ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Չկալովում երկհարկանի տունը փլուզման եզրին է. տանտերերը չեն կարողանում նոր տուն կառուցել



Չկալովի 2-րդ փողոցի թիվ 31 երկհարկանի տունը փլուզման եզրին է: Տունը պատկանում է չկալովցի Էդվարդ Շաքարյանին: Այն կառուցվել է 1960–ական թվականներին, 1988-ի երկրաշարժից հետո տան վրա առաջացել են ճաքեր, որոնք տարիների ընթացքում լայնացել են: Տունը արդեն թեքված է: Ձախակողմյան կողային պատը սողում է: Մեծ ճեղքվածք կա հետին պատին: Հետևի պատով տունը բաժանված է երկու մասին: Պատին հենած երկաթբետոնե երեք սյուները այլևս չեն կարող փլուզումից փրկել տունը:

Տանտիրուհի Սիրան Միքայելյանը ասում է, որ այս պահին վթարային տանը մնացել են ինքը և ամուսինը: Տղան ու հարսը թոռնիկի հետ մեկնել են Ռուսաստան: Սիրանի խոսքով՝ գյուղապետ  Ռոման Շաքարյանը բնակարանի վիճակի մասին տեղյակ է պահել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Վերջինս պատասխանել է, թե չեն կարող օգնել վթարային տան բնակիչներին՝ միջոցներ չունենալու պատճառով:

«Երևի հեռուստառեսության բոլոր ալիքները մեր տունը ցույց են տվել: Քանի անգամ լրագրողներ են եկել, տունը նկարել են, բայց ոչ մի արդյունք  չկա»,-դժգոհեց հուսահատ կինը:

Տան վիճակը ուսումնասիրվել է նաև արտակարգ իրավիճակների նախարարության կողմից: Որոշել են, որ տունը 4-րդ կարգի վթարային է և բնակիչներին առաջարկվել է անհապաղ դուրս գալ բնակարանից: Սիրանը բացատրում է, որ Չկալովում նորմալ տուն չկա, որ տեղափոխվեն այնտեղ ապրելու:

Սիրան Միքայելյանը

«Ես առողջական խնդիրներ ունեմ, չեմ կարողանում աշխատել, տանը գործ անողը ամուսինս է: Խոհանոցի պատերին արդեն ահագին բացվածք կա»,- ասաց Սիրանը:

ԱԻՆ-ը եզրակացրել է՝ տունը սողանքային է և այլևս հնարավոր չէ վերականգնել: Տան տերերը պետք է այլ վայրում  տուն կառուցեն:

«Ախր մենք բոլորովին հնարավորություն չունենենք, հազիվ գոյատևում ենք: Տունը արդեն սողում է, գնում է: Ես շաքար ունեմ, ասթմա ունեմ: Ես դեղով եմ ապրում»,- ասում է Սիրան Միքայելյանը:  

Երեկ Չկալովի գյուղապետ Ռոման Շաքարայնը հայտնեց, որ միջոցներ և տուն է որոնում՝ վթարային տան բնակիչներին տեղափոխելու համար:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ