HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չկալովում անասնապահության բեռը կանանց ուսերին է

Ծաղկած ծառերի մեջ թաղված Չկալովի փողոցներում երկար ժամանակ մարդ էի որոնում զրուցելու համար: Հանդիպած առաջին չկալովցին՝ Քնքույշ Սարգսյանն է։ Մի քանի բառ փոխանակելուց հետո ասում է․ «Դժվար է Չկալովում կյանքը, բայց մենք լավատես ենք և հյուրասեր»։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Քնքույշը դժգոհում է՝ անասնապահության գործում չարչարանքը շատ է, եկամուտը՝ քիչ: Չկալովում անասնապահության բեռը կանանց ուսերին է:

Լոռու մարզի Չկալով գյուղը Դսեղից 5 կմ հեռավորության վրա է գտնվում: Դսեղի մայրուղուց գյուղ բարձրացող  ճանապարհը 2,4 կմ է: Գրունտային ճանապարհը կառուցվել է «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով: Գյուղը 1939թ.-ից  կրում է  Խորհրդային միության հերոս, օդաչու Վալերի Չկալովի անունը: Գյուղապետ Ռոման Շաքարյանն ասում է, որ գյուղն ունի 38 տնտեսություն: Գյուղի հիմնական դպրոցում սովորում է 14 աշակերտ:

Ռոման Շաքարյանը պատմում է, որ 250 տարվա կենսագրություն ունեցող Չկալովը խմելու ջրի ջրագիծ չի ունեցել: Երկու տարի առաջ 35 մլն դրամ  ներդրումով Չկալովում 23,7 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցվել: Խմելու ջրով գյուղն ապահովելու համար չկալովցիները մեծ հարգանքով են վերաբերվում երիտասարդ գյուղապետին:

Ալվարդ Հակոբյանը

Չկալովցի 75-ամյա Ալվարդ Հակոբյանն անասնապահությամբ է կերակրում իր գերդաստանի 10 անդամներին: «Մեր անասունով ենք ապրում»,-ասում է Ալվարդը: Ընտանիքը 13 կթվող կով և 8 հորթ ունի: 

«Մոզի, ոչխար, այծ, 10 խոզ ունենք, 20 հավ ենք պահում, որպես փոխադրամիջոց պահում ենք նաև էշ ու ձի»,- ասում է նրա որդին՝ Արտավազդը:

Ընտանիքում աշխատանքի բաժանում է կատարված: Արտավազդն անասունների խոտի և արոտի հարցերն է լուծում: Արտավազդի երկու որդիներն օգնում են գյուղմթերքների արտադրության գործում: Կովերի կաթը զտում են, տանն առանձին կարագ, գլուխ ու թել պանիր՝ ջիլ են պատրաստում, մոթալ են անում: Արտավազդի կինը՝ Համեստը, տան գործերով է զբաղվում, խնամում է նաև Ալվարդի կույր քրոջը:

Մայիսին անասունները տանելու են Չկալովի «Աղալներ» սարը։

«Անասնապահության հոգսը հիմնականում իմ վրա է։ Ով ուզում է ժամանակից շուտ ծերանա, կարա գնա սարը: Սարում կնոջ առողջությունը քայքայվում է: Անասնապահության մեջ ֆիզիկական աշխատանքը շատ ծանր է, հատկապես կաթնամթերքի մշակումը»,- ասաց Ալվարդը:

Սարում օրը 20 կով է կթում: 20 կովի օրական 200 լիտր կաթը մենակ է մշակում: «Էդքան անասուն ենք պահում, բայց էլի կարում չենք լիարժեք ապրենք: Բայց Չկալովը պայծառ գյուղ է, օդը մաքուր է, ժողովուրդն էլ՝ շատ լավը»,- ասում է Ալվարդը:

Քնքույշ Սարգսյանի ամուսինը նախորդ տարի սարի ճամփին վթարի է ենթարկվել, հիմա ծանր աշխատանքներում չի կարողանում օգնել Քնքույշին: Տղան՝ 32-ամյա Վարուժանն է օգնում մորը: Քնքույշը գյուղմթերքը Վանաձորի բնակելի շենքերում է իրացնում: Ասում է՝ վաճառում է շուկայական գներից 100 դրամ պակաս: «Շատ ենք աշխատում: Ուրիշ աշխատատեղ չկա՝ տղաս աշխատի»,- ասում է Քնքույշը։

Ապրեսը

Ամուսինը՝ Ապրեսը, ասում է, որ տարվա 4 ամիսը սարում են անցկացնում: 9 կով ունեն, նախորդ տարի ժանտախտից իրենց 36 խոզերը սատկել են:

«Պետությունը չի հիշել, որ կարելի է չկալովցի Ապրեսին դրա դիմաց օգնել: Երկիրը լավն ա, ես էս երկրի ցավը տանեմ, կառավարությունից ասա, էս կառավարությունն ինչ ա»,- ասում է Ապրեսը:

Չկալով համայնքի 2018թ.-ի բյուջեն կազմում է  5 մլն 162.5 հազար դրամ: Դրանից 4,5 մլն դրամը կազմում է աշխատավարձը: Համայնքի բյուջեով հնարավոր չէ զարգացնել գյուղը: Համայնքի զարգացման 2017-2021թթ.-ի 5-ամյա ծրագրով գյուղապետ Ռոման Շաքարյանը ակնկալում է բարելավել բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները: Գյուղապետը կարևոր հիմնահարցեր է համարում Չկալովում մշակույթի տուն կառուցելը, գյուղի փողոցների լուսավորության ցանցի վերականգնումն ու ընդլայնումը: Այս խնդիրները լուծելու համար համայնքի բյուջեն միջոցներ չունի:


Ռոման Շաքարյանը

Մեզ հետ զրույցում Ռոման Շաքարյանը առաջնային համարեց Չկալովի գազաֆիկացումը, նախադպրոցական ուսումնական հաստատության ստեղծումը: Այս պահին Չկալովում 17 մանկապարտեզահասակ երեխա կա: Չկալով համայնքի  խոշորացումը պետք է տեղի ունենա այս տարվա հոկտեմբերին: Գյուղը միանալու է Դսեղ համայնքին: «Խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությանը միանշանակ առաջադրելու եմ իմ թեկնածությունը»,- հայտնեց Ռոման Շաքարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter