրամնախկին 150-200-250դրամի փոխարեն/Իսկ նրանք, ովքեր իրենց տանն ինտերնետային մատչելի գնով՝ամիսը 3000դրամ, կապ ունեն, դժգոհում են, որ այն էլ ժամանակ առ ժամանակ անջատվում է՝տեւական ժամանակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter