HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետի անվանական քվեարկությունը չի կաշկանդի «Ծառուկյան» խմբակցությանը

«Հետք»-ի հարցերին պատասխանում է ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանը։

-Պարո՛ն Մելքումյան, որքանո՞վ է հավանական, որ ձեր խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։

-Մենք նման հարցերի մասին որևէ քննարկում չենք արել, ժամանակին էլ պարոն Ծառուկյանը լայն առումով այդ հարցերի շուրջ խոսել է, որ խորհրդարանում ձայների քանակով է որոշվում իրերի վիճակը։

-Բայց դուք պատգամավորների քանակով խորհրդարանի երկրորդ ուժն եք և ընդդիմություն եք, ու հանրությունը ձեզնից քայլ է սպասելու որպես ընդդիմադիր ուժ, ինչպե՞ս եք այդ քայլն արտահայտելու։

-Որևէ բան ինքնանպատակ չէ, եթե խորհրդարանում կա ձայների բաշխվածություն և 65 ձայն ունի իշխող կոալիցիան, ինչի՞ մասին է խոսքը, եթե ի վերուստ գիտենք, որ այդ ձայների քանակը չունենք, դուք ո՞նց եք պատկերացնում։

-Դուք բացառո՞ւմ եք, որ օրինակ` Գագիկ Ծառուկյանին կողմ քվեարկեն նաև որոշ ՀՀԿ-ականներ։

-Ընդհանրապես ես որևէ բան չեմ բացառում, բայց պետք է գնալ քաղաքական ու քաղաքագիտական ողջամտության ճանապարհով, դա նշանակում է, որ այդ հարցի պատասխանը տրված է, ես այսօր չեմ տեսնում, որ կայուն քաղաքական մեծամասնության մեջ կարող են էքստրեմալ փոփոխություններ լինել։

-Ձեր նշած քաղաքական ողջամտությունը ենթադրո՞ւմ է կողմ քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուին։

-Ոչ, մենք այդ հարցը չենք քննարկել, իմ ասածը հստակ է՝ խորհրդարանում ապրիլի 2-ին իրերի վիճակ է ձևավորվել՝ իշխող քաղաքական մեծամասնությունն ունի կեսից ավելի ձայներ, թե որ պահին ինչ կլինի, կանխատեսումներ և այլն, լուրջ քաղաքական ուժերը չեն գնում` հույս դնելով այն բանի վրա, որ հանկարծ կարող է ինչ-որ մի բան կատարվել․ դա ճիշտ չէ։ Այս պահին նույնիսկ պաշտոնական թեկնածու էլ չկա։

-Վարչապետի ընտրությունն անվանական է լինելու, ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու: Սա «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներին չի՞ կաշկանդելու։

-Իհարկե ոչ, քաղաքական ուժը, եթե քաղաքականությամբ է զբաղվում, պետք է կարողանա արժանապատիվ քաղաքական կեցվածք դրսևորել։

-Դուք ազատորեն կարո՞ղ եք դեմ քվեարկել Սերժ Սարգսյանին։

-Ես ձեզ ասում եմ՝ մենք որոշում չունենք, և քաղաքականության մեջ եթե-ներով չեն խոսում, կքննարկենք, որոշում կունենանք, կասենք։

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Եթե Ծառուկյան դաշինքը դեմ քվեարկի Սերժին, ապա նույն օրը Ծառուկյանը նորից կհայտնվի իր իսկական դերում և տեղում․․․։ Նա պայմանական ազատության մեջ է։ Բարեբախտաբար կարող է նշված քվեարկությունը տեղի չունենա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter