Երեքշաբթի, 17 հուլիսի

Ում համար են գրվում համայնքների զարգացման ծրագրերը



Տարբեր հարթակներում բազմիցս քննարկվել է այն հարցը, որ համայնքների զարգացման ծրագրերը հիմնականում ձևական բնույթ են կրում, և տարիներ շարունակ copy past տարբերակով, երբեմն անգամ առանց բնակավայրերի անունները, վիճակագրական տվյալները փոփոխելու, հաստատվում են ավագանիների կողմից: Ոչ բոլոր համայնքների ծրագրերում են արտացոլվում համայնքի իրական կարիքները, դրանց լուծման մեխանիզմները:

Երբեմն շրջանառության մեջ է դրվում ընդհանուր «շաբլոն», որը լրացվում է համայնքի աշխատակազմի որևէ աշխատակցի կողմից:

Շատ հազվադեպ քաղաքացիական նախաձեռնությամբ համայնքային իշխանություններին առաջարկվում է աջակցել զարգացման ծրագրի մշակման գործընթացին, սակայն այդ դեպքում անգամ, տեղական իշխանությունները հանրային քննարկումներ չեն կազմակերպում: Համայնքի խնդիրների լուծման առաջնահերթության որոշման համար բնակիչների ձայնը լսելի չէ, հանրային կարծիքը հաշվի չի առնվում:

Սույն ուսումնասիրությամբ նախատեսվում է ներկայացնել, թե Սյունիքի մարզի Տաթև, Գորիս, Տեղ խոշորացված  համայնքների 2016-20 թթ. հնգամյա զարգացման ծրագրերում ինչպիսի վերլուծություններ, կանխատեսումներ են կատարվել, արդյոք նախատեսվող գործողություններով հնարավոր է ապահովել համայնքի զարգացումը, որքանով է այն համապատասխանում օրենքով նախատեսված պահանջին, ըստ որի՝ «Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության եւ առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական եւ մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը» (Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք, հոդված 82):

       Մաս 1-ին .  Զարգացման ծրագիր՝ չհուսադրող կանխատեսումներով

Սյունիքի մարզի  բազմաբնակավայր համայնքներում հնգամյա  զարգացման ծրագրի ընդունման «առաջամարտիկը» Տաթև համայնքն է. Այն «մշակվել է  Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարին կից գործող համայնքի զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման գծով խորհրդակցական մարմնի կողմից»: Թե այլ ինչ գործառույթներ է ունեցել վերջինս, արդյոք շարունակվում են նրա լիազորությունները, համայնքի պաշտոնական կայքում որևէ տեղեկություն հնարավոր չեղավ գտնել:

«Համայնքի ամենօրյա փաստաթուղթը», ինչպես նշված է ներածության մեջ,  «ներառում է նաև Տաթև համայնքի ղեկավարի և ավագանու անդամների նախընտրական ծրագրերի բաղադրիչները»: Որքանով են դրանք առնչվում համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի պատմական անցյալի, նշանավոր մարդկանց կամ գոյություն ունեցող ավանդույթների, լեգենդների հետ, դժվար է գուշակել, սակայն 222 էջից բաղկացած ծրագրում (որտեղ որոշ նախադասություններ կազմված են մոտ 100 բառից)  տեղ են գտել նաև համայնքի զարգացման հեռանկարի հետ էական կապ, դերակատարություն չունեցող տեղեկությունները, փաստեր, անուններ, որոնք «ծանրամարս» են դարձրել  ծրագիրը: Որոշ տեղեկություններ դպրոցական դասագրքի մակարդակի են, ինչպես, օրինակ, նշումներն այն մասին, որ «Տաթև համայնքի կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերի բնակիչներն ավանդապաշտ և ավանդապահ են՝ միաժամանակ անտարբեր չլինելով նորի նկատմամբ: Պատմության մեջ կան փաստեր, որոնք վկայում են Տաթևի բնակչության ըմբոստ բնավորության մասին: Ավանդաբար պահպանվել են նվիրվածությունը և հարգանքը ընտանիքի նկատմամբ» և այլն:

Ծրագրում չկա վերլուծություն, որևէ դիտարկում, թե օրինակ, ինչ դերակատարություն ունի Տաթևեր ճոպանուղին Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման կենտրոնի հավակնող Տաթև համայնքի զարգացման, մարդկանց կյանքի որակը բարելավելու գործում: Մյուս կողմից, որոնք են այն խնդիրները, որոնց լուծմամբ հնարավոր է զարգացնել զբոսաշրջությունը:

Ընդհանուր առմամբ, Տաթևի զարգացման ծրագիրը համայնքի առկա իրավիճակի նկարագրությունն է՝ ավելի հաճախ ոչ էական նշանակություն ունեցող նպատակային տեղեկություններով համալրված, ինչպես, օրինակ, գրեթե բոլոր բնակավայրերի համար քաղաքաշինություն և կոմունալ տնտեսություն բաժնում նշվում է, որ «Բնակավայրի աղբահանությունը կատարվում է շաբաթական մեկ անգամ՝ շրջիկ մեքենայի միջոցով: Բնակիչները կենցաղային աղբը հավաքում են համապատասխան տարաների մեջ, այնուհետև աղբահավաք մեքենայի շրջելու օրը տեղակայում տների մոտ (կամ մայթերին): Շրջիկ մեքենային կցված բանվորը աղբը հավաքում և լցնում է մեքենայի մեջ: Փողոցներում տեղադրված են փոքր աղբամաններ, որոնք ծառայում են հիմնականում անցորդների և զբոսաշրջիկների համար»:

Շատ են անհարկի  տեղեկությունները նաև ավագանու կողմից ընդունված որոշումների, համայնքային ենթակայության հիմնարկների ծառայությունների գների, հաստիքացուցակների, դրույքաչափերի մասին, որոնց մասին տեղեկությունները հնարավոր է գտնել նաև պաշտոնական կայքում: Ի դեպ, վերջինիս առումով որոշ հետաքրքրական փաստեր կան, որոնց թվում և այն, որ համայնքի կազմում ընդգրկված Քաշունի բնակավայրում, որտեղ պաշտոնական տվյալներով առկա տնային տնտեսությունների թվաքանակը կազմում է 6, մշակույթի տան տնօրենի առանձին հաստիք է նախատեսվել, այն դեպքում, երբ վարչատարածքային բարեփոխումների հեղինակները որպես համայնքների խոշորացման ակնկալվող արդյունք, նշում են համայնքային բյուջեի արդյունավետ օգտագործումը:

Զարգացման ծրագրում հակասական տեղեկությունները քիչ չեն, ինչպես, օրինակ, նշվում է համայնքում առողջապահական հիմնարկների անմխիթար վիճակի, բնակչության առողջության առաջնային պահպանման հարցի լուծման անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ այն դիտարկվում որպես համայնքի ուժեղ կողմ: Հետաքրքրական է, որ վերլուծելով Տաթևի զարգացման հնարավորությունների ուժեղ կողմերը,  նշվում է «տարածաշրջանում հասարակական կազմակերպությունների լայն սպեկտրի առկայությունը (խոշորացումից հետո առավել տարածված), լրատվամիջոցների առկայությունը, այն դեպքում, երբ տեղեկատվության մատչելիության խնդիրը համընդհանուր մտահոգության թեմա է մարզի համար: Անգամ համայնքի պաշտոնական կայքէջը օպերատիվ տեղեկատվություն չի հրապարակում. այստեղ տեղադրված վերջին տեղեկությունը համայնքի ղեկավարի շնորհավորանքն է ուսուցչի օրվա առթիվ և թվագրված է 2017թ.հոկտեմբերին :

Հնգամյա ծրագրի  զարգացման միտումների ցանկում որևէ անդրադարձ չկա զբոսաշրջության կենտրոնի հավակնությանուն ունեցող Տաթևում տնտեսության այդ ոլորտի զարգացման հեռանկարին, փոխարենը՝ «Զարգացման հիմնական ուղղությունների իրականացման գործընթացում խիստ կարևորվում է տեղական իշխանությունների, համայնքի բնակչության, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և գործարարների համատեղ գործունեությունը, ինչպես նաև համագործակցությունը պետության և դոնոր կազմակերպությունների հետ՚:

                          

Ի տարբերություն համայնքի զարգացման իրավիճակային  գնահատման վերլուծության՝ Տաթևի զարգացման ծրագրում մանրամասնված է տարբեր բնակավայրերում նախատեսվող, ընթացիկ, ակնկալվող վաթսունից ավելի ծրագիր, նախաձեռնություն, որոնց հիմնական մասի իրականացումը 2016-2020թթ. ժամանակահատվածի համար իրատեսական չէ: Մյուս կողմից, դրանց ցանկում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում գտնվող գործառույթները, որոնք ներկայացվում են որպես համայնքի զարգացման միջոց:

Ներկայացված խնդիրները հիմնականում տարանջատված են ըստ բնակավայրերի, ոլորտների, ֆինանսավորման հնարավոր աղբյուրների, կցված են ֆինանսական հաշվարկները, ակնկալվող արդյունքները, նաև գործողությունների պլանները:  

 

Նշված ծրագրերի իրականացման նպատակով նախատեսվում է տեղական բյուջեից ծախսել 954 միլիոն 620 hազար դրամ, որի մոտ 66 տոկոսն ուղղվում է համայնքային  իշխանության պարտադիր լիազորությունների կատարմանը՝ կառավարման ապարատի. համայնքային ենթակայության հիմնարկների (մանկապարտեզ, երաժշտական դպրոց և այլն) պահպանման, բնակչության սոցիալական օգնության տրամադրման, աղբահանության կազմակերպման համար և այլն:

Մնացորդ 315 միիոն դրամը  բաշխվել է համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերի խնդիրները 5 տարվա ընթացքում լուծելու նպատակով: Դրա համար հիմնականում հաշվի է առնվել բնակավայրի բնակիչների թիվը: Այսինքն՝ գումարը մոտավորապես բաշխվել է համայնքի ընդհանուր բնակչության կազմում յուրաքանչյուր բնակավայրի բնակչության տեսակարար կշռին համամասնորեն:

 

Ծրագրերի առաջնահերթությունների որոշման համար հիմք են ընդունվել մի շարք չափանիշեր՝ շահառուների թիվ, համայնքի կարողությունների հզորացում, իրատեսականություն, հրատապություն: Արդյունքում էականորեն նվազեցվել են փոքր համայնքների զարգացմանն ուղղված միջոցները:

 

Բնակավայրերի ոլորտային ծրագրերը գնահատվել են ըստ առաջնահերթության, այնուհետև, ընտրվել և համայնքի ոլորտային ծրագրերի աղյուսակում ներկայացվել է յուրաքանչյուր բնակավայրից առաջնահերթություն շահած այնքան ծրագիր, որոնց իրականացման համար բավարարում են գալիք 5 տարվա կանխատեսումների շրջանակներում տվյալ բնակավայրին բաժին հասնող ֆինանսական միջոցները: 

Համայնքի բնակավայրերում ոլորտային ծրագրերի իրականացման համար դոնորներից ակնկալվում է մոտ 240, իսկ պետբյուջեից՝ 570 միլիոն դրամ:

Բյուջեի մուտքերի կանխատեսմամբ, նախատեսվում է, որ 2020 թվականին համայնքի բյուջեի մուտքերի ցուցանիշները  կաճեն գրեթե կրկնակի, սակայն հիմնականում պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Համայնքի կողմից մատուցված  ծառայություններից համայնքի բյուջեի մուտքերը  մեծ չեն, օրինակ՝  հողի  հարկի ավելացում 2017-20 թթվականների համար, չի կանխատեսվում, մինչդեռ Զարգացման ծրագրում որպես առաջնահերթություն, նշվում է այն մասին, որ նախատեսվում է տարեցտարի բարելավել համայնքի ֆինանսական դրությունը` իրականացնելով համայնքի բյուջեի հարկային եկամուտների գանձման, ոչ հարկային եկամուտների, տեղական տուրքերի ու վճարների սահմանման և գանձման արդյունավետ քաղաքականություններ:

Տաթևի հնգամյա զարգացման ծրագրում ընդգրկվել են նաև համայնքի հիմնական ցուցանիշների կանխատեսումներ, ըստ որի, 2014 թվականի համեմատ 2020 թվականին համայնքի բնակչության թիվը կնվազի, բայց 2016-ի համեմատ կավելանա 93 մարդով: Ըստ կանխատեսումների, համայնքում անհատական բնակելի տների թիվը կմնա անփոփոխ, ինչն ըստ էության ենթադրում է, որ բնակարանաշինություն չի իրականացվի. այն դեպքում, երբ համայնքում, ըստ նույն ծրագրի, 266 հոգի բնակարանի կամ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունի: Բացի այդ  բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների մեծ թիվը դիտարկվել է որպես համայնքի թույլ կողմ:

Համայնքի զարգացման 2016-2020թթ. հնգամյա ծրագրի հիմնական նպատակների մեջ նշվել է, այն մասին, որ նախատեսում են ունենալ բարեկարգ բազմաբնակարանային ֆոնդ, բայց տների, շենքերի ավելացման կանխատեսում չի արվում:

Համայնքում 2018-20թթ երեխաների աճ ևս չի նախատեսվում: Անփոփոխ կմնա սովորողների թիվը, փոխարենը, ենթադրվում է, որ կավելանան կենսաթոշակառուները:

Ընտանեկան նպաստների պետական համակարգում համայնքից գրանցված է 250 մարդ: Ծրագրում ներառված բազմաթիվ խնդիրների լուծումից, մասնավորապես, որոշակի ներդրումներից հետո անգամ, ըստ կանխատեսումների, չի կրճատվի սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը՝ հնգամյա տարիների համար մնալով նույն ցուցանիշը:

Սոցիալական խնդիրների լուծման արդյունավետ միջոց է դիտարկվում համայնքային բյուջեի սոցիալական նպաստներ հոդվածով նախատեսված գումարների ավելացումը, որով, սակայն, համայնքի մարդկանց կյանքի որակը դժվար թե բարելավվի:

 

շարունակելի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. կյորիսցի12:44 - 12 ապրիլի, 2018
ա պալա թղթեր պտի ըլի որ սիրուն ըլի, միջին կիրյածը հինչ կարեվեր ա - տյա կրթալու հմար չի!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ