HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում ոռոգման սեզոնի մեկնարկին ու ջրամբարաշինության ոլորտում ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր են քննարկվել

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին և միջին ու փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր: 

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ ներկա դրությամբ լցվածությունը կազմում է 480,5 մլն խմ, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 30 մլն խմ-ով, իսկ 2016-ի համեմատ պակաս է 115 մլն խմ-ով:

Սևանա լճի մակարդակը տարվա այս ժամակահատվածում կազմել է 1900 մետր 56 սմ, նույնքան, որքան 2017-ի համապատասխան ժամանակահատվածում: Նշվել է, որ մարտի 22-ից արդեն իսկ սկսվել է Արփա-Սևան թունելով ջրի բացթողնման գործընթացը:

Ըստ Արսեն Հարությունյանի՝ ջրամատակարարման առումով հիմնական խնդիրը կապված է Ախուրյանի ջրամբարից սնվող հողատարածքների հետ: Ներկա դրությամբ Ախուրյանի ջրամբարում առկա է 336 մլն խմ ջուր, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 36 մլն խմ-ով:

Կոմիտեի նախագահը, սակայն զեկուցել է, որ խնդիրը կարգավորելու նպատակով միջոցներ են ձեռնարկվել 20 շարժական պոմպակայանների գործարկման նպատակով, միաժամանակ, տարբեր տարածաշրջաններում աշխատանքներ են տարվում նաև խորքային հորերի հորատման ուղղությամբ: 

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է նաև, որ մի շարք հանդիպումներ են ունեցել մասնավոր ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են մեր երկրում փոքր և միջին ջրամբարների կառուցմամբ: Արսեն Հարությունյանի խոսքով՝ կոմիտեն «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ քննարկել է հանրապետությունում ավելի քան 30 փոքր և միջին ջրամբարների կառուցման հնարավորությունը, որից առանձնացվել է առաջնահերթ կառուցման ենթակա 11 ջրամբար՝ հիմք ընդունելով նախնական գնահատմամբ տեխնիկատնտեսական նպատակահարմարության ցուցանիշները:

Նշվել է, որ մինչ այժմ հանրապետությունում ջրամբարաշինությունն իրականացվել է վարկային միջոցներով (Մարմարիկ, Վեդի, ուսումնասիրության փուլում գտնվող Կապս, Սելավ Մաստարա), սակայն ներկայումս առաջնորդվելով ՀՀ կառավարության կողմից որդեգրված պետություն-մասնավոր գործակցության ակտիվացման քաղաքականությամբ՝ կոմիտեն նախանշել է նաև փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում իրականացնելու տարբերակներ՝ միաժամանակ գնահատելով հարակից բիզնես հետաքրքրության շրջանակները: Առաջնահերթ նախատեսվող 11 ջրամբարների ընդհանուր ծավալը կազմում է 43,2 մլն խմ, իսկ ներդրումների չափը՝ 34,2 մլրդ դրամ: Ջրամբարները 17 հազար հեկտար հողատարածք կոռոգեն:

Կարեն Կարապետյանը կարևորել է փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ և հանձնարարել Ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ սեղմ ժամկետներում պատրաստել ներդրումային ծրագրերի փաթեթներն ու տեխնիկատնտեսական հիմնավորումները: 

«Մենք պետք է ունենանք գյուղատնտեսությունը ոռոգման ջրով ապահովելու ռազմավարություն: Պետք է նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ հասնենք հանրապետությունում խնդրի լուծմանը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերին Ջրային տնտեսության պետական կոմիտեն պետք է 2019 թվականի ջրամատակարարման ողջ ծրագիրն ունենա՝ բարձրացնելով ջրամատակարարման ոլորտում կարգապահությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter