HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցմունք են տալիս «Հայբիզնեսբանկ»-ի նախկին պաշտոնյաները

«Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի մասնակցությամբ քննվող երկրորդ գործով այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին «Հայբիզնեսբանկ»-ի նախկին աշխատակիցները: 

Այս գործով Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:  Գլխավոր դատախազության հաստատած մեղադրանքի համաձայն՝ Արա Կիրակոսյանը, լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահը, նույն բանկում իր անվամբ ձևակերպված 344.000 ԱՄՆ դոլար գումարի վարկը մարելու, բացի այդ, իր քրոջ ամուսնուն` Արմեն Հովհաննիսյանին պատկանող ՌԴ Մոսկվա քաղաքում գրանցված «Էրմանո» ՍՊԸ ընկերության ունեցած 101.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու նպատակով, իր կարգադրիչ և այլ լիազորություններն ընկերության շահերին հակառակ, իր և վերը նշված անձի օգտին օգտագործելով, 01.02.2013թ. հրավիրել է վարչության արտահերթ նիստ, որում ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում` «Էրմանո»  ՍՊԸ-ին 445.000 ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը հաստատելու վերաբերյալ, ինչի արդյունքում կազմվել է վարկային պայմանագիր: 

Այսօր դատարանում ցուցմունք տվեց «Հայբիզնեսբանկ»-ի Ծրագրային վարկավորման վարչության նախկին ղեկավար Հրաչյա Պետրոսյանը: Նա «Հայբիզնեսբանկ»-ում աշխատել է 2006-1014թթ., իսկ այժմ «Կամուրջ» ՈՒՎԿ-ում  բիզնես վարկավորման ստորաբաժանման ղեկավարն է:

Հրաչյա Պետրոսյանը պատմեց, որ «Էրմանո» ՍՊԸ-ին տրված վարկի հետ առնչություն չի ունեցել և արժեքավոր տեղեկատվություն չունի: 2013 թվականի փետրվարի 1-ին կայացած նիստին, որտեղ քննարկվել է «Էրմանո»  ՍՊԸ-ին 445.000 դոլար վարկ տրամադրելու հարցը, վկայի հիշելով, կողմ է քննարկել: Սակայն գումարի չափը և նիստը նախագահողին չէր հիշում, իսկ Արա Կիրակոսյանի քրոջ ամուսնուն՝ Արմեն Հովհանիսյանին չի ճանաչել և նրանց բարեկամական կապի մասին քննության ընթացքում է միայն իմացել: Մեղադրողի և պաշտպանական կողմի հարցերին պատասխանելիս հայտարարեց, որ Արա Կիրակոսյանի դիրքորոշումը այդ վարկի վերաբերյալ իր «կողմ» քվեարկելու վրա չի ազդել, քանի որ վարկն ուսումնասիրվում է հաճախորդի ֆինանսական տվյալների և նրա վարկունակության հիման վրա: Այդ փաթեթին կողմ քվեարկելու խնդրանք կամ առաջարկ Արա Կիրակոսյանից Հրաչյա Պետրոսյանը չի ստացել: 

Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի՝ նախաքննական մարմինին տված ցուցմունքը, քանի որ վերջինս հստակ հայտնեց, որ չի իմացել բարեկամական կապի մասին, մինչդեռ նախաքննության ժամանակ իր ցուցմունքում այլ բան է ասել: Մասնավորապես, նախաքննական ցուցմունքում Հրաչյա Պետրոսյանն ասել է, որ Արմեն Հովհաննիսյանին չի ճանաչել, սակայն կոլեկտիվից իմացել է, որ «Էրմանո» ՍՊԸ-ի ղեկավարը բարեկամական կապ ունի Արա Կիրակոսյանի հետ, բայց թե ինչ կապ ունի, չի իմացել:

Նիստի ընթացքում վկայի` Արա Կիրակոսյանի և ընկերության տնօրենի բարեկամության կամ հարազատ լինելու և այդ մասին իմանալու հարցը դարձավ նրան տարբեր հարցադրումներով հարցաքննելու պատճառ: Այն այնքան երկարեց, որ նիստը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը Հրաչյա Պետրոսյանին հարց ուղղելիս շփոթեց ամբաստանյալի հետ:

-Ամբաստանյալ, նկատի ունենալով ձեր լեկսիկոնի պատկերացումները, ես էլ մի հարց ունեմ Ձեզ:

-Ամբաստանյալ չէ, հարգելի դատարան, վկա,- ուղղեց Արա Կիրակոսյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

-Ներողություն, վկա: Դուք հարևաններ ունեք: Նրանք ձեր բարեկամնե՞րն են: Թերևս ոչ բոլոր դեպքերում է, որ դու մարդուն ճանաչում ես, նա քո բարեկամն է: Ձեզ քննի՞չն է հուշել, որ Արա Կիրակոսյանը տնօրենի բարեկամն է: Ձեր ցուցմունքից երևում է, որ դուք կոլեգաներից լսել եք, որ նրանք բարեկամ են:

Վկայի պատասխաններից հետո դատավոր Պողոսյանը, վկային հարցեր ուղղելով,  հստակեցրեց, որ վկան հնարավոր է համարում` վարչության նիստի ընթացքում ասած լինեն, որ Արմեն Հովհաննիսյանը Արա Կիրակոսյանի բարեկամն էր:

Հարցաքննվեց նաև «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Խաչատուր Տոնոյան, ով եղել է նաև բանկի վարկային կոմիտեի անդամ: Այս պահին որևէ տեղ չի աշխատում:  

Խաչատուր Տոնոյանը հայտարարեց, որ չգիտի ինչ գործ է քննվում, առնչություն չի ունեցել այս հարցին և առհասարակ քիչ բան գիտի:

-Ես այսօր շատ լավ տրամադրություն ունեմ և փորձեմ ձեզ համար ցուցմունք տալ,- ասաց դատավոր Գագիկ Պողոսյանը և փորձեց «այսինչ» «այնինչ» բառերի գործածմամբ իմիտացիոն ցուցմունք տալ և ցույց տալ վկային, որ նրա տված ցուցմունքից ոչինչ չի հասկացվում:

Դատարանի հարցադրումներից հետո Խաչատուր Տոնոյանը սկսեց պատմել, թե տեղեկացել է, որ «Էրմանո» ՍՊԸ-ն չի մարել նախկին վարկը, զանգահարել են ընկերության ղեկավարին, սակայն վերջինս հայտնել է, որ չի մարելու վարկը: Խաչատուր Տոնոյանը «Էրմանո» ՍՊԸ-ին սկզբնական վարկը տրամադրելուց հետո է իմացել նրանց փեսա-աներձագ կապի մասին:

Թե ով է ղեկավարել փետրվարի 1-ի նիստը, Խ. Տոնոյանն էլ չէր հիշում, սակայն չբացառեց, որ նույնիսկ ինքը ղեկավարած լիներ կամ այլ տեղակալներ:

Խաչատուր Տոնոյանն էլ հայտարարեց, որ Արա Կիրակոսյանի դիրքորոշումն այս վարկի առնչությամբ չի անդրադարձել իր դիրքորոշման վրա: Ավելին, Արմեն Հովհաննիսյանի՝ Արա Կիրակոսյանի փեսա լինելու հանգամանքը ևս իր կողմ քվեարկելու որոշման վրա չի անդրադարձել:

Այսօր հարցաքննվող վերջին վկան Արա Կիրակոսյանի մորաքրոջ որդին էր՝ «Հայբիզնեսբանկ»-ի Ռիսկերի կառավարման դեպարտամենտի նախկին տնօրեն  Առաքել Գաբրիելյանը, ով նույնպես բանկի վարկային կոմիտեի անդամ է եղել:

Առաքել Գաբրիելյանի հարցաքննությունը փոքր-ինչ բարդ էր, քանի որ  նրա պատասխանների մեծ մասը «չեմ հիշում»-ն էր: Նույնիսկ չէր հիշում՝ «Էրմանո» ՍՊԸ-ին 440 հազար դոլար վարկ տրամադրելու նիստին մասնակցել էր, թե ոչ:

-Ինչ-որ հիշում եք, դա պատմեք,- հուշեց դատավորը:

-Սենց ասեմ` բավականին վաղուց է տեղի ունեցել, շաբաթը մեկ տասնյակից ավելի վարկեր են տրամադրվել, կոնկրետ վարկի մասին չեմ հիշում: Կոնկրետ վարկատեսակներ ուսումնասիրելն իմ գործառույթի մեջ չի մտել:

Մեղադրողի դիտարկմանը, թե բավական մեծ գումարի չափով վարկ է եղել, վկան պետք է որ հիշեր, Առաքել Գաբրիելյանը պատասխանեց, որ 20 մլրդ դրամ կանոնադրական կապիտալ ունեցող բանկի համար 440 հազար դոլարը մեծ գումար չի համարվում:

Կոմիտեի նիստին Արմեն Հարությունյանը մասնակցել է, թե ոչ, վկան չէր հիշում, սակայն դահլիճում նստած նախորդ վկան՝ Խաչատուր Տոնոյանը, փոքր-ինչ ցածր, բայց դատավորի համար ոչ լսելի ձայնով հուշում էր, որ վարկառուն չի կարող կոմիտեի նիստին մասնակցել:

«Տպավորություն է ստեղծվում, որ դուք ինչ-ինչ պատճառով չեք ցանկանում ցուցմունք տալ կամ չեք ուզում»,- նշեց դատավոր Պողոսյանը` իր բոլոր հարցերին վերջին վկայի «չեմ հիշում» պատասխանը լսելուց հետո:

-Այդպես չէ, հակառակեց վկա Առաքել Վաչագանի Գաբրիելյանը:

Մեղադրողը այս վկայի նախաքննական ցուցմունքները հրապարակելու միջնորդություն ներկայացրեց, սակայն Հայկ Ալումյանն ընդդիմացավ, քանի որ մեղադրողը դատարանի և նախաքննական ցուցմունքների ոչ մի էական հասկասություն չնշեց, վկան էլ չի բացակայում, ինչը օրենսդրությամբ վկայի ցուցմունքի հրապարակման հիմք կարող էր դառնալ: Դատարանն, այդուհանդերձ, թույլ տվեց հրապարակել վկայի նախքննական ցուցմունքը, որտեղ վկան հարցաքննվելիս մանրամասներ է հաղորդել: Առաքել Գաբրիելյանը բացատրեց, որ իրեն նախաքննական ցուցմունքի ժամանակ փաստաթղթեր են ցույց տվել, մասնավորապես՝ նիստի արձանագրություն, որտեղ իր մասնակցության մասին նշում է եղել, հետևաբար պատասխանել է, որ մասնակցել է վիճահարույց նիստին:

Վկաների մեծ մասը, պատշաճ ծանուցված լինելով, չէր ներկայացել դատարան: Մեղադրողը միջնորդեց չներկայացած վկաների նկատմամբ բերման ենթարկելու որոշումներ կայացնել: Դատարանն էլ որոշեց անհարգելի պատճառով դատական նիստին չներկայացած վկաներին բերման ենթարկել և հարցաքննել նրանց մայիսի 25-ին նշանակված դատական նիստին:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Հարություն Խալաթյանին (լուսանկարում՝ ձախից), որ նա, հանդիսանալով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված անշարժ գույքի գնահատումով զբաղվող «Պարտեր» ՍՊԸ-ի գնահատող, առևտրային կազմակերպության ծառայող, իր կարգադրիչ լիազորությունների շրջանակում, ուրիշ անձանց օգտին օգտագործելու նպատակով, 2012թ. հուլիսի 27-ին հաշվետվությամբ` Արագածոտնի մարզ, Ափնագյուղ 1-ին փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող անասնագոմը գնահատել է իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող և շուկայական արժեքից զգալիորեն բարձր` 123.000.000 ՀՀ դրամ լիկվիդացիոն արժեքով, այնինչ դրա լիկվիդացիոն իրական արժեքը կազմել է ընդամենը 12.787.000 ՀՀ դրամ:

Հարություն Խալաթյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter