HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ազդարարը կկարողանա կոռուպցիայի կամ հանցագործության մասին անանուն ինֆորմացիա ուղարկել լրատվամիջոցի

Այսօր` ապրիլի 12-ին, Կառավարության առաջին դռնփակ նիստն է, օրակարգում ներառված է 62 հարց, որից 37-ը՝ չզեկուցվող: Զեկուցվող հարցերի թվում է Արդարադատության նախարարության ներկայացրած «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» հարցը: Հիշեցնենք, որ խորհրդարանն ընդունել է «Ազդարարման մասին» օրենքի նախագիծը, որը հանրության շրջանում հայտնի դարձավ ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի ձևակերպմամբ՝ գործ տալու ինստիտուտ անունով:

Ըստ նախագծի հիմնավորման՝ «Կոռուպցիայի դեմ պայքարը վաղուց արդեն դուրս է եկել ազգային, ներպետական կարգավորման շրջանակներից և դարձել միջազգային հանրության հոգածության առարկա: Այս ոլորտում ազդարարների պաշտպանությունը հանդիսանում է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առանցքային երաշխիքներից մեկը»:

Ուստի, նախատեսվում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով ազդարարը, այսինքն` կոռուպցիայի դեպքի մասին հայտնողը, կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին: Կառավարության լիազոր մարմինն էլ երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը: Ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով:

Էլեկտրոնային պորտալում լինելու է «ազդարարել» կոճակը, որի միջոցով անձին հնարավորություն է ընձեռվում ազդարարել կոռուպցիոն բնույթի դեպքի, պաշտոնի չարաշահման և այլ դեպքերի մասին: Ազդարարելու համար պետք է ներբեռնել TOR համակարգը՝ անանունությունն ապահովելու համար: Այնուհետև անձը մուտք է գործում կայքէջ TOR համակարգի միջոցով, որտեղ հայտնվում է «ուղարկել փաստաթղթեր» պատուհանը:

Նախագծում նշվում է նաև, որ լինելու է պատուհան` «ընտրել լրատվամիջոցը», որի միջոցով անձը ընտրում է այն լրատվամիջոցը, որին ցանկանում է ուղարկել իր ազդարարումը, այսինքն՝ ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ փաստաթղթերն ուղարկվում են տվյալ լրատվամիջոց: Անանուն եղանակով հաղորդման ներկայացման դեպքում հաղորդողի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով: Համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու նպատակով անհրաժեշտ է միասնական էլեկտրոնային հարթակ մուտք գործել ՏՈՌ (TOR), Օպերա (Opera) կամ Օպերա Մինի (Opera Mini) ցանցային դիտարկիչների (browser) միջոցով:

Համակարգը գործելու է հուլիսի 1-ից:

Ըստ օրակարգի՝ նախագիծը Կառավարությանն է ներկայացրել Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter