Շաբաթ, 21 ապրիլի

Վարկի իրական գինը. սպասարկման վճարների «թաքնված» գաղտնիքը



Վարկերը Հայաստանում փաստացի շատ ավելի թանկ են, քան բանկերի ու վարկային կազմակերպությունների ներկայացրած անվանական տոկոսադրույքներն են, սակայն քաղաքացիներից ոչ բոլորն են վարկ ստանալիս հաշվի առնում դա: Մի քանի բանկերից ու վարկային կազմակերպություններից ստացած տվյալների հիման վրա փորձել ենք ներկայացնել, թե վերջանական արդյունքում որքան են արժենում վարկերը  քաղաքացու գրպանի համար։

Հայաստանյան բանկերն ու վարկային կազմակերպությունները գնալով ավելի ու ավելի մեծ ծավալի վարկեր են տրամադրում հաճախորդներին։ Դրանցում ամենամեծ բաժինը սպառողական վարկերն են զբաղեցնում։ Միայն վերջին մեկ տարում գործող 17 առևտրային բանկերի տրամադրած սպառողական վարկերի ծավալն աճել է 23%-ով։ 

Քաղաքացիները սպառողական վարկեր են վերցնում ամենատարբեր պատճառներով՝ կարիքից դրդված, հին վարկերը նոր վարկերի միջոցով մարելու, գնումներ կատարելու համար և այլն։ Նրանցից ոչ բոլորն են ուշադրությամբ «զննում» վարկային պայմանները և հաճախ շատ ավելի բարձր տոկոսադրույքներ են վճարում բանկերին, քան առաջին հայացքից թվում է։ Այն քաղաքացիների համար, որոնք գումարի սուր կարիք ունեն, բավական է միայն, որ բանկը հաստատի վարկի տրամադրումը, իսկ թե ինչ տոկոսադրույքով, ինչ ծավալի սպասարկման և այլ վճաներով, հաճախ չեն էլ հետաքրքրվում։

«Հետք»-ի թղթակիցը որպես շարքային քաղաքացի ամենամեծ վարկային պորտֆել ունեցող հինգ բանկերից օրերս հետաքրքրվել է, թե ինչ պայմաններով կարող է ձեռք բերել 500 հազար  ՀՀ դրամի սպառողական վարկ՝ 2 տարի մարման ժամկետով, եթե իր տվյալները համապատասխանեն վարկ տրամադրելու համար բանկերի սահմանած պահանջներին։ Պայմաններ ասելով՝ նկատի ունենք, թե որքան կարժենա վարկը վարկառուի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Եվ ըստ այդմ՝ թե ընդհանուր որքան հավելյալ գումար է վճարելու հաճախորդը բանկին վարկը մարելու արդյունքում։

Ինչպես սպասում էինք, պարզվեց՝ վերջնարդյունքում հաճախորդը շատ ավելի մեծ գումար է վճարում, քան սահմանված անվանական տոկոսադրույքներն են։ Տարեկան անվանական տոկոսադրույքը ֆինանսական կազմակերպության սահմանած այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում է տոկոսավճարների չափը: Վարկի համար, սակայն, տոկոսագումարներից բացի հարկավոր է այլ ծախսեր կատարել՝ սպասարկելու համար վճարներ, տարեկան միանվագ վճարներ և այլն:

Այցելել ենք «Ամերիաբանկ»-ի, «Արդշինբանկ»-ի, «Հայբիզնեսբանկ»-ի, «Ինեկոբանկ»-ի և «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի մասնաճյուղեր:  Ըստ բանկերի ֆինանսական հաշվետվությունների՝ այս հինգ բանկերը  2017թ. ամենաշատն են վարկեր տրամադրել:

Առաջին բանկում (առանձին օրինակներում բանկերի անունները չենք նշում) մեզ տեղեկացրին, որ մեր նշած գումարին համապատասխան՝ 500  հազար դրամի վարկ կարող են տրամադրել չորս տարի ժամկետով՝ տարեկան 14% անվանական տոկոսադրույքով։ Աշխատակցուհուն խնդրեցինք նույն գումարի չափով հաշվարկել վարկի վճարումները երկու տարվա համար։ Երկու տարվա համար ամսական վճարը կկազմի մոտ 26 հազար դրամ։ Այսինքն՝ 500 հազար դրամ վարկը երկու տարում մարելու արդյունքում քաղաքացու համար կաժենա 624 հազար դրամ։ Ստացվում է, որ քաղաքացին բանկին վճարելու է իր ստացած գումարից 124 հազար դրամով ավել: Այսինքն՝ 24.8%-ով ավելի շատ գումար է վերադարձնելու բանկին, քան վերցրել է: Բանն այն է, որ այդ 124 հազար դրամից, ինչպես հաշվարկեց աշխատակցուհին, միայն 76 հազար դրամն է գանձվում որպես տոկոսադրույքի գումար, մնացած 48 հազար  դրամն այդ ընթացքում քաղաքացին վճարելու է բանկին որպես վարկի սպասարկման վճար։ Հենց այդ սպասարկման և այլ վճարների մեջ էլ «թաքնված» է գաղտնիքը։

Սա ոչ նորություն է, ոչ էլ՝ գաղտնիք: Պարզապես վարկի համար դիմող քաղաքացիներին հաճախ մանրամասն չի ներկայացվում այս ամենը։ Հանուն արդարության՝ դա կախված է նաև քաղաքացու հետևողականությունից ու ֆինանսական գիտելիքներից։

Այսօր, երբ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ վարկերի տոկոսադրույքները նվազել են և միջինացված ցուցանիշներ ներկայացնում, օրինակ՝ 13%-15%,  բանկեր կան, որտեղ վարկը մարելու արդյունքում վարկառուն վերցրած գումարից  30%-ով ավելի է վճարում։

Մեր այցելած հաջորդ բանկում  նշեցին, որ 500 հազար դրամի վարկ կարող են տրամադրել մի քանի տարի ժամկետով, ընդհուպ 10 տարի։ Իսկ տարեկան տոկոսադրույքը՝ 21.5%: Հարցին, թե սպասարկման և այլ վճարներ սահմանվա՞ծ են, աշխատակիցը պատասխանեց՝ ոչ։ 2 տարում այդ վարկը մարելու պարագայում ամսական վճարը կկազմի 25.8 հազար դրամ, իսկ վերջնարդյունքում քաղաքացին բանկին կվերադարձնի 619  հազար դրամ, որից 119 հազար դրամը տոկոսագումարներն են։ Սակայն այստեղ էլ վարկառուի համար այլ վճարներ են սահմանված։ Ըստ աշխատակցի` վարկը տրամադրվում է բանկային քարտի միջոցով։ Երբ քաղաքացին այդ գումարը կանխիկացնում է, բանկը անվերադարձ գանձում է դրա 7%-ը։ 500 հազար դրամի պարագայում դա կկազմի  35 հազար դրամ։ Այսինքն՝ քաղաքացին բանկին վերադարձնում է ոչ միայն 619  հազար դրամ մայր գումարն ու տոկոսագումարները, այլև այդ 35 հազար դրամը, որոնք միասին կազմում են 654 հազար դրամ։ Ստացվում է, որ բանկին փաստացի վերադարձնում է մոտ 30.8%-ով ավել, քան վերցրել է։

Բանկերից շատերի կայքերում կարելի է օնլայն վարկային հաշվիչների միջոցով ծանոթանալ վարկի պայմաններին, բայց դրանց «նրբություններին»՝ ոչ։ Օրինակ՝ վարկի մարման այս երկրորդը գրաֆիկը մենք գտանք նաև բանկի կայքում, սակայն վարկային հաշվիչ բաժնում նշված չէր 35 հազար դրամի մասին։

Բոլոր դեպքերում վարկերի տոկոսադրույքները փաստացի 20%-ից բարձր են ստացվում։

Բանկերից մեկում էլ մեզ պատասխանեցին, որ առանց գրավի սպառողական վարկեր կարող են տրամադրել միայն այն անձանց, ովքեր աշխատավարձ են ստանում իրենց բանկային քարտի միջոցով։ Մյուս բոլոր դեպքերում՝ վարկերի համար գրավի պահանջ է ներկայացված։

Վարկերի տոկոսադրույքները փոփոխական են։ Բնական է՝ սահմանված ժամկետներից վաղ մարելու պարագայում վարկն ավելի էժան կարժենա։ Կամ 1 տարի ժամկետով տրված վարկերի համար ավելի ցածր տոկոսադույքներ են սահմանվում, քան երկարաժամկետ վարկերի համար: Բացի այդ, դրամով տրամադրված վարկերի տոկոսադրույքներն էականորեն տարբերվում են դոլարային վարկերի տոկոսադրույքներից։ Ավելին՝ նույնիսկ տարբեր են մարզերում և Երևանում բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։ Սովորաբար, մարզերում դրանք ավելի բարձր են։

0% տոկոսադրույքի միֆը

Գործող վարկային կազմակերպություններից մեկը ակտիվ գովազդում է 0% տոկոսադրույքով վարկի տրամադրումը։ Կայքում նշված է, որ առաջին վարկը մինչև 150 հազար ՀՀ դրամ 0%-ով է, և միջնորդավճարներ չկան։  Առաջին հայացքից  շատ գայթակղիչ առաջարկ է թվում։

Իրականում 0%-ով այդ վարկը կարող է բավականին թանկ արժենալ քաղաքացու համար։ Հարցն այն է, որ այդ վարկի միայն առաջին ամիսն է առանց տոկոսադրույքի։ Եթե դուք վարկը վերցնելուց մեկ ամիս անց  հասցրած չեք լինում ամբողջությամբ մարել այն, ապա դրանից հետո վճարելու եք բարձր տոկոսադրույքներ:  Օրինակ՝ 80 հազար դրամ վարկի պարագայում, եթե այն ստանալուց 30 օր անց չի մարվել, վճարման օրվա հետաձգում է կատարվում, և առաջին 7 օրվա համար վճարվում է գումարի 6%-ը: 80 հազար դրամի պարագայում, վարկի ստացումից 37 օր անց քաղաքացին, բացի մայր գումարը, վարկային կազմակերպությանը պետք է վճարի  4800 դրամի չափով տոկոսագումար, և որքան ուշացնի վճարը, այնքան  կմեծանա տոկոսագումարը: Մեկ ամիս ուշացնելու դեպքում տոկոսադրույքը կազմելու է 15%՝ 12 հազար դրամ և այդպես շարունակ:

Իսկ թե ինչու են Կենտրոնական բանկի հրապարակած միջին տոկոսադրույքները զգալիորեն ցածր, կանդրադառնանք առաջիկայում:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. aram00:05 - 13 ապրիլի, 2018
This problem is everywhere that "consumer protection " does not exist. It is not Capitalism but rather "Vulture Capitalism"
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ